Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հռոմեապարթևական հակամարտությունը և Տրդատ 1-ինի գահակալումը

  Հռոմեապարթևական հակամարտությունը և Տրդատ 1-ինի գահակալումը

 Հայաստանում հռոմեա-պարթևական մրցակցության հետևանքով քաղաքականապես անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչը սպառնում էր երկրի անվտանգությանը: Հայոց գահին ամրանալու` Հռադամիզդի ճիգերն անհաջողության էին դատապարտված, քանզի նա իր հանցավոր գործողություններով ատելի էր հայ ժողովրդին: Իսկ հռոմեացիներն էլ, ձևացնելով, թե հավանություն չեն տալիս ոճրագործությանը, պահանջում էին, որ վրաց արքա Փարսմանը հեռանա Հայաստանից` իր հետ տանելով Հռադամիզդին: Կապադովկիայի հռոմեական կուսակալը ներխուժում է Հայաստան, ավերածություններ պատճառում երկրին, սակայն հայերից հուժկու հարված ստանալով` գնում է Հռադամիզդի մոտ: Նրանից կաշառվելով` հռոմեական կուսակալը  Հռադամիզդին անօրինաբար թագադրում է Արտաշատում: Շուտով հռոմեական կուսակալն իր հրամանատարությունից կարգադրություն է ստանում հեռանալու Հայաստանից` պարթևների հետ պատերազմից խուսափելու համար:
Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I Արշակունին (51-80 թթ.), որն իր թագավորությունում գահակալական կռիվներին վերջ տալու և Հռոմի նվաճումներին դիմակայելիս դաշնակից երկրների զինակցություն ստեղծելու նպատակով որոշում է իր եղբայրներին բազմեցնել Հայաստանի և Ատրպատականի գահերին: Նա առանց դժվարության դա իրագործում է Ատրպատականում, որտեղ թագավորեցնում էԲակուր Բ թագավորԲակուրին: Հայաստանում իր ծրագիրը իրականացնելիս Վաղարշը դաշնակիցներ է գտնում: Հայոց ավագանին ընտրում է  Պարթևստանի առաջարկությունը, չէ՞ որ պարթևները չէին սպառնում հայկական պետականության գոյությանը, կենցաղով, բարքերով,սովորույթներով մոտ էին հայերին և համատեղ ուժերով կարող էին հակահարված տալ Հռոմի ծավալապաշտությանն Արևելքում: Ստեղծվում է հայ–պարթևական զինակցություն ընդդեմ Հռոմի և նրա վրացի դրածոյի:
52 թ. Վաղարշը և Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան, դուրս վռնդում Հռադամիզդին ու նրա մերձավորներին: Արտաշատ մայրաքաղաքը և Տիգրանակերտը բացում են իրենց դռները նրանց առջև: Սակայն ցրտաշունչ ձմռան և պարթևական զորքում սկսված հիվանդությունների հետևանքով պարթևական զորքը հեռանում է երկրից: Հռադամիզդը կատաղած վերադառնում է Արտաշատ և որոշում հաշվեհարդար տեսնել հայ բնակչության հետ: Սակայն զինված ժողովուրդըշրջապատում է պալատը, և Հռադամիզդն իր կնոջ հետ փախուստի է դիմում` ապապինելով իրենց ձիերի արագությանը:
Հայ-պարթևական միացյալ ուժերի գլուխն անցած` Տրդատը գալիս է Արտաշատ և նստում հայոց գահին: Սակայն մինչ վերջնականապես հայոց արքա հաստատվելը Տրդատին մեծ փորձություններ էին սպասում:
Հռադամիզդը փախուստի ճանապարհին ևս մի չարագործություն է կատարում: Նրա կինը` Զենոբիան, հղի էր և, չդիմանալով ճանապարհի դժվարություններին և վախենալով վերահաս գերությունից` խնդրել էր իրեն սպանել` իր պատիվը փրկելու համար: Ամուսինը նրան հարվածել էր դաշույնով և, կարծելով, թե սպանել է, նրա մարմինը գցել էր Արաքս գետը: Սակայն Զենոբիան կենդանի էր մնացել: Հովիվները նրան գտել, վերքերը կապել և տարել էին Արտաշատ ու ներկայացրել Տրդատին, որը նրան ընդունել և արքայավել պահել էր արքունիքում:
 Տասնամյա պատերազմը, Հռանդեայի պայմանագիրը: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հռոմում դիտվեցին որպես կայսրության` Արևելքում վարած քաղաքականության խոշոր պարտություն: Հռոմեական կայսրությունը չհապաղեց խառնվելՀայաստանի գործերին: Կայսրությունը մեծ ջանքեր գործադրեց նախապատրաստվելու հայպարթևական ուժերի դեմ պատերազմական գործողություններին, որոնք որոշ ընդհատումներով տևեցին մոտ տասը (54-64 թթ.) տարի:
Հռոմում գահակալած Ներոն կայսեր (54-68 թթ.) հրամանով Արևելք է գալիս հռոմեական զորավարԿորբուլոնը: Կայսրության փոքրասիական նահանգներից զորահավաք կատարելով` համալրում է հռոմեական արևելյան լեգեոնները: Այդ բոլոր ուժերը տեղակայվում են Մեծ Հայքի արևմտյան սահմանի` Եփրատի երկայնքով, և գետի վրա կամուրջներ են գցվում գետանցման նպատակով: Ի թիվս այլոց` հյուսիսից Կորբուլոնին  դաշնակցում էր վրաց Փարսման թագավորը, որը հռոմեացիներին իր հավատարմությունը ցույց տալու համար սպանել էր իր որդուն`Հռադամիզդին:
Հռոմեական լրտեսական ցանցին հաջողվել էր Պարթևստանում ներքին խռովություններ հրահրել, ինչը ստիպում է Վաղարշին իր հիմնական ուժերը հեռացնել Հայաստանից: Մինչ Վաղարշը զբաղված էր Վրկան նահանգում խռովության ճնշումով, Կորբուլոնը  մեծաքանակ լեգեոններով 58 թ. ներխուժում է Մեծ Հայքի թագավորություն: Տրդատը, իր հետ եղած ուժերը բավարար չհամարելով, աշխատում է խուսափել Կորբուլոնի  հետ ուղղակի բախումից և առանձին վայրերում դիմադրական գործողություններ է վարում: Միևնույն ժամանակ նա ձգտում է բանակցությունների պատրաստակամության պատրանքով ձգձգելու վճռական ճակատամարտի պահը, մինչև Վաղարշի օգնության գալը: Իր հերթին Կորբուլոնը,Գնեոս Կորբուլոն  ձգտելով թուլացնել երկրի պաշտպանական ուժերը, սկսում է ավերել իր ճանապարհին հանդիպող ամրոցները, շարժվում է Արտաշատի ուղղությամբ: Տրդատը փորձում է դիմադրություն կազմակերպել, սակայն իր զորաջոկատի փոքրաթիվ լինելու հետևանքով հեռանում է Ատրպատական իր եղբոր` Բակուրի մոտ:
 Կորբուլոնը մտնում է Արտաշատ և քանդում քաղաքը: Հռոմեական պատմիչ Տակիտոսը քաղաքի ավերումը որպես անհրաժեշտություն է ներկայացնում, իբրև թե հռոմեական զորքի փոքր քանակի հետևանքով այնտեղ հնարավոր չէր կայզոր թողնել: Սակայն, ինչպես երևում է այդ արշավանքի նախապատրաստությունից, Կորբուլոնը  Հայաստան էր ներխուժել հսկայական բանակով, իսկ քաղաքի բնակիչներն էլ, տեսնելով Տրդատի զորաջոկատի հեռանալը, առանց դիմադրության բացել էին քաղաքի դռները: Այնպես որ Կորբուլոնի գործողությունները ոչ մի արդարացում չունեն: Հռոմեացիների վայրագությունը սաստկացնում է հայ ժողովրդի զայրույթը և հռոմեական զավթիչներին ցույց տրվող դիմադրությունը ստանում է համընդհանուր բնույթ:
59 թ. դեպի Տիգրանակերտ շարժվող Կորբուլոնի զորքը ճանապարհին հանդիպում է հայ հայրենասերների դիմադրությանը: Երբ հռոմեացիները ճամբար էին խփել Տարոն գավառում, մի խիզախ հայ ազնվական փորձում է սպանել Կորբուլոնին, սակայն վերջինիս վրանի մոտ հռոմեական պահակազորը նրան բռնում է, և նա հերոսաբար նահատակվում է: Հռոմեացիներն ուժգին դիմադրության են հանդիպում Լեգարդա ամրոցի մոտ, որտեղ փակվել էին հայ երիտասարդները: Նրանք ամրոցից խիզախորեն գրոհում էին թշնամու դիրքերի վրա: Սակայն ուժերն անհավասար էին. Կորբուլոնը կարողանում է գրավել ամրոցը: Այդ պահին Վրկանից ժամանում են խռովարարների պատգամաբերները` առաջարկելով դաշինք կնքել Վաղարշի դեմ, ինչին Կորբուլոնը համաձայնում է: Այդ նույն ժամանակ Տրդատը, անցնելով մարերի տարածքով, մտնում է Հայաստան: Նրա դեմ Կորբուլոնը մի զորամաս է ուղարկում, ապա անձամբ շարժվում իր հիմնական ուժերով: Պատերազմի այս փուլում երկրին մեծ ավերածություններ են պատճառվում, Տրդատը ստիպված կրկին նահանջում է:
Հայաստանի համար այդ ծանր պահին Ներոնը հայոց գահին է բարձրացնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան VI-ին (60 թ.), ինչը նույնպես մեծ դժգոհություն է առաջացնում երկրում: Ավելին` Տիգրան VI-ը հարձակվում է Ադիաբենեի վրա:
  Վաղարշը Տրդատին թագադրում է և, զորք հատկացնելով, ուղարկում է Հայաստան` դուրս վտարելու հռոմեական դրածոյին: Ինքը` Վաղարշը, Վրկանի խռովարարների հետ հաշտության գալով, նույնպես շարժվում է ընդդեմ հռոմեական լեգեոնների:
Կորբուլոնը շտապում է Տիգրան VI-ին օգնության ուղարկելու երկու լեգեոն` միևնույն ժամանակ պատվիրելով չշտապել և հանդարտություն պահպանել: Նա Ներոնին խնդրում է իր փոխարեն Հայաստան ուղարկել այլ զորավարի, քանի որ Վաղարշի հարձակումը սպառնում էր հռոմեական Սիրիա (Ասորիք) նահանգին: Իսկ Տիգրան VI-ը, խուսափելով պարթևների և նրանց միացած ադիաբենցիների հարձակումից, փակվում է Տիգրանակերտում` ապավինելով քաղաքում գտնվող հռոմեական կայազորի պաշտպանությանը:
 Մծբինում հռոմեա-պարթևական բանակցությունների արդյունքում զինադադար է կնքվում: Կորբուլոնը փորձության չենթարկվելու համար Տիգրանակերտից դուրս է բերում հռոմեական զորամասը, որի հետ հեռանում է նաև գահընկեց արված Տիգրան VI-ը: Կորբուլոնը ձմեռում է Կապադովկիայի սահմանում և այնտեղից անցնում իր հրամանատարությանը հանձնված Սիրիա նահանգը: Բանակցությունների արդյունքում Վաղարշի` Հռոմ ուղարկած դեսպանների առաջարկը` պայմանագիր կնքել և ճանաչել Տրդատին թագավոր,Ներոն Կայսր Ներոն կայսրը մերժում է: Վաղարշը վերսկսում է ռազմական գործողությունները:
61 թ. Արևելք է ուղարկվում Պետոս զորավարը, որը, գալով Կապադովկիա, պետք է հետևերՀայաստանի գործերին: Նա ներխուժում է Հայաստան և շարժվում դեպի Տիգրանակերտ: Անցնելով Արածանի գետը` հռոմեական զորքը բանակ է դնում Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում: Հայ–պարթևական զորքը, ջախջախելով Հայկական Տավրոսի լեռնանցքներում տեղակայված հռոմեական կայազորերը, շրջապատում է Պետոսի ճամբարը: 62 թ. գարնանը տեղի ունեցած ճակատամարտում հռոմեացիները մեծ կորուստներ են կրում: Պետոսը հաշտություն է խնդրում: Հաղթողները զինաթափում և ծաղրուծանակի են ենթարկում հռոմեական զորքին, որին ստիպում են ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված <<լծի>> տակով, ինչը մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար: Հայերը ազատում են հռոմեացիների կողմից գերեվարված իրենց ազգականներին և հետ վերցնում ավարառված հարստությունը:
Պարտված Պետոսը կեղծ լուր է ուղարկում Հռոմ, թե Արևելքում իրավիճակը չի փոխվել: Այնինչ Ներոնը տեղեկացել էր, որ հռոմեական լեգեոնները, պարտություն կրելով, հեռացել էինՀայաստանից:
 Տրդատ I Արշակունին` Մեծ Հայքի թագավոր:Տրդատ Առաջին Ներոն կայսրը, ձգտելով փրկել Հռոմի հեղինակությունը, 63 թ. Վաղարշ I-ի նոր պատվիրակությանը հայտնում է, որ եթե Տրդատն անձամբ մեկնի Հռոմ և թագը ստանա իրենից, ապա ինքը կճանաչի նրան` որպես Հայաստանի թագավոր: 64 թ. Հայաստան է գալիս Կորբուլոնը և բանակցություններ վարում Վաղարշի ու Տրդատի հետ: Նրանք ընդունում են Ներոնի առաջարկը, բայց պահանջում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Հռանդեայում` հռոմեացիների պարտության վայրում:
Ի նշանավորումն հաշտության` Հռանդեայում Տրդատը թագը հանում և դնում է հռոմեական զորքի բերած` Ներոնի արձանի մոտ` այն կայսեր ձեռքից Հռոմում ստանալու պայմանով:
 65 թ. Տրդատը մեծ շքախմբովi` իր ընտանիքով և 3000 հայ ու պարթև հեծյալներով, ուղևորվում է Հռոմ: Ուղևորության հսկայական ծախսերը հոգում էր կայսերական գանձարանը: Ճանապարհին ընկած բնակավայրերի բնակիչները նրանց ընդունում էին մեծ խանդավառությամբ: Հռոմում Ներոնը Տրդատի պատվին կազմակերպում է տոնահանդեսներ և հանդիսավորությամբ թագադրում, ապա մեծ գումար և արհեստավորներ է տալիս` Կորբուլոնի կողմից ավերվածԱրտաշատը վերականգնելու համար: Տրդատ I-ը հաջորդ տարի վերադառնում է Հայաստան: Տրդատ I-ի գահակալության ընթացքում (66-88 թթ.) միջազգային ասպարեզում Հայաստանի վիճակը կայունանում է: Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը կառուցապատում է հինավուրց Գառնիի հեթանոսական ամրոցԳառնու ամրոցը` իր շինություններով և Արեգ-Միհրի տաճարով:
 Տրդատ I-ի թագավորության վեցերորդ տարում (72 թ.) Մեծ Հայքի թագավորության խաղաղ կյանքն ընդհատվեց հյուսիսից` Կովկասից, ալանների ներխուժման հետևանքով: Նրանք ասպատակում ու թալանի են ենթարկում Ատրպատականն ու Հայաստանը: Տրդատ I-ը ալանների դեմ ռազմերթի ելավ, սակայն կռվի ժամանակ ալաններից մեկը պարան գցեց նրա վրա` փորձելով գերեվարել: Տրդատին հաջողվեց իր սրով կտրել պարանը և խուսափել վտանգից:
Ալանները դուրս վտարվեցին երկրից:
 
Դանիելյան Է.
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am