Փավստոս Բուզանդ (ծ. և մ. թթ. անհտ), Vդ. մատենագիր, պատմիչ: Ստ. Մալխասյանցի կարծիքով` Բուզանդ մականունը բաղկացած է <<բու>> և <<զանդ>> հնդեվրոպական արմատներից և նշանակում է եղելությունների, զրույցների մեկնիչ: Ըստ նրա` մատենագրի <<Պատմութիւն Հայոց>>-ի իսկական և համապատասխան անունը եղել է <<Բյուզանդարան պատմութիւնք>> բնորոշ հոգնակի ձևով, այսինքն` պատմությունների ժողովածու Բուզանդի:
Փավստոս Բուզանդը երկը շարադրելիս օգտվել է Աստվածաշնչից, վարքաբան-վկայաբան. գրքերից, հայկական նախորդ պատմագիտական գրականությունից, ավանդազրույցներից (<< Արշակ և Շապուհ>>): Պատմագիտական և բանասիրական մեծ արժեք է ներկայացնում երկում զետեղված <<Պարսից պատերազմը>> ժողովրդական ավանդավեպը, որի առանցքը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի մղած հերոսական պայքարի պատմությունն է: Հայրենասիրությամբ տոգորված գիրքը կոչված էր Հայաստանի ծանր կացության պայմաններում բարձր պահել ժողովրդի ազատագրական ոգին, նրան սատարել հայրենապաշտպան պայքարում: Այն միաժամանակ ներթափանցված է քրիստոնեական գաղափարախոսությամբ (երկի գրեթե մեկ երրորդը կազմում են զանազան տեսիլներ, սրբերի վարքագրություններ, հրաշքներ, քարոզներ, խրատներ, վարդապետություններ, աղոթքներ ևն): Երկում բացակայում է ժամանակագրությունը, առկա են անճշտություններ և պատմական դեպքերի ու դեմքերի որոշակի վիպականացում: Մեծ տեղ է տրված Մամիկոնյան սպարապետներին (Վասակ, Մուշեղ, Մանվել)` նրանց ներկայացնելով իբրև քաջահաղթ կռվողներ եկեղեցու, հայրենիքի ու Արշակունի հայ թագավորների պաշտպանության համար: Քաղաքական պատմությանը ներհյուսված ընդարձակ տեղեկություններ են հաղորդվում հայ նշանավոր հոգևորականների մասին: Փավստոս Բուզանդի աշխատությունը երկրորդն է (Ագաթանգեղոսի երկից հետո) իր պատմական արժեքով, որի շնորհիվ հնարավոր է պարզել Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորման և գոյության առաջին հարյուրամյակի պատմությունը: Սկսելով Գրիգոր Ա Լուսավորչի, Արիստակես Ա Պարթևի և նրանց շիրիմների մասին պատմությամբ` հեղինակը տեղեկություններ է հաղորդում հաջորդների վերաբերյալ (Վրթանես Ա Պարթև, Հուսիկ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ), որոնք ժառանգաբար նստել են կաթողիկոս. աթոռին: Փավստոս Բուզանդը նկարագրել է նրանց պայքարը հեթանոսական սովորությունների դեմ, մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, ներքին հակասությունները եկեղեցու և թագավորական իշխանության միջև (Հուսիկ Ա Պարթև և Տիրան, Ներսես Ա Մեծ և Արշակ Բ, Պապ): Կարևոր տեղ է գրավում Ներսես Ա Մեծի գործունեությունը. եկեղեցու բարեկարգում, Աշտիշատի եկեղեցական ժողովի հրավիրում (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ), մասնակցությունը պետ. գործերին, միջնորդությունը հայ-հռոմ. Հարաբերություններին ևն: Անդրադարձել է Գրիգորիսի, Խադ եպիսկոպոսի (տեղապահ), Արտաշատի Զվիթ քահանայի գործունեությանը (վերջինս գերեվարվելով Պարսկաստան` մերժել է մոգությունն ընդունելու Պարսից Շապուհ արքայի պահանջը և նահատակվել):
Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում IV դ. Հայ եկեղեցու կառուցվածքի, Աշտիշատի Մայր եկեղեցու, կաթողիկոսարանի որոշ գործակալությունների մասին: Մեծարժեք է Փավստոս Բուզանդի վկայությունը Ներսես Ա Մեծից հետո Աղբիանոսյանների տոհմից ընտրված Սահակ Ա Մանազկերտցուն (ըստ հեղինակի` Հուսիկ եպիսկոպոս) Պապ թագավորի կողմից Կեսարիա ձեռնադրության չուղարկելու մասին: Կեսարիայի Բարսեղ եպիսկոպոսը ցասումնալից նամակ է գրել Հայոց թագավորին ու կաթողիկոսին և վերջինիս զրկել եպիսկոպոս ձեռնադրելու իրավունքից: Սակայն նրա այդ կարգադրությունը չի կատարվել: Պատմագրի եզակի հաղորդումները (Դանիել եպիսկոպոսի պաշտոնների թվարկում ևն) պատկերացում են տալիս Հայ եկեղեցու վերին ատյաններում կառավարման կարգի մասին. եղել է եկեղեցիների կառավարչի և վերահսկողի պաշտոն (կամ պաշտոններ), որը կենտրոնացվել է Դանիել եպիսկոպոսի ձեռքում: Ըստ հաղորդումների` Տարոնի եկեղեցին (նկատի ունի Աշտիշատի Մայր եկեղեցին) գլխավորն էր բոլոր <<Մայր եկեղեցիների>> թվում: Նշված են նաև Հայ եկեղեցու սրբատեղիները` Հովհաննես Մկրտչի մարգարեանոցը և առաքյալների հանգստարանը: Համաձայն Փավստոս Բուզանդի մեկ այլ վկայության, Աշտիշատի եկեղեցին եղել է <<նախնեաց եկեղեցական ժողովների ժողովատեղին>> (Չորրորդ դպրություն, գլուխ Դ, էջ 119):
<<Պատմութիւն Հայոց>>-ը շարադրված է ճոխ և պատկերավոր լեզվով: Այն հայկական մատենագրության արժեքավոր երկերից է: Առաջին անգամ <<Բիւզանդարան պատմութիւն...>> խորագրով հրատարակվել է 1730-ին, Կ. Պոլսում: Մ. Էմինի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանս. (1867), Մ. Լաուերի թարգմանությամբ` գերմ. (1879): Ստ. Մալխասյանցի աշխարհաբար թարգմանությունը, նրա ներածությամբ և ծանոթագրություններով, հրատարակվել է 1947-ին, Երևանում:
Մաթևոսյան Ռ.
Աղբյուրը՝ <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 1042-1044:
Տես նաև՝
Հայոց պատմություն, Ե., 1987:
Մալխասյան Ս., Ուսումնասիրութիւն Փաւստոս Բիւզանդի պատմութեան, Վնն., 1896:
Գելցեր Հ., Փաւստոս Բիւզանդ կամ Հայկական եկեղեցւոյ սկզբնավորութիւն, թրգմ. Հ. Թորոսյան, Վնտ., 1896:
Բաբայան Լ., Դրվագներ Հայաստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության (V–VIII դարեր), Ե., 1977:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am