Նորություններ
Տպել

  

2015 թ. հոտկեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Քննարկման հիմնական թեման Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերի, վավերագրերի, իրավական և պատմական  մի շարք խնդրիների քննարկման, ցեղասպանությունների հետևանքների վերացման, հատուցման իրավաքաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնումն էր: Երկօրյա գիտաժողովի  զեկուցումների թեման վերաբերում էր Հայոց ցեղասպանության պատմագրության, Հայկական հարցի աշխարհաքաղաքականության, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության արտացոլումն արվեստում, գրականության մեջ, Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներինԳիտաժողովին մասնակցում էին հարյուրից ավելի  պատմաբաններ և ցեղասպանագետներ Հայաստանից, ՌԴ-ից, Գերմանիայից, Հունաստանից, Ավստրիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Կանադայից և Լեհաստանից:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանը իր ողջույնի խոսքը հղեց գիտաժողովի մասնակիցներին: Ներկայացրեց մեկ տարվա ընթացքում Հայաստանում և Սփյուռքում ցեղասպանության պետական հանձնաժողովի աջակցությամբ իրականացված բոլոր գիտական և մշակութային միջոցառումները՝ կարևորելով հատկապես օտարազգի  մասնակիցների  ակտիվությունը միջոցառումներին: Ռ. Մարտիրոսյանի խոսքով՝ այս գիտաժողովը հանրագումարի է բերում մինչ այժմ կատարված բոլոր միջոցառումները:

Այնուհետև մասնակիցներին փոխանցվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը. «Գիաժողովի հարգելի՛ մասնակիցներ, ի սրտե ողջունում եմ ձեզ «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման առիթով: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները: Կարծում եմ՝ այսօր բացվող գիտաժողովն առանձնանում է նրանով, որ կրելով «ճանաչումից` հատուցում» ենթախորագիրը և նվիրված լինելով Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրների լայն շրջանակը հետագայում ավելի խորացված ուսումնասիրելուն՝ միաժամանակ հատուկ ուշադրություն է հատկացնում այդ ծանրագույն հանցագործության հետևանքների վերացման ու հատուցման հիմնահարցերին: Կրկին ողջունելով այս կարևոր գիտաժողովի կազմակերպիչներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային և Երևանի պետական համալսարանին, մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»:

Գիտաժովի մասնակիցներին փոխանցվեց նաև Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ողջունում ենք ԳԱԱ և ԵՊՀ համատեղ իրականացվող գիտաժողովի՝ Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից՝ հատուցում խորագրով միջոցառման մասնակիցներին: Որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ՝ մեր պայքարը, ջանքերը և անելիքները նպատակաուղղված են բարձրաձայնելու 20-րդ դ. Թուրքիայի   կողմից իրականացված մարդասպան քաղաքականության հետևանքների բարձրաձայնմանը և հետագայում նմանատիպ քայլերի կանխարգելմանը, որպեսզի այսուհետև  աշխարհում չոտնահարվի ժողովուրդների ազատ և խաղաղ ապրելու աստվածաշունչ իրավունքը: Մենք մեր պարտքն ենք համարում միջազգային  տարբեր հարթակներում  բարձրաձայնելու նմանատիպ հանցավոր քաղաքական քայլերը»:

 Գիտաժողովի մասնակիցներին փոխանցվեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ  Արամ Ա. ողջույնի խոսքը:  Ելույթով հանդես եկան նաև ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը և ԱՄՆ Հայագետների ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանը:

 «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,  թույլ տվեք գոհունակության  խոսքս արտահայտել  այս գիտաժողովի անցկացման կապակցությամբ և հույս հայտնել, որ այն գիտական նոր պատշաճ մակարդակի վրա կբարձրացնի ցեղասպանության  պատմության ուսումնասիրման և հետևանքների վերացման գործում մեր ջանքերն ու ներդրումները: Տարին սկսեցինք ճանաչում և  հատուցում կարգախոսով  և մեր կատարած քայլերով ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ունի կամային  բարձր հատկանիշներ: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ պայքարելով, պահանջելով խնդրի արդարացի լուծում >>,- ասված է Ա. Սիմոնյանի ելույթում:

 Բացման արարողությանը հետևեց լիագումար նիստ: Պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանը իր զեկույցում  խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և հատուցման հիմնախնդիրների մասին: Անդրադարձավ 1965 թ. Մեծ Եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայի խորհրդարանի կողմից հատուկ բանաձևի ընդունմանը: Այնուհետև ներկայացրեց Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Լիբանանի, Շվեդիայի ԱՄՆ-ի տարբեր նահանգների կողմից ընդունված դատապարտող բանաձևերը: Ա. Մելքոնյանի խոսքով՝ մենք ունենք ևս մեկ խնդիր. դա տարածքային փոխհատուցման պահանջին հասնելն է, որովհետև Հայոց ցեղասպանությունը իրադարձություն էր, երբ հայ ժողովուրդը բացի էթնիկ հողի վրա ֆիզիական  բնաջնջման ենթարկվելուց, միաժամանակ ենթարկվել է նաև հայրենազրկման: Նա հատկապես կարևորեց իրավաքաղաքական դաշտում ձեռքբերումների,  միջազգային փաստաթղթերում  ճանաչողական ռազմավարությունը հայական կողմի ձեռքը վերցնելու խնդիրը:

 Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Շուլգան ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր՝ մասնաորապես ճանաչման և փոխհատուցման խնդրի հետ կապված: Նա կարևորեց ցեղասպանության հետևանքների հաղթահարման մի  քանի կարևոր ուղղություններ՝ պատմական հայրենիքի տարածքային վերամիավորումը, տուժածների ժառանքների ֆինանսական փոխհատուցումը և հատկապես Ցեղասպանության բարոյական ճանաչումը: Արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ. , պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը իր զեկույցում ներկայացրեց դիվանագիտությունն ընդդեմ ցեղասպանության. Անտանտի երեք երկրների 1915 թ. մայիսյան հայտարարագրի նախապատրաստման և ընդունմանն առնչվող մի շարք հարցեր: Խոսեց Օսմանյան կայսրության և Գերմանիայի պարագլուխների կողմից հակազդեցության և հետագա գործողությունների մասին: 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am