Նորություններ
Տպել

  Մարտի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ., թուրքագետ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանի հեղինակած «ՀԱՄՇԵՆԸ ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ներկա էին հեղինակի գործընկերները, ուսանողներն ու հարազատները: Իր ողջույնի խոսքում Լուսինե Սահակյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր աջակցել են իրեն ֆիլմի նկարահանման ընթացքում: 

 «Ֆիլմում ներկայացված է 18-րդ դարում Օսմանյան կայսրությունում բռնի իսլամացված համշենահայության սերունդների ներկա վիճակը։ Այսօր նրանք հիմնականում ապրում են Թուրքիայի Ռիզեի, Էրզրումի և Արդվինի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և այլ քաղաքներում։ Նկարահանումները կատարվել են 2010, 2011 և 2012 թվականներին Թուրքիայի Արդվինի, Ռիզեի և Էրզրումի նահանգների համշենցիների բնակավայրերում դաշտային աշխատանքների ժամանակ»,- ասաց Լուսինե Սահակյանը: 

 Լուսինե Սահակյանի հեղինակած «Համշենը անցյալի ու ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը  2012 թ. դեկտեմբերի 2-ին Հոլիվուդում կազմակերպված «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնում «Ճշմարտությունը տեսնելու և այն ասելու քաջության համար» արժանացել է Մեծ Եղեռնի ականատես, գերմանացի սպա, գրող և հրապարակախոս Արմին Վեգների անվան Մարդասիրական մրցանակին։ Այն առաջին անգամ է տրվում Հայաստանի ներկայացուցչին։

 Ֆիլմի սցենարի խմբագիր և բարբառային տեքստերի թարգմանիչը «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիրը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանն է, ով նույնպես մասնակցել է վերոնշյալ դաշտային աշխատանքներին։ Նրա գրչին են պատկանում համշենահայերի պատմությանը, բարբառին և բանահյուսությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ և գրքեր։

 Ֆիլմում տեղ են գտել դրվագներ Համշենի հայկական երբեմնի հզոր իշխանության պատմության, նրա բնակիչների բռնի իսլամացման մասին։ Ռիզեի և Արդվինի նահանգներում կատարված բացառիկ նկարահանումների շնորհիվ հանդիսատեսը ծանոթանում է Խոփայի, Չամլըհեմշինի, Արդաշենի, Չայելիի գավառների համշենցիների պարերի, երգերի, նրանց խոսվածքի ու բանահյուսության, հավատալիքների, զբաղմունքի, ինչպես նաև խոհանոցի հետ:  Ներկայացվում են նաև ինքնության հետ կապված համշենցիների ընկալումներն ու նրանց ժողովրդագրական պատկերը:  

 Լուսինե Սահակյանը դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ Ունի մի շարք գիտական հրապարակումներ՝ նվիրված Հայաստանի պատմական ժողովրդագրությանը, ինչպես նաև Օսմանյան կայսրության՝ Արևմտյան Հայաստանում վարած իսլամացման, տեղանունների թուրքացման, հարկային քաղաքականության ուսումնասիրմանը։ Հեղինակ է երեք գրքերի՝ «Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանունները և ժողովրդագրությունը 16-րդ դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում» (Երևան, 2007, 307 էջ), «Տեղանունների թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» (Մոնրեալ, 2010, 2011, 70 էջ, անգլերեն, հայերեն, ռուսերեն), «Համշենի մանրատեղանունները» (Երևան, 2012, 175 էջ, հայերեն, թուրքերեն, ռուսերեն)։ Դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում, ԱՄՆ-ում, Իրանում, Ֆրանսիայում։

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am