Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Պաշտպանության Կոմիտե ԼՂՀ

 Պաշտպանության Կոմիտե ԼՂՀ: Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար։ Պաշտպանության Կոմիտի նախագահ է նշանակվել Սերժ Սարգսյանը, որը մշակել է կոմիտեի կանոնադրությունը, կառուցվածքն ու անվանակազմը։

 Պաշտպանության Կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին Պաշտպանության Կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։ ԻՊԿ նախագահի 1992-ի օգոստոսի 14-ի հրամանագրով կազմավորվել է ԻՊՈՒ հաստիքակազմակերպական նոր կառուցվածք, ստեղծվել են կանոնավոր ստորաբաժանումներ (գումարտակներ, դիվիզիաներ), Պաշտպանական շրջաններ։ Պաշտպանության Կոմիտեի գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին։ Հրատարակել է «Մարտական թերթիկ» պաշտոնաթերթը։ Պաշտպանության Կոմիտեն գործել է մինչև 1993-ի նոյեմբերի 10-ը՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի հրամանով ՊԲ-ի ստեղծումը։ ՊԲ հրամանատարական կազմը և շտաբը համալրվել են հիմնականում Պաշտպանության Կոմիտեի անդամներով։

 

Մ. Հարությունյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am