Թուրք մտավորական,քրդական խնդրի տեսաբան Իսմայիլ Բեշիկչի Մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիր
 
  Թուրք և քուրդ հասարակակական գործիչների, մտավորականների պատվիրակությունը  Հայաստան այցելության շրջանակներում եղել է Մայր բուհում: Հոկտեմբերի 29-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը:  Նշենք, որ Արևմտահայոց ազգային 4-րդ համագումարին ընդառաջ «Արևմտահայոց ազգային համագումար (ԱԱՀ)» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Գևորգ Սուրենյանց 4-րդ Տփղիսեցի կաթողիկոսի անվան հուշամեդալ, որը կշնորհվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողական պաշտոնական տեսության և քաղաքականության դեմ ներկայացվող տեսությունների հեղինակներին: Այս անգամ հուշամեդալի հասցեատերը թուրք հանրահայտ մտավորական Իսմայիլ Բեշիկչին էր, ով ապացուցել է, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման քաղաքականության շրջանակներում: 
 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա հակիրճ ներկայացրեց հյուրերի հասարակական գործունեությունից որոշ մանրամասներ: Այնուհետև «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ, քուրդ իրավաբան Ռուսան Արսլանը պատմեց Իսմայիլ Բեշիկչիի կատարած գիտական աշխատանքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում վերջինիս ներդրումների մասին: 
 «Իր կյանքի ընթացքում Իսմայիլ Բեշիկչին 38 գիրք է գրել, որից 32-ն արգելված է եղել: Այդ պատճառով մտավորականը բազմիցս է հայտնվել դատական ատյաններում: Դատապարտվել է 248 տարվա ազատազրկման, սակայն միայն 17 տարիներն է անցկացրել բանտերում»,- ասաց  Ռուսան Արսլանը: Նա ավելացրեց նաև, որ Իսմայիլ Բեշիկչիին Եվրոպայից, ԱՄՆ-ից բազմիցս մրցանակների առաջարկներ են արվել, սակայն նա մերժել է՝ պատճառաբանելով, որ գիտության մարդը մրցանակների կարիք չունի: Եվ միակ մրցանակը, որ ընդունել է, «Հրանտ Դինք» միջազգային խաղաղության մրցանակն է եղել:
 Թուրք մտավորական Իսմայիլ Բեշիկչին իր հերթին մանրամասն խոսեց Մերձավոր և Կենտրոնական Ասիայում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների, ցեղասպան թուրք ղեկավարների վարած վայրագ քաղաքականության, դրդապատճառների և հետևանքների  մասին:
 «Հայոց ցեղասպանությունը Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման` թուրք ազգայնականների ծրագրի կարևոր մասն է եղել: Թուրք գործիչները գիտակցում էին, որ ամուր պետություն ձևավորելու համար պետք է մաքրեն տարածքներն այլ ժողովուրդներից՝ քրիստոնյա և մահմեդականների հետ ձուլվել չցանկացող հայերից ու հույներից, քրդերից, որոնք մահմեդական էին, սակայն թուրք չէին, և մի շարք այլ ազգություններից: Այսօր այդ նույն կոտորածներն իրականացվում են քուրդ ժողովրդի հանդեպ»,- ասաց Իսմայիլ Բեշիկչին: Ավելացնենք նաև, որ Բեշիքչին երկու աշխատություն ունի հենց հայոց ցեղասպանության մասին:
Այնուհետև Իսմայիլ Բեշիկչիի գործունեությանը անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ակտիվիստ, քուրդ քաղաքական գործիչ, իրավաբան Օսման Բայդեմիրը: Նա խոսեց ինչպես պատմական դեպքերի, այնպես էլ տարածաշրջանային ներկա հիմնախնդիրների մասին՝ շեշտելով, որ միայն փոխադարձ համաձայնության, հարգանքի և զիջողականության հիման վրա կարելի է ապահովել ապագայի կառուցումը: Նա առաջարկում էր  երիտասարդ սերնդի մտածողությունից հանել թշնամանքը, քարոզել դրականը, լավը՝ չմոռանալով, իհարկե, պատմության մութ ու կեղտոտ էջերը: 
 Քննարկման վերջում Արամ Սիմոնյանը ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալներ շնորհեց Իսմայիլ Բեշիկչիին և Օսման Բայդեմիրին, ինչպես նաև հանձնեց «Հայերը Օսմանյան Կայսրությունում» թուրքերեն գիրքը և Հայաստանի մասին ալբոմներ:
 Իր հերթին Օսման Բայդեմիրը ԵՊՀ ռեկտորին փոխանցեց Դիարբեքիրից բերված հուշանվեր, իսկ Ռուսան Արսլանը բուհի գրադարանին նվիրեց իր հեղինակած մի քանի գիրք և հայտարարեց, որ Իսմայիլ Բեշիկչիի բոլոր գրքերը շուտով իրենց տեղը կգտնեն համալսարանի գրադարանում: