Տպագրությունը ուշ միջնադարյան Հայաստանում: Դարաշրջանի մշակութային կյանքի ամենանշանակալից երևույթներից մեկը հայկական տպագրության սկզբնավորումն ու անշեղ վերելքն էր: Հայ վաճառականներն ու հոգևորականները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Եվրոպայում տպագրության գյուտի նկատմամբ:
Հայաստանյան դժնդակ իրականության թելադրանքով, որր բացառում էր տպագրության սկզբնավորումը հայրենիքում, տպագրական աշխատանքներ հնարավոր էր կատարել միայն Եվրոպայում: 1440-ական թթ. Յոհան Գուտենբերգի կատարած տպագրության գյուտն արագորեն տարածվեց մայրցամաքում: Կարճ ժամանակ անց տպարաններ ստեղծվեցին իտալական քաղաքներում: Հայ տպագրության առաջին կենտրոն դարձավ վենետիկը, որտեղ վաղուց ի վեր գոյություն ուներ ազդեցիկ հայ համայնք: Առաջին հայ տպագրիչը՝ Հակոբ Մեղապարտը, այստեղ 1512-1513 թթ. ընթացքում լույս ընծայեց հինգ անուն գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»: Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերը նախատեսված էին ընթերցողների լայն շրջանի համար է իրենց տեսքով նմանվում էին ձեռագիր մատյանների: Հակոբ Մեղապարտի տպարանը գործել է երկու-երեք տարի:
Կեսդարյա ընդհատումից հետո Վենետիկում երկրորդ հայկական տպարանն է հիմնադրել ժամանակի ազատագրական շարժման նշանավոր գործիչ Աբգար Թոխաթեցին (Եվդոկացի): Վենետիկում 1565-1566 թթ. նա տպագրում է ընդամենր երկու անուն գիրք, որից հետո տպարանը փոխադրում է Կոստանդնուպոլիս; Այստեղ 1567-1569 թթ. Ս. Նիկողայոս եկեղեցում տեղավորված տպարանում Աբգարը լույս է ընծայում յոթ անուն գիրք: Այսպիսով, տպագրական գործը դրվում է հուսալի հիմքերի վրա, հաստատվում է հայաշատ միջավայրում: Աբգարի որդի Սուլթանշահը Հակոբ Տերնզցու աշխատակցությամբ թարգմանում և 1585 թ. Հռոմում հրատարակում է Գրիգորյան նոր տոմարը:
Հայկական գրատպության նոր օջախներ են ստեղծվում XVII դ. առաջին կեսին: Գրքեր են լույս ընծայվում Լվովում (1616-1618) և Լիվոռնոյում (1642-1643): Նշանավոր տպագրիչներից էին Հովհաննես Ջուղայեցին, Հովհաննես Քարմատանենցը և ուրիշներ: Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի միաբանները, առանց ծանոթ լինելու եվրոպական տպագրության նվաճումներին, սեփական ուժերով ստեղծում են տպարան և 1638-1650 թթ. ընթացքում հրատարակում մի քանի գիրք: Այդ աշխատանքները նախաձեռնել և ղեկավարում էր Խաչատուր վարդապետ Կեսարացին:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 193-194
Մարգարյան Հ.
Տես նաև՝
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2470
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am