ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյան


Դեռևս 2011 թ. ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ.,պրոֆ. Գեղամ Պետրոսյանը պատմաբանների և Հայաստանի պատմությամբ հետաքրքրվողների դատին ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920թթ.)» խորագիրը կրող աշխատությունը: Պետրոսյանի ընդգծմամբ գրքի հիմնական նպատակն է եղել Հայաստանի առաջին հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի, ինչպես նաև ոչ խորհրդային ռուսական պետական միավորների միջև տեղ գտած հարաբերությունների լուսաբանումը,այդ շրջանի պատմության օբյեկտիվ ներկայացումը: Նշենք, որ Պետրոսյանը մեզանում թեման համակողմանիորեն լուսաբանող առաջին հեղինակն է: Գրքի բովանդակությունը կառուցված է արխիվային հարուստ նյութերի հիման վրա, որոնց մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում ընթերցողներին: Թեմայի համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-թուրքական կեղծարարության և դրա արդյունքում Հայաստանի մասին բացասական կարծիքի ձևավորմանը: 

 2012 թվականին գիրքը լույս է տեսել ռուսերեն: Այստեղ արդեն նպատակը եղել է իրականությունը ոչ միայն հայախոս լսարանին, այլև ռուս և ռուսախոս այլ ազգի ներկայացուցիչներին՝ հատկապես պատմաբաններին, միջազգայնագետներին, դիվանագետներին, քաղաքագետներին և ընթերցողների այլ շրջանակներին ներկայացնելը:  Գրքում քննության է առնվում նաև հարաբերությունների հաստատման դժվարությունները, պատմական բարդ ժամանակաշրջանը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունները:

Գիրքը բավական արդիական է հենց  հայ-ռուսական  հարաբերությունների 1918-1920 թվականների պատմության ընթացքում տեղ գտած բացթողումները հասկանալու և արդի ժամանակահատվածի համատեքստում ընկալելու համար: