Նորություններ
Տպել

 

  Մարտի 6-ին Երևանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառման ընթացքում հանրությանը ներկայացվեց նաև Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը:

 ԵՊՀ պամության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Պետրոս Հովհաննիսյանի գիտական անցած ուղին գնահատելու և նրա հիշատակը հարգելու էին եկել գործընկերները, հարազատներն ու ուսանողները:

 Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ներկայացուցիչներ և այլք:

 Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով հուզմունքով ներկայացրեց գործընկերոջ անցած ուղին: «1972 թ.-ին այս դահլիճում առաջին անգամ ծանոթացա Պետրոս Հովհաննիսյանի հետ: Նա վառ անհատականություն էր, դասախոս, գործընկեր, ում սիրում ու հարգում էին բոլորը: Պրոֆեսորը այն  մարդն էր,ով  մոռացության փոշուց հանեց մեծ հայագետի՝ Նիկողայոս Ադոնցի արժեքավոր աշխատությունները, որոնց 7-րդ հատորի շնորհանդեսին, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել»,-նշեց Արամ Սիմոնյանը:

 Այնուհետև Էդիկ Մինասյանն էլ ներկայացրեց պրոֆեսորի, ճանաչված պատմաբանի, սիրված դասախոսի ու ազնիվ քաղաքացու կյանքն ու գիտական հարուստ գործունեությունը:  

 «Պրոֆեսորը ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Հայկական գաղթավայրերի պատմություն», «Սփյուռքի պատմություն», «Աղբյուրագիտություն» առարկաները և մի շարք այլ հատուկ դասընթացներ: Մանկավարժական աշխատանքը զուգակցել է գիտական-ստեղծագործական բեղուն աշխատանքին,ինչպես նաև մեծ աշխատասիրությամբ խմբագրել և լույս ընծայել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Պետրոս Հովհաննիսյանը լուրջ ներդրում է ունեցել նաև մատենագրության ոլորտում»,- նշեց ֆակուլտետի դեկանը:

 Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ներկայացրեց երջանկահիշատակ Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով խմբագրված Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը:  

 «Պրոֆեսորի հետ մոտ 26 տարվա հարազատության ու բերակամության ճամփա ենք անցել: Պատիվ եմ ունեցել նախ նրա ուսանողը, այնուհետև կրտսեր գործընկերը լինելու: Նա ոչ միայն փայլուն գիտնական ու հմուտ մանկավարժ էր, այլև բավականին արտիստիկ կերպար, ում հատուկ էր դասախոսություն վարելու միայն իրեն բնորոշ ոճը, ինչի շնորհիվ, ի դեպ, ուսանողները շատ ավելի լավ էին յուրացնում ներկայացվող նյութը»,-ասում է Արտակ Մովսիսյանը:

 Միջոցառման վերջում Պետրոս Հովհաննիսյանի գործընկերներն ու հարազատները ներկաներին մեծ խանդավառությամբ և հուզմունքով պատմեցին պրոֆեսորին առնչվող մի շարք հետաքրքրաշարժ պատմություններ, կիսվեցին լավ հուշերով:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am