Հայկական պետականության կերտումը
Հայաստանի անկախության հռչակումից և Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը ձեռնամուխ եղավ իշխանության մարմինների ու առաջին հերթին գործադիր (կառավարության) և օրենսդիր (խորհրդարանի) մարմինների ձևավորմանը: Խնդիր դրվեց իշխանության ձևավորման հիմքում դնելու կուսակցական սկզբունքը: Սակայն նորահռչակ հանրապետությունում դժվարին խնդիր էին իշխանության ձևավորումը և պետականության կերտումը: Դարեր շարունակ պետականազուրկ Հայաստանն ու հայ ժոդովուրդը չեն ունեցել ո՛չ վարչակազմակերպական ու կադրային և ո՛չ էլ նյութական բավարար միջոցներ, ժոդովուրդը անկախությանը պատրաստ չէր նաև հոգեբանորեն: Անկախության հռչակումից հետո անհրաժեշտ էր դարերի ընթացքում հայ իրականության մեջ ձևավորված ու գործող՝ հիմնականում կրոնահամայնքային, ինքնակազմակերպման ձևից անցում կատարել ազգի ինքնակազմակերպման բարձրագույն ձևին՝ ազգային անկախ պետականությանը:
1918 թ. հունիսի 7-ին Հայոց ազգային խորհուրդը կառավարության նախագահ (վարչապետ) ընտրեց Հ. Քաջազնունուն, որին և հանձնարարվեց կազմել անդրանիկ կառավարությունը: Դեմ քվեարկողները հայ ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) երկու ներկայացուցիչներ էին, որոնք ցանկանում էին, որ իրենց կուսակից Մ. Պապաջանյանին տրվի վարչապետի պաշտոնը և կառավարության ձևավորման իրավունքը: Տարբեր պատճառաբանություններով կառավարության մեջ մտնելուց հրաժարվեցին նաև սոցիալիստ-հեղափոխականները (էսէռներր) և սոցիալ-դեմոկրատները: Այդպիսով՝ միջկուսակցական (կոալիցիոն) սկզբունքով կաբինետի ձևավորումը չհաջողվեց, ուստի անդրանիկ կառավարությունը կազմվեց հիմնականում մեկ կուսակցության՝ ՀՅԴ ներկայացուցիչներից:
ՆԵՐՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սոցիալ-տնտեսական վիճակը
Հայաստանի Հանրապետության գործունեությունը սկսվեց սոցիալ-տնտեսական աննպաստ պայմաններում: Նրան բաժին ընկավ տնտեսապես թույլ զարգացած մի տարածք, որը 4 տարի տևած պատերազմի, ռուսական հեղափոխությունների բերած ցնցումների, Անդրկովկասի տրոհման և ավանդական կապերի խախտման հետևանքով լիովին քայքայված վիճակում էր: Վառելիքի պակասի և միջէթնիկական ընդհարումների պատճառով գրեթե դադարել էր երկաթուղային հաղորդակցությունը: Չէին գործում սակավաթիվ ձեռնարկություններն ու հանքերը: Արդյունաբերության կանգ առնելու և ներմուծման բացակայության պայմաններում առաջացել էր առաջին անհրաժեշտության ապրանքների սով և դրա հետևանքով գների սոսկալի աճ ու ֆինանսական համակարգի կատարյալ քայքայում: Հատկապես աղետալի էր թուրքական 1918 թ. արշավանքը: Եթե 1918 թ. գարնանն ու ամռանը ռազմական գործողությունների ասպարեզ դարձած տարածքներում ձախողվեցին գյուղատնտեսական աշխատանքները, ապա նույն տարվա վերջին գրավված շրջաններից թուրքական զորքերի հեռացումն ուղեկցվեց հանրապետության պարենի եղած պաշարների ու նյութական արժեքների զանգվածային թալանով: Կարսում, որտեղ թուրքերը կենտրոնացրել էին թալանվածը, հավաքվել էր հարյուր հազարավոր փութ բամբակ, մեծ քանակությամբ հացահատիկ, մի քանի տասնյակ հազար գլուխ եղջերավոր անասուն, 65 հազար փութ շաքար, բուրդ, կաշի և այլն: Միայն մյուսների համեմատ քիչ վնասված Լոռի-Փամբակի նյութական կորուստները կազմում էին շուրջ 15 մլն դոլար:
Քայքայված, թալանված, բազմահազար գաղթականներով ու որբերով ծանրաբեռնված երկիրը կարող էր հաղթահարել սովի սպառնալիքը միայն դրսից արդյունավետ օժանդակություն ստանալու դեպքում: Մինչդեռ թշնամական էր հարևանների կեցվածքը և ամուր փակված էին Հայաստան բերող բոլոր փրկարար ուղիները: Դրությունը գնալով վատանում էր: 1918 թ. հոկտեմբերին սպառվեցին հանրապետության հացի վերջին պաշարները, և սկսվեց սովը, որին ուղեկից դարձան խոլերան, ապա՝ բծավոր տիֆը: Այդ ծանր վիճակը տևեց մինչև 1919 թ. գարունը: Վեց ամսվա ընթացքում սովից ու հիվանդություններից մահացավ շուրջ 180 հազար մարդ: Մահը խտրություն չէր դնում գաղթականի ու տեղաբնակի, հարուստի և աղքատի միջև: Բծավոր տիֆին զոհ գնաց նաև Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:
Նման պայմաններում ստեղծարար գործունեության մասին մտածելն իսկ անիմաստ էր: Ժողովրդին սովից ու համաճարակից փրկելու, բազմահազար գաղթականների ու որբերի առաջնահերթ կարիքները բավարարելու համար պահանջվում էին արտակարգ միջոցառումներ: 1918 թ. օգոստոսին Հայաստանը հայտարարվեց խոլերայով վտանգված երկիր: Ավելի ուշ ստեղծվեց արտակարգ հանձնախումբ՝ բծավոր տիֆի դեմ պայքարելու համար, որը գործեց մինչև 1919 թ. մարտ ամիսը և լուծարվեց, երբ համաճարակն արդեն հաղթահարված էր: 1918 թ. սեպտեմբերին սահմանվեց բամբակի առևտրի պետական մենաչնորհ, որն այդ օրերին պետության եկամտի միակ իրական աղբյուրն էր և տարադրամ ձեռք բերելու միակ միջոցը: Կառավարության հսկողության տակ դրվեց հացի բաշխումը, և մտցվեց հացաբաժնի նորմավորում: Համաճարակի ու սովի դեմն առնելու նպատակով ստեղծվեցին սննդատու կայաններ, որտեղ տաք կերակուր էր բաժանվում:
Սովի սպառնալիքը հաղթահարելու համար 1919 թ. հունվարին կառավարությունը և Հայաստանի խորհուրդը որոշեցին դիմել դաշնակից պետություններին և հատկապես ԱՄՆ-ին՝ մեծ քանակությամբ հաց Հայաստան ներմուծելու համար: Այդ նպատակով վարչապետ Հ. Քաջազնունին գործուղվեց Եվրոպա և Ամերիկա: Ի վերջո, 1919 թ. մայիսին տեղ հասավ երկար սպասված ամերիկյան օգնության առաջին խմբաքանակը: Գնալով օգնության ծավալները մեծացան, որը թույլ տվեց մեղմել սովը և փրկել հարյուր-հազարավոր մարդկանց կյանքը: Միայն 1919 թ. ԱՄՆ-ից ստացվեց մոտ 1,3 մլն փութ ալյուր, 260 հազար փութ ցորեն, 70 հազար փութ բրինձ, 6 մլն տուփ խտացված կաթ, 44 հազար փութ շաքար և այլն:
Սովի ու համաճարակի մեղմացման ու հաղթահարման և գաղթականների ու որբերի կարիքները հոգալու գործում անուրանալի է ամերիկյան Նպաստամատույց կոմիտեի ներդրումը: Իր անժխտելի դերն ունեցավ և երախտիքի ու մեծ հարգանքի արժանացավ նաև Փարիզի Խաղաղության վեհաժողովի կողմից մատակարարման գծով Հայաստանի կոմիսար նշանակված ամերիկյան գնգապետ Հասկելը:
Գյուղատնտեսության առաջընթացն անխզելիորեն կապված էր հողային հարցի արմատական լուծման հետ: Ա. Խատիսյանի կառավարությունը 1919 թ. օգոստոսին հողային հարցում գլխավոր խնդիր հռչակեց կալվածատիրական, եկեղեցապատկան ու վանքապատկան բոլոր հողերի ազգայնացումը և ըստ կարիքի դրանց բաշխումը սակավահող գյուղացիությանը: 1920 թ. հունիսի 4-ին օրինագիծ ընդունվեց «Հողային հատուկ մարմինների մասին»: Այդ մարմինները կարճ ժամանակում պետք է իրականացնեին բոլոր մասնատիրական, վանքապատկան-եկեղեցապատկան ու լքյալ հողերի պետականացումն ու բաշխումը գյուղացիությանը, բնակեցնեին լքյալ գյուղերը, հող բաժանեին գաղթականությանը: Հայաստանում մեծ չէր կալվածատերերի թիվը, և քիչ էին նրանց տնօրինության տակ գտնվող հողերը, որոնց պետականացումով հողային հարցը չէր լուծվում: Ուստի էական նշանակություն էին ստանում հողաշինարարության հարցերով զբաղվող նորաստեղծ հողային կոմիտեները, որոնք պետք է լուծեին գյուղերի ներսում ու գյուղերի միթե գոյություն ունեցող հողային վեճերը, արդարացի հողաբաժանում կատարեին: Շատ թե քիչ գործունեություն ծավալեցին Երևանի, Էջմիածնի և Նոր Բայազետի գավառների հողային կոմիտեները: Մյուս գավառներում դրանք կա՛մ գոյություն չունեին, կա՛մ էլ մասամբ էին ձևավորվել: Փաստորեն հողային ռեֆորմն իրականացվեց խիստ ուշացած և կիսատ-պռատ: Իսկ սկսված թուրք-հայկական պատերազմի հետևանքով դրա հետագա իրագործումն ընդհանրապես ընդհատվեց:
Տևական շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ հաղորդակցության ուղիների, հատկապես երկաթուղու բարեկարգումը: Այդ նպատակով դեռևս 1919 թ. զգալի միջոցներ հատկացվեցին և փորձառու մասնագետներ հրավիրվեցին: Չնայած վառելիքի խիստ պակասին՝ 1920 թ. հաջողվեց ամենօրյա երկաթուղային կապ ապահովել Թիֆլիսի հետ: Կատարվեցին խճուղիների բարեկարգման և նոր ճանապարհների կառուցման որոշ աշխատանքներ (Շամշադինում, Քեշիշքենդում և այլն): Երևան-Ղարաքիլիսա խճուղին հարմարեցվեց ավտոմոբիլային երթևեկության համար:
Հայկական պետականության կայացմանը նպաստելու նպատակով մի շարք մեծահարուստ հայեր խոշոր միջոցներ կտակեցին Հայաստանին: Ընդունելով Հայաստանի քաղաքացիություն՝ եգիպտահայ Մելքոնյան եղբայրները հանրապետությանը կտակեցին մոտ 6 մլն ղոլար: Ա. Մելիք-Ազարյանը Հայաստանին նվիրեց Թիֆլիսի իր փառահեղ ապարանքը՝ 1 մլն դոլար արժողությամբ: Հայաստանի համալսարանին 25 մլն ռուբլի կտակեց ստավրոպոլցի հայ դրամատեր Պոպովը: Հայաստանում մեծածավալ շինարարական աշխատանքներ խոստացան իրականացնել Գ. Գյուլբենկյանը և Հ. Մելիքյանը: Հայաստանին նյութապես սատարելու գործին լծվեցին նաև Սփյուռքի ազգային կուսակցությունները: Եգիպտոսի ռամկավարները ձեռնամուխ եղան Հայաստանի օդային նավատորմի համար 40 օդանավ ձեռք բերել: ԱՄՆ-ի դաշնակցականները շուրջ 500.000 դոլար հանգանակեցին հայկական բանակի համար և այլն:
Տնտեսական ոլորտում արձանագրված դրական միտումները, այնուհանդերձ, չպետք է գերագնահատել: Երկրի վիճակը դեռևս մնում էր խիստ ծանր: Լուրջ խնդիրներ կային հատկապես ֆինանսական ասպարեզում: Գաղթականների, որբերի և բանակի կարիքները գլխավորապես բավարարվում էին ներմուծված պարենի և առաջին անհրաժեչտության ապրանքների հաշվին: Արտաքին շուկայում պահանջարկ ունեցող սակավաթիվ ապրանքների արտահանման ճանապարհով ձեռք բերված միթոցները բավարար չէին բյուջեի ձախսերը փակելու համար: Հանրապետության 1920 թ. բյուջեի ծախսային մասը, օրինակ, հասնում էր մոտ 1 մլրդ ռուբլու, մինչդեռ մուտքերը կազմում էին 200-300 մլն ռուբլի: Բյուջեի բացը լրացնելու ուղիներից մեկը կարող էր լինել ըարկային քաղաքականությունը: Այդ առումով դրական քայլ էր 1920 թ. հունիսի 15-ին առաջադիմական եկամտային հարկի մասին օրենքի ընդունումը:
Տնտեսության վերականգնման, երկիրն անհրաժեշտ ապրանքներով ապահովելու, դրամաշրջանառության կարգավորման և տարադրամ ձեռք բերելու գործին մեծապես կարող էր ծառայել 20 մլն դոլարի չափով «Անկախության փոխառության» իրացումը, որի մասին օրինագիծ ընդունվեց 1920 թ. հունիսին: Որպես փոխառության լիազոր՝ արտասահման մեկնեց նախկին վարչապետ Ալ. Խատիսյանը: Ե՛վ Հայաստանում, և՛ Սփյուռքի գաղթավայրերում փոխառության բաժանորդագրությունն անցավ մեծագույն խանդավառության պայմաններում: Հասարակության բոլոր խավերը, քաղաքական կուսակցություններն ու մամուլը ողջունեցին այդ նախաձեռնությունը և իրենց մասնակցությունը բերեցին: Միաժամանակ, Բաթումի «Հայ կանանց միության» նախաձեռնած ոսկու հանգանակությամբ սկիզբ դրվեց Հայաստանում «Ոսկու ֆոնդ» ստեղծելու շարժմանը, որն իր շարունակությունը գտավ Կ. Պոլսում, Իզմիրում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Սոֆիայում, Բուխարեստում և այլ վայրերում: Սկսված թուրք-հայկական պատերազմի հետևանքով, սակայն, փոխառության իրացումը դադարեցվեց, իսկ հավաքված միջոցները հանրապետության անկումից հետո վերադարձվեցին բաժանորդներին: Ինչ վերաբերում է «Ոսկու ֆոնդին», ապա հավաքված միջոցները հետագայում ծախսվեցին տարբեր երկրներում ապաստանած որբերի ու գաղթականների կարիքները հոգալու համար:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2467
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am