Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918: Ճակատամարտը տեղի է ունեցել մայիսի 24-28-ին, հայկական և թուրքական զորքերի միջև՝ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) մոտ: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ոուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորած Հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ: Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում կնքած 1917-ի դեկտեմբերի 5-ի զինադադարը, 1918-ի սկզբին ներխուժեցին Արմ. Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ Հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը: Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի (տե՛ս Սարդարապատի ճակատամարտ 1918), մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ: Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլադը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի (այժմ՝ Ստեփանավան) մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22- ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ: Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն (այժմ՝ Սպիտակ): Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար Թ. Նազարբեկով) ուներ 6 հզ. զինվոր. 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր: Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները:
Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «...բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Ղարաքիլիսայի ճակատամարտի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918) շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան:
Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
Սարգսյան Ե. «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ», Ե., 1964:
Հարությունյան Ա.Հ., «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918թ. և ինքնապաշտ պանական կռիվները», Ե„ 1984
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am