Նորություններ
Տպել
Գեղամ Բաղդասարյան
Թոմաս Դե Վաալ

 2014 թվականի սեպտեմբերի 8-ին «Հաշտեցման ռեսուրսներ» բրիտանական կազմակերպության (Conciliation Resources) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Ղարաբաղյան հակամարտություն. փակուղի, թե նոր հնարավորություններ» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջև» գրքի ոուսերեն թարգմանության երկրորդ հրատարակության առիթով։ Քննարկման մասնակիցներն էին քաղաքագետներ և լրագրողներ Թոմաս դե Վաալը, Գեղամ Բաղդասարյանը, Միքայել Զոլյանը և այլոք:

 «Սև այգին» գրքի համար կատարված ուսումնասիրությունները հիմնված են 2000-2001 թթ. հեղինակի վարած 120 հարցազրույցների վրա, որոնք լրացված են ականատեսների վկայություններով և միջնորդավորված աղբյուրներից ստացված նյութերով: Ըստ հեղինակի՝ գիրքը առաջին քայլն է մի դաշտում, որտեղ բառացիորեն հաշվի են առնվել 2 կողմերի շահերը: Այն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն է և արդի Հայաստանի ու Ադրբեջանի դիմանկարը: Հեղինակը նշեց, որ 2012 թ. նոր հրատարակությունը նախապատրաստելիս հնարավորինս թարմացրել է շարադրանքը՝ փորձելով անփոփոխ թողնել գրքի առանցքը:

«Ես շուրջ 3 ամիս աշխատել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, նույնքան էլ Ադրբեջանում: Հայտնվելով Ադրբեջանական կողմում՝ ինձ համոզիչ էր թվում, թե իրենք զոհեր են, թե հայերը զավթել և վերահսկում են իրենց տարածքի շոշափելի մասը: Այնուհետև, հատելով  սահմանագիծը և հայտնվելով հայկական կողմում,  սկսում էի հակամարտությանը նայել հայի աչքերով, որ հայերն այլ ընտրություն չունեին, նրանց այլ բան չէր մնում, քան կռվել սեփական ինքնության և իրավունքների պահպանման համար: Միայն 3-4 անգամ սահմանագիծը հատելուց հետո սկսեցի ինձ «պատրաստված» զգալ դեպքերը շարադրելու գործում»,- նշում է հեղինակը:

 Թոմաս դե Վաալը բերեց այն փաստարկը, որ այդքան ժամանակ ամեն ինչ մտել է փակուղի, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իր հիվանդագին մտասևեռվածությունը՝ սեփական երկիրը համարելով հակահայկական, ըմբոշխնելով Հայաստանի համեմատ ավելի հզոր լինելու նորահայտ զգացումը, իսկ Հայաստանի ուղերձն էլ Ադրբեջանին պարունակում է հաղթողի հպարտ արհամարհանք:

 Միքայել Զոլյանը իր խոսքում նշեց, որ Թոմաս Դե Վաալը օբյեկտիվորեն վերարտադրել է այն, ինչ տեսել է: «Իհարկե, գրքում կան հատվածներ, որոնք անընդունելի են, անսպասելի, և դրա համար էլ միտքը ծանր է մեզ համար: Բացի այդ թեման ցավոտ է թե՛ մեր, թե՛  հարևան երկրի համար, ինչն էլ ստիպում է ավելի էմոցիոնալ մոտեցում ցուցաբերել գրքում արտահայտված յուրաքանչյուր մտքին»,- ավելացրեց Մ. Զոլյանը:

 Գեղամ Բաղդասարյանն էլ իր հերթին ընդգծեց, որ դեռևս 2003 թ., երբ լույս տեսավ գրքի առաջին տարբերակը, հակամարտության կողմերը պատրաստ չէին քննարկել և ընդունել չեզոք նյութ, իսկ դա խոսում է այն մասին, որ գիրքը ունեցել է իր արժեքը, իր ասելիքը: «Վերջի հրատարակված տարբերակը տարբերվում է նախորդներից, քանի որ այստեղ կան ավելի շատ իրատեսություն և ավելի քիչ լավատեսություն»,- նշեց Գեղամ Բաղդասարյանը:

 Քննարկման վերջում հեղինակը շնորհակալություն հայտնեց թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են իրեն գրքի լույս տեսնելու հարցում:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am