Պասկալևա Ցվետանա: Ծնվել է 1960թ. հունվարի 22-ին, Նովա Զագորա քաղաքում (Բուլղարիա): Բուլղարացի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագաղ։ ՊԲ գնդապետ (1995)։ Ավարտել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտը (1984), սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում (1989-1991)։ 1990-ին եղել է Հարավային Օսեթիայում և հեռուստառեպորտաժների հիման վրա ստեղծել «Հարավային Օսեթիա, երկու ժողովուրդների ցավը» վավերագրական ֆիլմը։ 1991-1994-ին գործել է Լեռնային Ղարաբաղում, լուսաբանել հերոսամարտը, Ղարաբաղի հիմնախնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։ Առաջին արտասահմանցի լրագրողն է, որ «Օղակ» գործողության ժամանակ եղել է Գետաշենի ենթաշրջանում, Շահումյանի շրջանում, հայ բնակչության դեմ կատարվող բռնարարքների, տեղահանության վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ, ցուցադրել տարբեր երկրներում։ Ռազմաճակատի թեժ կետերից հեռուստահաղորդումներ է պատրաստել CNN, NBC ,բուլղարական ազգային, ռուսական, գերմանական, ֆրանսիական Antene-2 հեռուստաընկերությունների, Ռոյթեր գործակալության համար։

 1991-1995-ին նկարահանել է պատերազմական իրադարձություններին, Արցախյան ազատագրական պայքարին նվիրված 6 վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբՀույսի բարձունքներ», 1991, «Կլինի՞ առավոտ Ղարաբաղում», 1992, «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1993, «Ղարաբաղի վերքերը», 1994, «Իրենց հողի զինվորները», 1994, «Անդորր», 1995)։ Այդ ֆիլմերն արժանացել են ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Օհայոյի, Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1993-1994-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։ ԱՀ իշխանությունները Պասկալևաին 3 անգամ հեռակա կարգով դատապարտել են մահապատժի։

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am