Հասարակական-քաղաքական կյանքը: Դարավոր ընդմիջումից հետո վերականգնված հայկական պետականությունն ի սկզբանե որդեգրեց ժողովրդավարությունը՝ լայն ասպարեզ բացելով ազատ մամուլի, քաղաքական ազատությունների և բազմակարծության համար: Հայ իրականության մեջ գործող գրեթե բոլոր հասարակական ուժերն իրենց տեղը գտան հանրապետության քաղաքական համակարգում: Հայաստանում գործում էին Հայ հեղափոխական դաշնակցություն, Հնչակյան, Հայ ժողովրդական կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատների (մենշևիկներ, սպեցիֆիկներ, բոլշևիկներ) և սոցիալիստ-հեղափոխականների (էսէռներ) կազմակերպությունները: Նրանցից շատերը վերանայելով և նոր ժամանակների ուղուն հարմարեցնելով իրենց ծրագրերը՝ փորձեցին հնարավորին չափով մասնակցել նորանկախ պետության կայացման գործին: Դրան նպաստում էր այն, որ ոչ մի կուսակցություն կամ կազմակերպություն՝ անկախ իր աշխարհայացքից կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետական համակարգից մեկուսացված չէր: Պետությունը բարձրորակ կադրերի ու մասնագետների սուր պահանջ էր զգում: Ուստի դաշնակցականը, Հայ ժողովրդական կուսակցության անդամը, էսէռը, բոլշևիկն ու մենշևիկը պաշտոններ էին զբաղեցնում պետական ապարատի ու իշխանության համակարգի տարբեր օղակներում
Դաշնակցությունը, լինելով հայության շրջանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը և ամենամեծ ներդրումն ունենալով պետականության վերականգնման գործում, սկզբից ևեթ ստանձնեց հանրապետությունը ղեկավարելու պարտականությունը՝ ժամանակ առ ժամանակ կոալիցիայի մեջ մտնելով այլ քաղաքական ուժերի հետ: Կուսակցության գործունեությունն ու ծրագիրը նոր պայմաններին համապատասխանեցնելու գործում կարևոր դեր խաղաց 1919 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացած Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որտեղ գլխավոր նպատակ հռչակվեց ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծումը:
Հայ ժողովրդական կուսակցությունը, համախմբելով բարձրորակ ու փորձված մտավորական տարրերին, քաղաքական ուժերի համակարգում իր ազդեցությամբ երկրորդն էր: Հանրապետության քաղաքական դաշտում նա զբաղեցնում էր աջ թևը և բնական ու ընդունելի էր համարում կապիտալիզմը: Նորաստեղծ Հայաստանի նկատմամբ նրա կեցվածքի ճշտումը տեղի ունեցավ 1919 թ. սեպտեմբերին կայացած կուսակցության 2-րդ համագումարում, որտեղ գլխավոր նպատակ հռչակվեց հայկական պետականությանը և ազգային մշակույթի զարգացմանը ծառայելը: Կուսակցությունը պառլամենտական և ժողովրդավարական կարգերի կողմնակից էր և ռրոշ վերապահումով կողմ էր անկախ և միացյալ Հայաստանի ստեղծմանը: Թեև որոշ ժամանակ ժողովրդական կուսակցությունը Դաշնակցության հետ կոալիցիայի մեջ էր, բայց հանրապետության գոյության հիմնական ժամանակահատվածում ընդդիմադիր ուժ էր ու Դաշնակցության հետևողական քննադատ: Դրանով հանդերձ, պետության և ազգի համար բախտորոշ պահերին (բոլշևիկյան մայիսյան ապստամբություն, թուրք-հայկական պատերազմ և այլն) նա սատարում էր կառավարությանը:
Հանրապետությունում գործող քաղաքական մնացած ուժերն իրենց ծրագրերով սոցիալիստական էին և կազմում էին քաղաքական դաշտի ձախ թևը: Դրանցից միայն էսէռներին էր վիճակված քիչ թե շատ դեր խաղալ երկրի կյանքում, քանի որ Դաշնակցությունից բացի, ձախերից միայն նրանք էին ներկայացված Հայաստանի վերջին խորհրդարանում (միակ բացառությունը բոլշևիկ Ա. Մելքոնյանն էր): Լինելով Ռուսաստանի հետ սերտ կապերի կողմնակից և այդ առումով հակառակորդ եվրոպական կողմնորոշմանը՝ էսէռները սկզբնապես վերապահ վերաբերմունք ունեին Հայաստանի անկախության հարցում: Բայց պետության կայացմանը զուգընթաց, ձերբազատվելով նախկին դիրքորոշումից, 1920 թ. ամռանը նրանք հանդես եկան Հայաստանի անկախության ընդունման մասին պաշտոնական հայտարարությամբ, իսկ ավելի ուշ՝ 1920 թ. նոյեմբերին, հանրապետության համար ամենատագնապալի օրերին, անգամ մասնակցեցին նրա վերջին կառավարության աշխատանքներին: Անկախության դիրքերում էին և բախտորոշ պահին պետությանը սատարում էին նաև մյուս քաղաքական ուժերը՝ բացի բոլշևիկներից:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am