ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ  

 Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:

 Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ իկատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:

 Նորաստեղծ լաբորատորիան կոորդինացնելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:

  Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:

  Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները.

 

  -Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա),

 -Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը,պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին),

 -Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  

 -Հայ-ադրբեջանական առնչությունները (Ադրբեջանագիտության հայկական կենտրոն)

  -Հայ-վրացական կապերը (Վրացագիտության հայկական կենտրոն),

  -Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Աղբյուրագիտական լաբորատորիա), 

  -Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին),

 -Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը (Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա ):

 -Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը :