Նոյեմբերի 22-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի՝ Արցախյան շարժման հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան լսարանում տեղի ունեցավ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի 20-րդ համարի շնորհանդեսը: Նշենք, որ պարբերաթերթը շուրջ մեկ ու կես տարի է ինչ տպագրվում է Մայր բուհում, որի նպատակի մասին խոսեց թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Վարդանյանը: Նրա խոսքով՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական պարբերաթերթի նպատակն է ներկայացնել ինչպես «Վարդանանք» ակումբի գործունեությունը, այնպես էլ համալսարանական ազատամարտիկների, մերօրյա հերոսների անցած ուղին, մարտական սխրանքներն ու անմնացորդ նվիրումը հայրենիքին՝ նպաստելով բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը:
«Թաթուլ Կրպեյան, Տիգրան Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Նորայր Մարության, Պետրոս Ղևոնդյան, Վարդան Ստեփանյան. այսօր ահա այս շարքին ավելանում է նաև Լեոնիդ Ազգալդյանի անունը: Նրանց մասին գրվել են ծավալուն հոդվածներ, որոնք ամբողջացնում են նրանց մարտական ուղին, սխրանքն ու նվիրումը՝ վեր հանելով հերոսական կերպարը»,- նշեց խմբագիրը:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 74 ամյակին: Ամեն տարի այս օրը Ազգալդյանի անվան լսարանում են հավաքվում մարդիկ, ովքեր ճանաչել, լսել, կարդացել են հերոսի և նրա անցած ուղու մասին:
Շնորհանդեսին ներկա էին Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Լեոնիդ Ազգալդյանի քույրը, մարտական ընկերները, համալսարանական ազատամարտիկների հարազատները, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, թերթի հավատարիմ ընթերցողներ, ակումբի անդամներն ու աջակիցները:
Լեոնիդ Ազգալդյանի մասին իրենց հուշերը պատմեցին մարտական ընկերները: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը խոսեց հրամանատարի, Ազգալդյան անահտի բարոյական ու սրտացավ կերպարի, խիստ ու խստապահանջ հրամանատարի մասին: Վերհիշեց միասին անցած բարդ ու դժվարին ճանապարհը, երբ Ազգալդյանի բարձ պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության շնորհիվ անցել են Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերով և պատվով դուրս եկել ցանկացած առաջադրանքի տակից:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը, ով Ազգալդյանի կուրսընկերն է եղել, ու ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը ևս իրենց հուշերով ու զգացած ապրումներով կիսվեցին ներկաների առջև: Նրանք բարձր գնահատեցին Ազգալդյանի դերը՝ նշելով, որ 27 հաղթանակ տարած և ոչ մի մարտում չպարտված հրամանատարն իր ընդգծված համեստությամբ պատերազմի դաշտում հայտնված յուրաքանչյուր կամավորի ստիպում էր լինել կոկիկ, պատրաստված և պատասխանատու ցանկացած գործողության համար:
Սարգիս Հացպանյանը ներկայացրեց, թե ցանկացած գործողության նախապատրաստվելիս ինչպես էր գործում հրամանատարը՝ հաշվարկելով յուրաքանչյուր քայլը, կետը: Նրա խոսքով՝ Ազգալդյանը իր ջոկատ չէր ընդունում մեռնելու պատրաստ զինվորի, նրան հաղթանակի համար պետք էր պայքարող և ապրելու պատրաստ զինվոր: «Լեոնիդի համար անընդունելի էր այդ պահին կամ հետո քայլերի մասին մտածելը, նա մինչև ողն ու ծուծը չուսումնասիրեր, չհասկանար իր անելիքը, չգնահատեր հետևանքները, երբեք և ոչ մի պարագայում ռիսկի չէր դիմում: Դրա համար ինքն այն հրամանատարն էր, ով մարտի ժամանակ տվեց ամենաքիչ կորուստը, ով գրանցեց հաղթանակներ Արցախի ամենաթեժ մարտական կետերում»,-նշեց Հացպանյանը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ Լեոնիդ Ազգալդյանի անցած ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրություն:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am