Հայկական մշակույթը Ք.ա. VI-IV դարերում: Հնագիտական նյութերի և գրավոր սկզբնաղբյուրների սակավության պատճառով Արարատյան թագավորության անկմանը հաջորդող երեք դարերի մշակույթը համեմատաբար վատ է ուսումնասիրված:
Ճարտարապետության մասին կարելի է դատողություններ անել Աքեմենյանների ժամանակաշրջանում էրեբունիի միջնաբերդում ծավալված շինարարական գործունեության հիման վրա: Ք.ա. VIII դարի տաճարը հետագայում վերակառուցվել է և վերածվել սյունազարդ դահլիճի: Այն, հավանաբար, ծառայել է որպես ընդունելությունների սրահ, խորհրդակցությունների և ժողովների վայր: Այսպիսի սյունազարդ դահլիճներր բնութագրական են Աքեմենյան Իրանի ճարտարապետությանը և հանդիպում են Աքեմենյանների մայրաքաղաքներ Պասարգադայում և Պերսեպոլիսում: Արմատական վերակառուցման ենթարկվելուց հետո սրբազան կրակի մշտական պահպանման վայրի է վե֊րածվել էրեբունիի միջնաբերդի պալատի միջին մասը: Պալատից արևելք ընկած աղյուսե մի շինություն, որտեղ հայտնաբերվել են մոխրի մնացորդներ, հավանաբար ծառայել է որպես կրակի տաճար: էրեբունիի ընդունասրահը և կրակի տաճարը հիմք են տալիս կարծելու, որ Աքեմենյանների օրոք քաղաքը դարձել էր 18-րդ սատրապության վարչական կենտրոնը:
Դարաշրջանի գյուղական բնակարանների պատկերավոր նկարագրությունր թողել է հույն զորավար և պատմիչ՝ Քսենոփոն Աթենացին, որը՝ Ք.ա. 401 թ. անցել է Հայաստանով: Հարավային Հայաստանի տները, ի տարբերություն կենտրոնական շրջանների բնակարանների, աշտարակավոր էին, որր, հավանաբար, պայմանավորված էր պաշտպանական նպատակներով: Այլ էր Հայաստանի կենտրոնի և Հյուսիսի գյուղական բնակավայրերի համայնապատկերը: Այս շրջանների բնակարանները ստորգետնյա էին և ունեին երկու մուտք: Մեկով իջնում էին մարդիկ, իսկ երկրորդը նախատեսված էր անասունների համար: Այդ տիպի տները հայկական ժողովրդական բնակարանի գլխատան նախատիպն են ներկայացնում:
Պատմաշրջանի նյութական մշակույթը բնութագրում են պեղումներից հայտնաբերված նյութերը: Խեցեգործությունը ներկայացված է սափորներով, անոթներով և ըմպանակներով, որոնք իրենց զուգահեռներն ունեն Հայաստանին հարակից ընդարձակ տարածաշրջանում (Փոքր Ասիա, Այսրկովկաս, Իրան) ու կապող օղակ են Արարատյան թագավորության և Հելլենիստական դարաշրջանի կավագործական արտադրանքի միջև: Մետաղագործությունը ներկայացված է զինագործական արտադրանքով և հասարակ զարդերով: Հայաստանում գտնվել են նաև արծաթյա ամանեղենի բազմաթիվ նմուշներ, մասնավորապես Աքեմենյան ժամանակաշրջանում լայն տարածում ստացած պտյակներ (ռիտոններ); Դրանք եղջյուր հիշեցնող անոթներ են, որոնք ներքևի մասում կենդանակերպ են:
Նյութական մշակույթի հետազոտությունը հիմք է տվել ուսումնասիրողներին պեղածո նյութերը բաժանել երկու մասի: Առաջինը կազմում են այն նյութերը, որոնք վերաբերում են հասարակ բնակչության ամենօրյա կյանքին և անմիջականորեն կիրառվել են ժողովրդի կենցաղում: Պեղված հուշարձանների և իրերի երկրորդ խումբը կապված է հայ հասարակության վերնախավի կյանքի ու կենցաղի հետ: Ուշագրավ է, որ հիշատակված երկու խմբերից յուրաքանչյուրը հատկանշում է մշակութային զարգացման և կողմնորոշումների յուրօրինակ ուղի: Հասարակ ժողովրդի կյանքում տարածված առարկաները բազմաթիվ առնչություններ ունեն Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան և վաղերկաթեդարյան մշակույթի հետ և շարունակում են նախորդ պատմաշրջանի նյութական մշակույթի ավանդույթները: Եվ հակառակը, վերնախավի կենցաղի հետ կապված նյութերը վկայում են Աքեմենյան Իրանի մշակույթի հետ առնչությունների մասին: Որոշ մշակութային աղերսներ են եղել նաև Փոքր Ասիայի, Արևելյան Միջերկրածովքի և Հունական աշխարհի հետ:
Պատմաշրջանի հոգևոր մշակույթի կարևոր բաղադրիչներից են առասպելներր, Հին հայկական ժողովրդական վեպը և հնագույն հավատալիքները:
Առասպելները արտացոլում են ժողովրդի նախնական աշխարհայացքը, պատկերացումները բնության, հասարակության մասին և հնագույն գրականության ուշագրավ տեսակներից մեկն են: Հայկական ամենանշանավոր առասպելներից է Հայկի և Բելի մասին զրույցր: Որոշ տարբերություններով այն ավանդված է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունում» և Անանուն պատմիչի երկում, որր, որպես ներածություն, կցված է Սեբեոսի «Պատմությանը»: Նրա արձագանքները առկա են նաև Անանիա Շիրակացու աշխատություններում; Այստեղ Հայկը հանդես է գալիս որպես ազատասեր ու ըմբոստ հսկա, որը մերժում է հնազանդվել Ասորեստանի տիրակալ բռնակալ Բելին: Ճակատամարտում սպանելով իր դեմ արշաված Բելին՝ Հայկը Հաստատում է իր երկրի՝ Հայքի, անկախությունը: Վերոհիշյալ պատմական երկերում ամբողջական ձևով պատմվում է Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը: Այն այնպիսի լայն տարածում է ունեցել, որ նրա որոշ հատվածներ արտացոլվել են նաև անտիկ հեղինակների երկերում, մասնավորապես նշանավոր փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատությունում: Մովսես Խորենացին ավանդել է նաև Արամի, Տորք Անգեղի ավանդազրույցները:
Հայոց պատմության հնագույն դրվագները ներկայացված են հին հայկական ժողովրդական վեպում: Այն պատմում է պատմական անցուդարձերի մասին, սակայն ժամանակագրական մեծ շեղումներով և հաճախ միահյուսված առասպելների հետ: Վիպասաններն ու գուսաններր դարերի ընթացքում այն մշակել են և ենթարկել զգալի փոփոխությունների: Հնագույններից է Տիգրան Երվանդյանի և Աժդահակի վեպը, որը առասպելախառն հիշողություն է հայերի ու մարերի փոխհարաբերությունների մասին:
Ավանդություններն ու վիպական ղրույցները արժեքավոր աղբյուր են հայերի վաղնջական հավատալիքները և հնագույն աստվածների դիցարանը հետազոտելու համար:
Հայոց հնագույն աստվածր Հայկն էր, որի պաշտամունքի արմատները հասնում են մինչև տոհմատիրական հասարակության ժամանակները: Նախապես Հայկը հանդես է եկել որպես հսկա որսորդ: Նրա անունով է կոչվել Օրիոն համաստեղությունը: Վաղ հայկական հասարակության շրջանում Հայկը խորհրդանշել է հայ ժողովրդի պայքարը օտար բռնակալության դեմ հանուն ազատության և անկախության:
Հայերի Տորք աստծո պաշտամունքը տարածված է եղել նաև փոքրասիական մի շարք ժողովուրդների շրջանում: Խեթական թագավորությունում նա հայտնի էր Տարկու անունով և կարևոր տեղ էր զբաղեցնում դիցարանում: Մովսես Խորենացու ավանդած առասպելում Տորքը կոչվում է Անգեղ, այսինքն՝ «Տգեղ», բայց հնագույն ժամանակներում, հավանաբար, «Անգեղյա» նշանակել է «Անգեղի սերնղից»: Անգեղը ևս հայկական հնագույն աստվածների թվին է պատկանում, իսկ նրա անունր տոտեմական ծագում ունի և կապվում է «անգղ» թռչունի հետ;
Արան տեղական ծագում ունեցող հնագույն աստված է: Նախապես նրա պաշտամունքը աղերսվել է երկրագործության, ցանքի և գարնանր աճող բուսականության հետ: Մեռնող ու հարություն առնող աստվածների պաշտամունքր լայնորեն տարածված էր Հին Արևելքում, և Արայի կերպարը իր զուդահեռներն ունի հնագույն շատ ժողովուրդների դիցարանում: Հինարևելյան ազդեցության ներքո Արան սկսում է հանդես գալ Շամիրամի հետ միասին: Շամիրամն ասորեստանյան դիցաբանի պտղաբերության և սիրո աստվածուհին էր ու աչքի էր ընկնում իր վավաշոտությամբ: Նրա պաշտամունքր բազմաթիվ հետևորդներ էր ձեռք բերել Հայաստանում, իսկ կերպարը կապակցվել էր Արայի կերպարի հետ: Արայի և Շամիրամի հետ Հայաստանում պաշտվում էին նաև արալեզներ կոչվող ոգիները: Նրանք համարվում էին շներից սերված և հնագույն հավատալիքների համաձայն լիզում էին հայրենիքի համար ընկած հերոսների վերքերն ու հարություն տալիս նրանց:
Պատմահայրը գրի է առել և սերունդներին ավանդել Վահագն աստծո մասին բացառիկ արժեք ունեցող ժողովրդական ստեղծագործություններից մեկը, որր պատկերում է պատանի աստվածության ծնունդը:
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 152-156
Մարգարյան Հ.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2487
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 815
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am