Հայաստանը հին աշխարհի հոգևոր ընկալումներում: Աստվածաշնչում Հայաստանի մասին տեղեկություններն ունեն բացառիկ կարևորություն,քանի որ վերաբերում են մարդկության ամենաճակատագրական իրադարձություններին` արարչագործությանը և Համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկության վերածննդին: Աստվածաշնչի առաջին` Ծննդոցգրքում պատմվում է, որ Աստված մարդկությանն արարեց Եդեմ–դրախտում, որից դուրս էին գալիս չորս գետեր`Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը և Փիսոնը: Գիտնականները դեռևս շարունակում են վիճել, թե որոնք են նշված վերջին երկու գետերը, որոնցից մեկն, անշուշտ, Արաքսն է: Սակայն աներկբա է, որ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքի շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Այսինքն` Աստվածաշնչի համաձայն` Հայաստանն է Եդեմ–դրախտաշխարհը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները, և որտեղ պահվում էին անմահության ու իմաստության խորհրդանշանները` երկու սրբազան ծառերը (Կենաց և Բարու ու չարի իմացության): Ծննդոց գրքում պատմվում է նաև, որ ժամանակներ անց մեղսագործությունների պատճառով Աստված որոշեց ոչնչացնել մարդկությանը Համաշխարհային ջրհեղեղով, որից հետո Նոյն իր ընտանիքով հանգրվանեց <<Արարատի լեռների վրա>>,այսինքն`Հայկական լեռնաշխարհում: Փաստորեն, Աստվածաշնչի համաձայն` Հայաստանը սրբազան մի տարածք է, որտեղ արարվել է մարդկությունը, որտեղ պահվել են անմահության ու իմաստության խորհրդանշանները, և որն էլ Համաշխարհային ջրհեղեղից հետո դարձել է մարդկության վերածննդի երկիրը: Միևնույն պատկերացումները գտնում ենք նաև Հին աշխարհի գրավոր այլ սկզբնաղբյուրներում: Մասնավորապես, արդեն ասվել է, որ հնագույն միջագետքյան դիցաբանության մեջ պաշտվում էր իմաստության Հայ(ա) աստվածը, որը Մայր դիցուհու հետ միասին արարեց մարդկությանը Հայկական լեռնաշխարհում: Շումերական դյուցազնավեպումԱրատտա երկիրը մշտապես մեծարվում է աստվածային սուրբ օրենքների երկիր և անմահների երկիր պատվանուններով: Հատկանշական է, որ միջագետքյան դյուցազնավեպում անմահություն փնտրող հերոս Գիլգամեշը բռնում է <<ճանապարհ դեպի Արատտա>>, գնում Եփրատի հոսանքն ի վեր և ճանապարհին հաղթահարում Մաշու (Մասու) լեռները, որոնք Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս կամ Մասիոն լեռներն են: Նույն պատկերացումը գտնում ենքԱլեքսանդր Մակեդոնացուն նվիրված վիպերգում, որն առաջին անգամ գրի է առնվել դեռևս Ք.ա. 240 թվականին: Ըստ այդմ` Ալեքսանդր Մեծը ձգտում էր անմահության և կրկնում է Հին Արևելքի ամենանշանավոր հերոս Գիլգամեշի ճանապարհը: Իրականում երբևէ Հայաստան չմտած Ալեքսանդրը բռնում է ճանապարհը <<դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ուԵփրատի>>, իսկ ճանապարհին հաղթահարում է Մասիս լեռնաշղթան: Այսինքն` այնքան խորն էին Հայաստանի` իբրև անմահության երկրի մասին պատկերացումները Հին աշխարհում, որ անմահության որոնման աշխարհահռչակ սյուժեում Հին Արևելքի ամենահայտնի հերոս Գիլգամեշին փոխարինում է անտիկ աշխարհի ամենանշանավոր հերոս Ալեքսանդր Մեծը: Ընդ որում` երկուսի նպատակակետն էլ Անմահության երկիրը` Հայոց աշխարհն էր, ուր պահվում էր առասպելական <<Անմահության ծաղիկը>>, որը համապատասխանում է Աստվածաշնչի Կենաց ծառին: Աստվածաշնչյան Եդեմ–դրախտի երկրորդ` Բարու և չարի իմացության ծառը իմաստության խորհրդանիշն է: Որ Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում ներկայանում էր նաև իբրև իմաստության երկիր, նախ և առաջ ակնառու է իմաստության Հայ(ա) աստծո մասին Առաջավոր Ասիայում տարածված դիցաբանական պատկերացումներից: Դրանցից բացի, հնագույն շումերական մի բնագրի համաձայն` <<Իմաստությունն ու արվեստը ցած են բերվել Արատտա երկրից>>: Մի շարք ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում Հայոց լեռնաշխարհը ներկայանում է որպես աստվածների բնակատեղի, որպես սրբազնագույն մի տարածք: Նման պատկերացումները տարածված են եղել նաև լեռնաշխարհի բնիկ տերերի` մեր նախնիների հավատալիքներում, որոնցից առանձին բեկորներ են պահպանվել հայոց քրիստոնեական մատենագրության էջերում: Ահա թե ինչպես է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգը, որը նախաքրիստոնեական Հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոնն էր, ներկայացվում <<Աշխարհացույցում>>. <<Այս երկրամասը, իրապես, ինչպես ցույց է տալիս իր իսկ անունը, բարձր է ոչ միայն Մեծ Հայքի մնացած մասերից, այլև ողջ աշխարհից, այդ պատճառով էլ նրան աշխարհի գագաթ են կոչել: Նա գետեր է արձակում աշխարհի չորս կողմերը. (Բարձր Հայքից) սկիզբ են առնում չորս խոշոր գետեր>>: <<Աշխարհի գագաթ>> կոչվելը հիշողությունն է հնագույն շրջանում այդ տարածքի` աստվածների բնակատեղի համարվելու, իսկ այնտեղից դեպի աշխարհի չորս կողմերը հոսող չորս գետերը ակնհայտորեն հիշեցնում են աստվածաշնչյան Եդեմ–դրախտից սկիզբ առնող չորս գետերը: Եդեմը հիշատակվում է <<արևելյան կողմում>>, ինչն արժանի է հատուկ ուշադրության: Ծննդոց գրքի մեկ այլ մասում պատմվում է, որ Հայաստանի տարածքում մարդկության վերածննդից հետո դեռևս մեկ լեզվով խոսող մարդիկ <<արևելքից>> գնացին Սենաարի երկիր (Շումեր) և որոշեցին կառուցել երկնահաս <<Բաբելոնյան աշտարակը>>: Երկու դեպքում Հայաստանը ներկայացված է իբրև <<արևելքի>> երկիր, մինչդեռ այն Հին Կտակարանը գրի առած հրեաների երկրից դեպի հյուսիս էր: Նույն գրքի մեկ այլ դրվագում երրորդ անգամ է կրկնվում միևնույն պատկերացումը: Հայկական լեռնաշխարհի` արևի հանգրվանը լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաև խեթական աղբյուրներում, որոնց համաձայն` արեգակը ծագում էր <<Արևելյան ծովից>>` Վանա լճից: Դա լիովին համահունչ է հայկական ավանդազրույցներին, որոնց համաձայն` արևի ոսկյա ննջարանը Վանա լճի հատակին էր, որտեղից ամեն առավոտ ելնում և ուր ամեն գիշեր վերադառնում էր ցերեկվա լուսատուն: Վերոնշյալ բոլոր փաստերը խորհելու տեղիք են տալիս ամեն հայ մարդու: Հայաստանը արարչագործության, ջրհեղեղից հետո մարդկության վերածննդի, անմահության ու իմաստության, արևի երկիր են համարում ոչ միայն մեր նախնիները, այլև մեզ հետ անգամ հեռավոր ազգակցություն չունեցող ժողովուրդները: Ուրեմն վաղնջական ժամանակներում կար վերազգային, վերկրոնական սրբազան մի գաղափարախոսություն, որում առանցքային դերակատարում ուներ մեր լեռնաշխարհը: Ինչո՞ւ հենց Հայկական լեռնաշխարհը: Ո՞րն է մեր երկրի խորհուրդը, ո՞րն է մեր հայրենիքի սրբազնության գաղտնիքը…
Մովսիսյան Ա.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am