Պատմագրությունը վաղ միջնադարյան Հայաստանում: Հայ բազմաբովանդակ մատենագրության մեջ իրավամբ առանձնահատուկ տեղ է հատկացվում պատմագրությանը: V դ. հայ պատմագրությունը արտասովոր վերելք ապրեց համաշխարհային պատմագրության այն բեկումնային փուլում, երբ անկման վիճակում էր գտնվում հունահռոմեական պատմագրությունը, իսկ բյուզանդականը դեռևս պետք է հաղթահարեր սկզբնավորման դժվարությունները: Արգասավորված անտիկ, մասամբ նաև ասորական պատմագրության նվաճումներով՝ V դ. հայ դասական պատմագրությունը վստահորեն դարձավ համաշխարհային պատմագրական մտքի առաջատարներից մեկը: Վաղ միջնադարյան հայկական մշակույթի համակարգում պատմագրության բացառիկ դերը պայմանավորված էր ժամանակաշրջանի առաջ քաշած հրամայական պահանջով: Ռազմական ու քաղաքական առումով իրանական ու հռոմեական զորեղ աշխարհակալությունների ճնշմանը տեղի տալով և զրկվելով քաղաքական միասնականությունից՝ հայ էթնոսը պետք Է լարեր բոլոր ուժերր՝ իր հոգևոր ամբողջականությունն ու ինքնությունը պահպանելու համար: Այդ գերխնդիրը չլուծելու պարագայում հայ էթնիկ հանրությանն անխուսափելի կործանում էր սպառնում: Ելքը մեկն էր՝ կերտել ինքնատիպ ու հարուստ մշակույթ, նպատակասլաց գաղափարախոսական համակարգ, ազգայնացնել քրիստոնեական եկեղեցին, ձեոք բերել հոգևոր անկախություն: V դ. հայ պատմիչները պետք է գիտակցեին և ապա հայ հասարակությանը ճանաչելի դարձնեին իրենց ազգի աոանձնահատուկ (ոչ բացառիկության իմաստով) լինելը, հետևաբար փաստարկեին սեփական ուղիով ընթանալու իրավունքը: Բնական պետք է համարել, որ ինքնահաստատման ճանապարհի առաջին քայլը լինելու էր ինքնաճանաչումը, այսինքն՝ ազգային արմատների վերհանումը: Ստացվում էր, որ ազգային ինքնության գաղափարի ըմբռնման ասպարեզում առավել մեծ անելիքներ ունեին մեր պատմիչները՝ թե' որպես սերունդների հիշողությունը գրառողներ և թե' որպես ժողովրդի դարավոր ուղին իմաստավորող գիտնականներ:
Հայ պատմագրության առաջնեկը հայոց գրերի գյուտի հեղինակ՝ Մեսրոպ Մաշտոցի սան Կորյունի «Վարք Մաշտոցի» երկն էր, որր ստուգապատում աղբյուր է հայ մատենագրության և դպրոցի սկզբնավորման մասին: Դարաշրջանի կրոնամշակու- թային կյանքի կարևորագույն իրադարձությունն է ամփոփված Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» աշխատությունում: Երկում կենտրոնական տեղ է գրավում երկու կրոնաքաղաքական մեծ դեմքերի՝ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ III Մեծի կյանքի ու գործունեության նկարագրությունը: Այսպիսով, հայ պատմագրությունն իր առաջին իսկ արգասիքներով ստանձնում էր ազգային մշակույթի պատմության ավանդման խնդիր: Ժամանակագրական առումով հաջորդ փուլի՝ Տրդատ III-ի որդի Խոսրով Կոտակից մինչև Իրանի և Հռոմի միջև Հայաստանի առաջին բաժանման ժամանակահատվածն ընկած շրջանի (330-387) հայոց պատմությունը ներկայացված է Փավստոս Բուզանդի երկում: Եթե նախորդ հեղինակների աշխատությունների առանցքը կազմում են թեկուզև դարակազմիկ, բայց և առանձին իրադարձություններ, ապա Փավստոս Բուզանդն առածին փորձն է կատարել գրի առնելու, մի ամբողջական ժամանակաշրջանի լիարժեք պատմությունը: Աշխատությունը հաճախ հիմնված է բանավոր ավանդությունների (ժողովրդական վեպի) վրա, նրանում բացակայում է ստույգ ժամանակագրությունը, բայց իր պարունակած հարուստ նյութի շնորհիվ պատմաճանաչողական և գեղարվեստական մեծ արժեք ունի: Բուզանդի երկը անփոխարինելի աղբյուր է վաղ ավատատիրական դարաշրջանի Հայաստանի ներքին կյանքի ու կենցաղի մասին, տիրապետող դասի՝ ազատանու գաղափարաբարոյական ըմբռնումները հասկանալու տեսանկյունից:
Մովսես Խորենացին հայ դասական պատմագրության ամենահռչակավոր ներկայացուցիչն է, հայոց Պատմահայրը: Նրա «Հայոց պատմությունը» հայ պատմագրության գլուխգործոցն է, մեր ազգային մտածողության ակունքներից մեկը, հայերի պատմության առաջին համակարգված շարադրանքը, որ սկսվում է հայերի ծագման ժամանակներից և ավարտվում V դ. կեսերով՝ Խորենացու ապրած ժամանակով: Աշխատությունն աննախադեպ երևույթ է մեր պատմագրության մեջ՝ տարաբնույթ աղբյուրների քննական օգտագործումով, հստակ կառուցվածքով, ստույգ ժամանակագրությամբ, տարածքային ու ժամանակային վիթխարի ընդգրկումով: Պատմահայրը խորապես ըմբռնել է մեր ազգային «ես»-ը, հանդես է եկել հայերի՝ որպես ինքնատիպ էթնիկ հանրության ուրույնության հիմնավորմամբ: Աշխատության մեծագույն արժանիքը նրա գաղափարախոսական նպատակաուղղվածությունն է, ազգային արժեքների համակարգի ստեղծումը: Պատմահոր երկը ավարտվում է հռչակավոր «Ողբով», որր պատմաշրջանի հայ հասարակության բոլոր խավերի անխնա քննադատության միջոցով նպատակ է ունեցել կրթել ու դաստիարակել հետագա սերունդներին ազգային ավանդական բարոյականության ոգով:
V դ. Հայաստանի ռաղմա֊քաղաքական կյանքի կիզակետներն էին ազատագրական պայքարի երկու ցնցող փուլերը՝ Վարդանանց և Վահանանց պատերազմները: Եղիշե պատմիչը վարդանանց պատերազմի (450-451) ականատեսն ու ժամանակաշրջանի անցուդարձերի պատկերավոր պատումի հեղինակն է: Նա եղել է մեր ամենակրթված մատենագիրներից մեկը՝ քաջատեղյակ անտիկ և վաղ քրիստոնեական իմաստասիրական ժառանգությանը: Հայտնի է նաև իր մեկնողական երկերով:
Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատության գեղարվեստական բարձր արժանիքները չեն ստվերում նրա պատմագիտական կարևորությունը: Հայ պատմիչը հանգամանորեն վերլուծում է վարդանանց պատերազմի հետ կապված անցքերի քաղաքական, կրոնագաղափարախոսական և հասարակական-տնտեսական դրդապատճառները և վեր հանում հայերի ընդվզման համաժողովրդական բնույթը: Նրա պատկերացմամբ վարդանանց անձնվեր պայքարն առաջին հերթին պատերազմ էր հանուն հայրենիքի և հավատի, ուստի մարտադաշտում ընկածները սրբության լուսապսակով են օժտված՝ արժանի ընդօրինակման ու փառաբանման: Պատմիչի դավանած սկզբունքը՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն», բնաբան է դարձել սերունդների համար:
Ղազար Փարպեցին V դ. հայ դասական պատմագրության վերջին նշանավոր ներկայացուցիչն է, 481-484 թթ. հակապարսկական, ապստամբության ղեկավար Վահան Մամիկոնյանի մտերիմ անձանցից մեկը: Վերջինիս պատվերով էլ Ղազար Փարպեցին գրել է իր «Հայոց պատմությունը»՝ ընդդրկելով 387 թ. Հայաստանի բաժանումից մինչև Վահանանց պատերազմի հաղթական ավարտը եղած իրադարձություններր:
V դ. հայ պատմագրությունը մեծ արժեք է ներկայացնում ամբողջ Կովկասի, նաև Հարևան երկրների՝ Իրանի, Բյուզանդիայի ու Ասորիքի քաղաքական, հասարակական-տնտեսական և մշակութային կյանքի հետազոտության համար: Պատմական և գեղարվեստական նշանակալի կարևորություն ունեն նաև հաջորդ ժամանակաշրջանի՝ VII- VIII դդ. պատմիչների՝ Սեբեոսի, Հովհան Մամիկոնյանի, Ղևոնդի երկերը:
Հայոց գրերի գյուտի անմիջական շարժառիթը քրիստոնեության առանցքային գաղափարների՝ բնակչության համար հասկանալի լեզվով տարածումն էր և եկեղեցական արարողությունների կատարումը հայերենով: Ուստի գրերի գյուտից անմիջապես հետո Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը և նրանց ավագ աշակերտները ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի հայերեն թարգմանությանը: Զուգահեռաբար հայերենի են վերածվում աղոթքները, հոգևոր երգերը, առանց որոնց թերի կլիներ ժամերգության կատարումը: Կարճ ժամանակամիջոցում պատրաստվում է թարգմանիչների մի ամբողջ սերունդ: Մեծ ուսուցիչների ընտրյալ աշակերտների մի խումբը ուղարկվում է Ասորիք՝ ասորերեն դպրության մեջ հմտանալու, ասորի հեղինակների երկերը թարգմանելու նպատակով, իսկ մյուս խումբը ուղևորվում է Ալեքսանդրիա և Կոստանդնուպոլիս՝ հունական գրականությանը ծանոթանալու, նոր թարգմանություններ կատարելու և նախորդ թարգմանություններր հունարեն ստույգ բնագրերի հետ համեմատելու առաջադրանքով: Թարգմանիչների հաջորդ սերունդները շարունակում են սկսած գործը և թարգմանում են աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական բնույթի պատկառելի ծավալի գրականություն: Հայոց եկեղեցու գործնական կարիքները բավարարելու նպատակով թարգմանվում են եկեդեցական գրականության գրեթե բոլոր կարևոր երկերը, որոնք հեղինակություն էին ձեռք բերել ընդհանուր քրիստոնեական եկեղեցու շրջանակներում: Եկեղեցական գրականության այդ տեսակներից էին եկեղեցու հայրերի և եկեղեցական ժողովների մշակած կանոնները, նշանավոր եկեղեցականների դրած թղթերը (նամակները), քարոզներն ու ճառերը: Բանավիճային բնույթի գրական տեսակներից հայերենի են վերածվում ջատագովությունները և հակաճառությունները: Թարգմանվում են նաև կրոնական բովանդակությամբ երկեր, վարքեր ու վկայաբանություններ, որոնք ունեին նաև պատմագեղարվեստական արժեք և ավանդում էին քրիստոնեական սրբերի կենսագրությունները, հավատի համար նահատակվածների (վկաների) կյանքի ու տանջալից մահվան հանգամանքները: Աշխարհիկ բովանդակությամբ թարգմանական երկերից նչանավոր է Կեղծ-Կալիսթենեսի «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը» աշխատությունը:
Հայ թարգմանական գրականությունը հարստանում է նաև փիլիսոփայական, քերականական և պատմագրական երկերի թարգմանությամբ: Հայ ընթերցողը հնարավորություն է ստանում ծանոթանալու Արիստոտելի, Պորփյուրի փիլիսոփայական աշխատություններին, Թեոն Ալեքսանդրացու «ճարտասանական կրթության մասին» երկին, Դիոնիսիոս Թրակացու «Քերականությանը», Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրությանը» և «Եկեղեցական պատմությանը»: Մեր ազգային մատենագրության մեջ հիմք է դրվում թարգմանական ավանդույթին, որր հետագայում խիստ արգասաբեր դեր է կատարում ինքնուրույն գրականության զարգացման գործում: Քրիստոնեական գրականության որոշ կարևոր հուշարձաններ, որոնց հունարեն բնագրերը չեն պահպանվել, կորուստից փրկվել և մեր օրերում միջազգային հանրությանը մատչելի են դարձել հայ թարգմանիչների շնորհակալ գործունեության շնորհիվ: Այդպիսի արժեքավոր երկերի թվին են պատկանում Հերմես Եռամեծի «Սահմանքը», Արիստիդեսի «Ջատագովությունը», Իրենեոսի «Ցույցքը» և այլն:
Գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը ծավալել է բեղմնավոր դրական գործունեություն, նախ՝ որպես թարգմանիչ, ապա՝ ինքնուրույն երկերի՝ ճառերի և շարականների հեղինակ: Եկեղեցական կանոններ ու հոգևոր երկեր է հեղինակել Սահակ Պարթևը: Նրանց աշակերտ Եզնիկ Կողբացին իր նշանավոր «Եղծ աղանդոց» («Աղանդների հերքումը») աշխատության մեջ հանդես է գալիս քրիստոնեական աստվածաբանության դրույթների պաշտպանությամբ՝ ընդդեմ հեթանոսության, զրադաշտականության, հույն հեթանոս փիլիսոփաների և հակառակ քրիստոնեական եկեղեցուն ուղղված Մարկիոնի աղանդավորական ուսմունքի: Եզնիկ Կողբացու տեսական-փիլիսոփայական երկը կարևոր դեր է խաղացել Վարդանանց պատերազմի գաղափարախոսական նախապատրաստման գործում:
Վերելք են ապրում նաև ինքնուրույն հայ մատենագրության այլ տեսակներ՝ վկայաբանություններր (Սանդուխտ կույսի, Հռիփսիմեի, Շուշանիկի, Վահան Գողթնացու), վիպական բանահյուսությունը («Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ»), բանաստեղծությունը (Դավթակ Քերթող, Կոմիտաս կաթողիկոս), դավանաբանական գրականությունը («Կնիք Հավատոյ», «Գիրք թղթոց» ժողովածուներ) և այլն:
Մարգարյան Հ.
Տես նաև՝