2014 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիբանանահայ հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան Եղիկ Ջերեջյանի «Յաւերժի Ճամբու Կերտիչներէն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին գրողներ, պատմաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ և կառավարության այլ անդամներ: Ներկաներին շնորհավորեց և հեղինակին իր աձանձնահատուկ երախտիքի, շնորհավորանքի խոսքը հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով գիրքը իրոք հավերժի ճամփա է, պայքարի ճամփա: «Գիրքը Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցության ստեղծման և գործունեության վերաբերյալ պատմական ակնարկ է: Այս գրքով Եղիկ Ջերեջյանը տուն է բերել 19-դարի վերջի և 20-րդ դարի սկզբին ազգային-ազատագրական շարժման մեր այն գործիչներին,ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայ ազատագրական շարժմանը, պայքարեցին մեր ինքնության պահպանման համար և դարձան հերոսներ»,- իր խոսքում նշեց Հրանուշ Հակոբյանը: Աշխատության վերաբերյալ իրենց կարծիքը հայնտնեցին նաև պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՍԴՀԿ Կենտրոնական Վարչութեան Ատենապետ Հակոբ Տիգրանեանը, Լիբանանի «Կամար» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի ավագ գիտաշխատող Գեղամ Հովհաննիսյանը և այլոք: Եղիկ Ջերեջյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր թիկունք եղան և հետևողականորեն իր հետ միասին աշխատեցին գրքի լույս ընծայման հարցում: «Ես նպատակ եմ ունեցել այս գրքում ներկայացնել այն մարդկանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել Հնչակյան կուսակցության կայացման գործում և որոնց մասին երբեք ոչ ոք չի խոսել և ոչ մի տեղ չի գրվել: Աշխատությունը նվազ է այն բանի հանդեպ, ինչ այս մարդիկ արել են: Մենք դեռևս շատ պետք է խոսենք իրենց մասին, իրենց ծավալած գործունեությանը արժանին հատուցելու համար»,-եզրափակեց հեղինակը:
|