Տիրանի գահակալությունը: Խոսրով 3-րդ Կոտակ Խոսրով Կոտակի մահից հետո նրա որդուն` Տիրանին (339-350 թթ.), Կոստանդիոս II-ը ճանաչել էր հայոց թագավոր, սակայն կայսրությունում պատանդ էին պահվել Տիրանի մի որդին` Տրդատը, և թոռները` Գնելն ու Տիրիթը: Նրանց կյանքը վտանգված էր: Տիրանն ամեն կերպ աշխատում էր երկրի անկախությունը պահպանել` խուսափելով հռոմեա-պարսկական հակամարտության մեջ ներքաշվելու վտանգից: Նա փորձում էր Պարսկաստանի հետ հավասարակշռել հարաբերությունները: Սակայն Սասանյանները շարունակում էին իրենց թշնամական գործողությունները:

 Վրթանես կաթողիկոսի վախճանից հետո նրա որդին` Հուսիկը, կաթողիկոս ձեռնադրվելու համար մեկնել էր Մաժակ-Կեսարիա: Վերադարձին Տափերի կամրջի մոտ նրան դիմավորում է Տիրան արքան: Թագավորն ու կաթողիկոսը հանդիսավորությամբ մտնում են Արտաշատ: Որոշ ժամանակ անց Հուսիկի և Տիրանի միջև հարաբերությունները սրվում են: Կաթողիկոսը հանդիմանում է թագավորին: Երբ Տիրանն իր ուղեկիցների հետ Ծոփքի Բնաբեղ բերդում ցանկանում էր մտնել եկեղեցի, Հուսիկը թույլ չի տալիս և հենց այդտեղ էլ նահատակվում է: Եպիսկոպոսապետ է դառնում Փառեն Աշտիշատեցին, այնուհետև Շահակը` Աղբիանոսի տոհմից:

 Բարդ էին Տիրանի հարաբերությունները նաև նախարարների հետ: Այդ ամենի հետևանքով մեծ կորուստներ կրեցին Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերը, իսկ հայոց զորքերի հրամանատարներ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները հեռացան իրենց տոհմական աշխարհը` Տայք:

 Այդ ժամանակ Հայաստան եկած` Ատրպատականի մարզպան Վարազը, օգտվելով ստեղծված իրավիճակից, դավադրաբար ձերբակալեց Տիրանին, ածուխով աչքերը դաղեց ու տարավ Շապուհի մոտ: Հռոմեական կայսրության հետ շարունակվող հակամարտության ընթացքում պարսից արքան ձգտում էր ասպարեզից հեռացնել Հռոմին աջակցող Տիրանին: Հայ նախարարները փորձեցին ճանապարհին ազատել հայոց թագավորին, բայց հաջողություն չունեցան: Այնուհետև հայ ավագանին Կոստանդիոս կայսեր մոտ պատգամավորություն ուղարկեց` պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու առաջարկով: Շապուհը, իմանալով այդ մասին, ազատ արձակեց Տիրանին: Սակայն վերջինս, լինելով կույր, հեռացավ պետական գործերից և բնակություն հաստատեց Արագածի լանջերին` Կուաշում (Կոշ): Գահ բարձրացավ Տիրանի որդին` Արշակ II-ը (350-368 թթ.):

 

Դանիելյան Է.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am