Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում

 Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում

  Հին դարերից միջնադարին անցման փուլում՝ Հայաստանում հայ Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում, նախարարական համակարգի զարգացումն ընթացավ ավատատիրական (ֆեոդալական) հարաբերությունների ուղիով: Ավատ բառի հիմքում <<ի հավատ>> <<հավատարմությամբ (ծառայել)>> իմաստն է:

 Հայաստանում հասարակական հարաբերությունները հնուց զարգանում էին համապետական` թագավորական հողատիրության պայմաններում: Գյուղական համայնքները հիմնական արտադրող տնտեսություններն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին: Արտաշես 1-ինը հողային բարեփոխությամբ ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը: Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների` ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն` ավատական տնտեսությունների առաջացմանը: Այդ ուղիով հաստատվում էին ավատատիրական հարաբերությունները: Հնուց եկող նախարարական տների կողքին ագարակների և դաստակերտների սեփականատերերը մեծացնում էին մասնավոր հողատիրության բաժինը, մյուս կողմից՝ աստիճանաբար կրճատվում էր գյուղական համայնական տնտեսությունների մասնաբաժինը:

 Հին Արևելքի հելլենիստական այն երկրներում և երկրամասերում (Եգիպտոս, Ասորիք, Փոքր Ասիա), որոնք հիմնականում վերածվել էին հռոմեական նահանգների, ստրկատիրական հարաբերությունների ճգնաժամի պայմաններում անցումը ավատատիրական հարաբերություններին զգալիորեն դանդաղ էր ընթանում:

 Հայաստանում, որտեղ պահպանվել էին մի կողմից՝ թագավորական իշխանությունը, մյուս կողմից՝ պետական հողատիրության վրա հիմնված և արքայական գանձարանի հիմնական հարկատու գյուղական համայնքը, ավատատիրական հարաբերությունների հաստատումը տեղի էր ունենում հասարակության բնականոն զարգացման ճանապարհով: Դրանով էլ պայմանավորված էին նոր հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները  Հայաստանում:

 Հայաստանում ավատատիրությունը սերում էր նահապետական արմատներ ունեցող նախարարական համակարգից, որը հնուց եկող թագավորական իշխանության հետ ամբողջություն էր կազմում:

 Այդ բնականոն ընթացքը խախտեց օտար տերությունների նվաճողական քաղաքականությունը, ինչը հանգեցրեց հայ Արշակունիների հարստության անկմանը 428 թ.: Եղիշեն նշել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին:

 Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում: Հայկական պետականությունը միջնադարում իր դրսևորումներն ունեցավ Մեծ Հայքի Հայոց Արևելից կողմերում` Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, ապա Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության, Սասունի, Արցախի և Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում հայկական իշխանության ու թագավորության ձևերով:

 Ավատատիրական հողատիրության ձևերը: Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան էին: Առավել մեծ տեսակարար կշիռ ունեին պետական` թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները:

 Մեծ Հայքի գերագույն տերը հայոց թագավորն էր: Ավատատիրության խորացմամբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին, հողի խոշոր սեփականատեր էին դառնում նախարարական ընտանիքները: Տրդատ 3-րդ Մեծը հողեր շնորհեց նաև եկեղեցուն: Դրանով իսկ եկեղեցին նույնպես դառնում էր հողի սեփականատեր: Եկեղեցուն վճարվում էր բերքի մեկ տասներորդը, որը կոչվում էր տասանորդ:

 Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող խոշոր մասնավոր հողերը կոչվում էին հայրենական կամ հայրենիք: Թագավորները հաճախակի հողային շնորհումներ էին կատարում: Պայմանական հողատիրության այս կարգի կալվածքները կոչվում էին պարգևականք: Թագավորը տարբեր ծառայությունների համար ցմահ կամ ժառանգաբար այդ կարգի շնորհումներ էր կատարում երկրի ավագանու ներկայացուցիչներին: Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու: Իսկ եթե ստացողը դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները:

 Հողատիրության մի ուրույն ձև էր գանձագին կոչվածը: Գանձագին հողերը մասնավոր էին՝ ենթակա առուվաճառքի: Գնման շնորհիվ իշխաններն ու եկեղեցին ավելացնում էին իրենց կալվածքները:Ժառանգական նախարարական խոշոր հողատիրության աճի հետևանքով թագավորական հողատիրությունը կրճատվում և աստիճանաբար ամփոփվում էր հայոց թագավորին պատկանող տարածքի` Միջնաշխարհում գտնվող ոստանի սահմաններում:

 Միջնաշխարհում գտնվող հողային տիրույթները IV դարում բաժանված էին արքունիքի, նախարարների և եկեղեցու միջև: Արքունի հողային տիրույթների կենտրոնը Ոստան Հայոց գավառն էր՝ Արտաշատ մայրաքաղաքով: Հնուց այն Հայոց աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն էր: Այրարատում` արքունի տիրույթներում, ապրում էին թագավորը, թագուհին ու թագաժառանգը: Այս ժամանակաշրջանում առաջացավ սեպուհական հողատիրությունը: Թագավորական ընտանիքի մյուս անդամները` Արշակունի սեպուհները, հողեր էին ստանում Առբերանի, Աղիովիտ և Հաշտեանք գավառներում:

 Ավատատիրական աստիճանակարգը: Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Դրա հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին` բդեշխներն ու գործակալները:Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական սկզբունքը՝ <<իմ վասալի վասալը իմ վասալը չէ>>:

 Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից:

 Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում: Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը:

 Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները` համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնք կարող էին համալրել միայն հետևակը:

 Թագավորը և պետական կառավարման համակարգը:

 Հայոց թագավորությունների ժամանակներում արքունիքը մայրաքաղաքում էր: Պետությունը, ինչպես հնում, կառավարում էր արքան՝ իր արքունիքով: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու (դեսպանություններ ուղարկելու և ընդունելու, այլ երկրների հետ բանակցելու) գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:

 Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: Ամեն գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ:

 Հազարապետի գլխավորած գործակալությունը (հազարապետություն) երկրի տնտեսական-հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների և կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը:

 Սպարապետության գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը` հայոց սպարապետը: Թագավորական կամ ոստանիկ այրուձին մշտապես նրա տրամադրության տակ էր, իսկ պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում նախարարների զինված ուժերն ու աշխարհազորը:

 Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց սեպուհների դաստիարակությունը:

 Մաղխազության վարչությունը գլխավորում էր մաղխազը` արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը:

 Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը` հայոց կաթողիկոսը: Նա հսկում էր ընդունված օրենքները հատկապես ընտանիքի և եկեղեցու իրավունքի բնագավառում:

 Ասպետության գործակալությունը ղեկավարում էր թագադիր և թագակապ ասպետը, որը պատասխանատու էր պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար:

 Արտաշատի շահապը մայրաքաղաքի քաղաքագլուխն էր` թագավորական տնտեսը: Թագավորն իր ցանկությամբ այդ պաշտոնը հանձնում էր պալատում ծառայող հավատարիմ որևէ ազնվականի:

 Գործակալությունների ղեկավարման իրավունքը դարձել էր խոշոր նախարարական տների արտոնությունը. հազարապետությունը՝ Գնունիների, այնուհետև՝ Ամատունիների, սպարապետությունը՝ Մամիկոնյանների, ասպետությունը՝ Բագրատունիների, մարդպետությունը՝ Մարդպետունիների, մաղխազությունը՝ Խորխոռունիների: Պետական կարևոր փաստաթղթեր էին Գահնամակը և Զորանամակը, որոնք սահմանում էին հայ նախարարների` ազատների և տանուտերերի կարգն՝ ըստ զբաղեցրած պաշտոնական դիրքի, հզորության ու զորաքանակի:

 Գահ նամակով սահմանվում էր յուրաքանչյուր նախարարի տեղը արքունիքում: Ավելի ազդեցիկ նախարարները՝ սահմանակալ նահանգների տերերը՝ բդեշխները, նստում էին անմիջապես թագավորի կողքին՝ հատուկ բարձերի վրա:

 Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին աշխարհաժողովում՝ համաժողովրդական ժողովում, որի պարտականությունները IV դ. երկրորդ կեսից աստիճանաբար անցնում են եկեղեցական ժողովին` հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:

 Բանակը: Ռազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր` հեծելազոր և հետևակ: Հայոց թագավորը և նախարարները որոշակի թվով հեծելազոր էին պահում: Այդ հեծելազորային ուժերը միավորվելով կազմում էին հայոց այրուձին: Հայոց բանակը ամբողջական կազմով հավաքագրվում էր ըստ անհրաժեշտության:

 Թագավորի հեծելազորը կազմված էր ազատներից` ազատ այրուձին, որը գլխավորում էր հայոց սպարապետը: Այն տեղակայվում էր Հայոց աշխարհի ռազմավարական կարևոր կետերում` Ոստան Հայոցում և բանակ արքունի կոչված վայրերում:

 Թագավորական ոստանի պաշտպանությունն իրականացնում էր արքունիքին կից հատուկ հեծյալ ջոկատներից կազմված ոստան այրուձին, որը գլխավորում էին սպարապետը, մաղխազը և մարդպետը: Միևնույն ժամանակ թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած և մշտապես արքունիքում գտնվող մաղխազական այրուձին:

 Թագավորական այրուձին և արքունիքը պահվում էին հիմնականում գանձարանի միջոցներից կատարվող դրամական և բնամթերք նպաստի` ռոճիկի վճարումներով:

 Զորանամակում բերված նախարարական տների հեծելազորի ընդհանուր թիվը հասնում էր 85 հազարի: Ռազմական ոլորտում Պապ թագավորի բարեփոխումների շնորհիվ վերականգնվեց հայոց բանակի հզորությունը:

 Ըստ իրենց զորքերի քանակի՝ ավագ նախարարները համարվում էին բյուրավորներ (Սյունի, Կադմեա), այսինքն՝ 10000-ից ավելի զինվորներ ունեցողներ, և հազարավորներ (Գուգարաց, Աղձնյաց, Բզնունյաց, Բագրատունի, Խորխոռունի և այլք)` 1000 -  4000 հեծյալներ ունեցողներ: Ավելի քիչ հեծելազոր ունեցողները՝ հարյուրավորները, հիսնավորները (Տագրյան, Սոդացի, Գուկանն, Պատսպարունի և այլք) և տասնավորներն էին: Թագավորի կամ նախարարի հայեցողությամբ կազմավորվում էր ռամիկ այրուձին:

 Նետ ու աղեղը, նիզակը, վահանը, պարսատիկը, տեգը, սակրը և այլն կազմում էին հայկական բանակի սպառազինությունը: Կարևոր նշանակություն ունեին քարանետ և պարսպակործան (բաբան և այլն) գործիքները: Բանակի կազմում կային նաև հետախուզական զորամասեր:

 Բնակչությունը: Հայաստանը ազգային միատարրությունը պահպանել է նաև միջնադարում: Հայ բնակչությունն ապրում էր քաղաքներում (Արտաշատ, Դվին, Նախիջևան, Երվանդաշատ, Զարեհավան, Կարին, Խլաթ, Մանազկերտ, Տիգրանակերտ, Վան, Զարիշատ և այլն) և գյուղերում: Շինականները` ազատ և կախյալ գյուղացիները, ունեին որոշ սեփականություն` գյուղական համայնքի հողից մասնաբաժին, տուն, գյուղատնտեսական գործիքներ, անասուններ: Գյուղացու տանն ապրող ընտանիքը կամ գերդաստանը կոչվում էր երդ, որը հարկատու մեկ միավոր էր:

 Ավատատիրության զարգացմանը զուգընթաց՝ գյուղացու կախվածությունը խոշոր սեփականատիրոջից աճում էր: Միջնադարում ևս հիմնական արտադրող օղակը գյուղական համայնքն էր: Տարբեր քաղաքական իրավիճակներում հարկերի ծանրացմամբ կախյալ շինականին լրիվ ընչազրկությունից հաճախ փրկում էր համայնքի աջակցությունը: Հարկերի գանձումը, ինչպես նաև գյուղի ու քաղաքի միջև ապրանքափոխանակությունը հիմնականում կատարվում էին բնամթերքով: Գյուղական կենցաղում իրենց դերն ունեին նաև արհեստավորները (դարբիններ, քարագործներ, ատաղձագործներ և այլն):

 Քաղաքային կյանքը և միջազգային առևտուրը: Հայկական քաղաքային բնակչության մի մասը առևտրականներն ու արհեստավորներն էին: Մայրաքաղաքի և այլ խոշոր քաղաքների հետ մեկտեղ արվեստների ու գիտության կենտրոն էին դառնում վանքերը:

 Հայաստանով միջազգային ճանապարհների անցնելու հանգամանքով էր պայմանավորված առևտրականների խավի բավականին տարաբնույթ լինելը քաղաքներում: Հայերի կողքին կային պարսիկ, ասորի և այլ ազգերի առևտրականներ, որոնք մասնակցում էին Մետաքսի ճանապարհով կատարվող միջազգային առևտրին: Քարավաններ էին գալիս Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից: Չինական մետաքսի հետ մեկտեղ Արևելքից եկող քարավանները բերում էին արևելյան համեմունքներ, մարգարիտ, անգին քարեր և պերճանքի առարկաներ:

 Արտաշատ-Սատաղ մեծ և բարեկարգ ճանապարհի վրա էին Դվինը, Նախիջևանը,Երվանդաշատը, Զարեհավանը, Կարինը: Արտաշատ-Տիգրանակերտ ճանապարհին էին Մանազկերտը` Ապահունիք, Զարիշատը` Աղիովիտ գավառներում: Տիգրանակերտը Փոքր Ասիայից և Միջագետքից եկող ճանապարհների կենտրոնում էր:

 Տնտեսական` արհեստագործական և առևտրական կենտրոնի իր կարևոր նշանակությունն էր պահպանում Վանը: Դվինը դարձել էր խոշոր քաղաք` 100 հազարի հասնող բնակչությամբ:

 Միջազգային առևտրի բնույթից էր բխում տարբեր երկրների դրամների շրջանառությունը Հայաստանում: Արտաշատում հատուկ մաքսատուն կար, որտեղ ներմուծվող ապրանքներից մաքս` բաժ էր գանձվում:

 Հայաստանի վաղմիջնադարյան առևտրական ճանապարհների մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում IV դ. հռոմեական աշխարհագետ Կաստորիոսի կազմած աշխարհագրական քարտեզ-ուղեցույցը, որը կոչվում է <<Պևտինգերյան քարտեզ>>: Հռոմեական կայսրությունում և Հայաստանում գտնվող կայանների միջև ընկած տարածությունը ցույց է տրված հռոմեական մղոններով (մոտ 1,5 կմ): Ի թիվս այլ ուղիների՝ այս քարտեզում նշված է Տիգրանակերտն Արտաշատի հետ կապող արքունի պողոտան:

 Անանիա Շիրակացու <<Մղոնաչափքը>> կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի առևտրական մայրուղիների վերաբերյալ: Ըստ <<Մղոնաչափքի>> տվյալների՝ Դվինից սկիզբ էին առնում վեց մայրուղիներ, որոնք տանում էին դեպի առաջավորասիական երկրների առևտրական կարևոր կենտրոնները:

 Արտաշատում տիրող կարգ ու կանոնին հետևում էին թագավորական տնտեսը` շահապը, և նրա պաշտոնյաները: Նրանք նստում էին քաղաքի միջնաբերդում` դղյակում:Խոշոր քաղաքներում կային բնամթերքով որպես տուրք գանձվող ցորենի և այլ մթերքների պետական շտեմարաններ:Քաղաքային կյանքում կարևոր դեր էր խաղում շուկան: Քաղաքային պարսպից ներս գտնվող շուկայի տարածքում էին առևտրականների խանութները, արհեստավորների գործատները: Արհեստավոր խավի մի մասը սպասարկում էր արքունիքին, իսկ մյուս մասն իր արհեստագործական արտադրանքով մասնակցում էր քաղաքային և ընդհանրապես երկրի ապրանքաշրջանառության մեջ եղած իրերի պատրաստմանը: Մեծ համբավ էին վայելում հայ ճարտարապետները, շինարար և քարտաշ վարպետները:

 Վաղարշապատում հայ վարպետները պալատական շինարարության հետ մեկտեղ մասնակցել են նաև քաղաքի պարիսպների կառուցմանը: Թագավորական պալատը միջնաբերդում էր, որտեղից սկսվում էր ներքին փողոցը: Հենց պալատի առջևում կառուցվեց Մայր տաճարը: Քաղաքի արևելյան դարպասից սկսվող ճանապարհը Վաղարշապատը կապում էր Արտաշատի հետ: Այն կոչվում էր Արտաշատի պողոտա:

 Հայ արհեստավորների` զինագործների, ջուլհակների, ոսկերիչների, ներկարարների և այլոց արտադրանքը (զենքեր, գորգեր և  այլ գործվածքներ, ոսկերչական զարդեր, ներկեր և այլն) հայտնի էր Հայաստանի սահմաններից դուրս: Իր հետագա զարգացումն ապրեց հնուց եկող խեցեգործությունը:

 Մայրաքաղաքում հայ ազնվականությունն ապրում էր միջնաբերդում գտնվող թագավորական պալատին մոտ թաղամասում: Այստեղ էր նաև թատրոնը, ուր ներկայացվում էին ողբերգություններ, իսկ այլ քաղաքներում թատերականացված խաղերը կազմակերպվում էին հրապարակներում: Առևտրականները և արհեստավորներն ապրում էին քաղաքի որոշակի թաղամասերում:

 Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետության հաստատմամբ քաղաքների և գյուղերի կենտրոնական` բարձրադիր վայրերում եկեղեցիներ էին կառուցվում: Եկեղեցաշինությունը Հայաստանի քաղաքների և գյուղերի հատակագծին նոր բովանդակություն էր հաղորդում: Եկեղեցիներին կից կառուցվում էին ծխական դպրոցներ:

 Միջնադարում հայկական քաղաքային կյանքն առանձնապես մեծ վերելք ապրեց Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունների ժամանակներում:

 

Դանիելյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am