Հակահայկական կեղծարարության խնդիրը հայագիտական համաժողովում«Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում շուրջ երեսունութ հայագետները ներկայացրեցին զեկույցներ Հայոց պատմության, հայապահպանության, Կիլիկյան Հայաստանի, ԼՂԻՄ կարգավիճակի, ինչպես նաև ազգածագման խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ կատարվեց Հայաստանի և այլ երկրների պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունների քննադատությանը: Զեկուցողների մեծ մասը իրենց ելույթներում ներկայացրեցին հայագիտությանը վերաբերող որոշ հայեցակարգային խնդիրների, որոնք դեռևս մնում են չլուծված` շեշտելով որ ճակատամարտում հաղթելը դեռևս լիարժեք հաղթանակ չէ, անհրաժեշտ է նաև կենտրոնանալ գաղափարական պայքարի վրա և չթուլանալ: Տվյալ խնդրին անդրադրձան մասնավորապես Մհեր Հովհաննիսյանը «Համացանցային քարոզչության հակահայկական դրսևորումները» և Էդուարդ Դանիելյանը «Հայաստանի և այլ երկրների պատմության թուրք-ադրբեջանական կեղծարարությունների քննադատությունը» զեկույցներով: Մհեր Հովհաննիսյանը իր ելույթում ընդհանրական քննության ենթարկեց ադրբեջանական և թուրքական 70 հակահայկական կայքերի գործունեության մեթոդաբանությունը, առկա ընդհանրությունները: Նշվեց, որ թուրքական կայքերում գերակշռում են հակահայ գրականության անոտացիոն սկզբունքով ներկայացված տարբերակները, իսկ ադրբեջանականում՝ ամբողջական ծավալով ներկայացված տարբերակները: Ինչը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է ադրբեջանական իշխանության վերնախավի` մասնավորապես Իլհամ Ալիևի համացանցը ադրբեջանական հակահայ «գիտահանրամատչելի» նյութերով ողողելու ուղիղ հրահանգների հետ: Իր հերթին Էդուարդ Դանիելյանը նշեց, որ Արցախյան պատերազմում պարտություն կրած Ադրբեջանը իր կողմից ներկայացվող կեղծարարությունները վերածել է վայրենի ռազմամոլ քարոզչության: Նրանք իրենց կողքին ունեն ցեղասպան իշանությունների օժանդակությունը և ահռելի գումարներ են ծախսում պատմության կեղծարարությամբ սադրիչ ապատեղեկտվություն տարածելու համար: Սակայն իրական մտավոր ուժը ճշմարիտ պատմագիտության կողմն է: ‹‹Արդեն անժխտելի փաստ է, որ Հայաստանում հայագիտության ոլորտում լուրջ աշխատանքներ կատարվում են, բայց գիտաճանաչողական առումով դեռևս ներկայացնելու ու ներկայանալու խնդիր ունենք››-ասաց Է. Դանիելյանը: Համաժողովը ունեցավ կարևոր նշանակություն հայագիտության զարգացման պատմական ընթացքի լուսաբանման, կատարված և ձեռք բերված գիտական ու գործնական ներուժի ներկայացման տեսանկյունից:
|