Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշան: ՀՀ պետական պարգև, «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանը։ Սահմանվել է 1994-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով։ Պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ և այլ զորատեսակների զինծառայողները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք՝ պաշտպանության գործին բերած նշանակալի հաջողությունների համար, ՀՀ ԶՈՒ և այլ զորատեսակների ավագ հրամանատարները՝ մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար։ Շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, ՆԳՆ կամ ազգային անվտանգության վարչության կողմից։
Շքանշանն ունի քառաթև խաչի տեսք։ Պատրաստվում է ոսկեզօծված արծաթից։ Խաչի թևերի չորս անկյունների ճառագայթները ոսկեզօծված են։ Խաչն ամրացվում է շքանշանի ժապավենի ներքևի մասում։ ժապավենը պատրաստվում է կարմիր գույնի մետաքսից՝ երիզված 2 սպիտակ զոլերով։ ժապավենի կարմիր գոտու վրա խաչից վեր 3 մմ բարձրությամբ ամրացվում է ոսկուց պատրաստված ՀՀ զինանշանը։ Ժապավենը ձգվում է մետաղե թերթիկի վրա, որի հակառակ երեսն ունի շքանշանը հագուստին ամրացնելու հարմարանք։ Շքանշանը փոխարինող շերտաձողիկը պատրաստվում է մետաղե թերթիկից։
Շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում՝ «Հայրենիք» շքանշանից հետո։
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am