Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում

 Դպրոցը ուշ միջնադարյան Հայաստանում:  XV-XVII դարերի քաղաքական բուռն անցուդարձերը, հարատև պատերազմները՝ սրանց ուղեկից բռնագաղթով ու ավերածություններով, խիստ բացասական ազդեցություն ունեցան հայ մշակույթի զարգացման ընթացքի վրա: Արդեն XV դ. առաջին կեսին սկսվեց անկումը գիտության և արվեստի որոշ ճյուղերում: Այն ավելի խորացավ XV դ. երկրորդ կեսին և ամբողջ XVI դարում:

 Միայն թուրք-իրանական պատերազմների ավարտից հետո սկիզբ առան մշակութային հետագա անկումը կանխելու ճիգերը, որոնք հուսատու արդյունքներ տվեցին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ գաղթօջախներում ընդհատված ավանդույթների վերականգնմանը հաջորդեց հոգևոր զարթոնքը: Սերտ շփումները եվրոպական գիտության, գրականության և արվեստի հետ հանգեցրին հայկական մշակույթի ավանդական համակարգում այնպիսի տեղաշարժերի, որոնց արդյունքը եղավ նոր վերելքը: Այսպիսով, հայ ժողովրդի հոգևոր-մշակութային կյանքում խզումն այնքան խոր և երկարատև չեղավ, որ խաթարվեր նրա ազգային նկարագիրը ու մոռացվեին ավանդույթները:

 Ժամանակաշրջանի հարափոփոխ և դժնդակ պայմաններն առաջին հերթին իրենց կնիքը դրեցին դպրոցական գործի կազմակերպման ու ընդհանուր վիճակի վրա: Տաթևի համալսարանը, որ գիտամշակութային և գաղափարահասարակական բուռն գործունեություն էր ծավալել նախորդ ժամանակահատվածում, XV դ. սկզբին կորցնում է իր դերն ու նշանակությունը: Գրիգոր Տաթևացու մահից (1409) հետո այն արագորեն (1410-1412) դադարեցնում է իր գործունեությունր: Երկարատև չէր նաև Մեծոփի դպրոցի գործունեությունը: Թովմա Մեծոփեցու ուսուցչապետության շրջանում այստեղ ուսումնասիրվում էին գիտության և արվեստի բազում բնագավառներ, ստեղծվում էին դասագրքեր: Դրանցից էին լեզվաուսուցողական առաջին հայերեն դասագիրքը՝  հորինված Թովմա Մեծոփեցու կողմից, ճանաչված տոմարագետ Հակոբ Ղրիմեցու բնագիտական աշխատությունները:

 XV դարի աոաջին կեսին Հայաստանում և գաղթավայրերում գործող դպրոցները, որոնք դժվարությամբ աշխատում էին պահպանել Գլաձոր-Տաթևյան ավանդույթները, աստիճանաբար անչքանում են և խամրում XV դ. կեսերից մինչև XVII դ. սկիզբն րնկած՝ պատերազմների ու տնտեսական անկման ժամանակաշրջանում: Կրթական գործի աշխուժացման ու աստիճանական վերելքի սկիզբը դրվեց XVII դ. աոաջին կեսին: Առաջինը Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատի դպրոցն էր, որ գործում էր Տաթևի վանքին մերձակա մի վայրում: Այստեղի նշանավոր ուսուցիչներից Մովսես Տաթևացին ( 1578-1632), որր հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս, դպրոցներ հիմնադրեց նաև Երևանում ու Հովհանավանքում: 1620-ական թվականներին դպրոց է բացվում Էջմիածնում: XVII դարում բեղմնավոր գործունեություն են ծավալում նաև Բաղեշի Ամիրդոլու վանքի, Վանա լճի Լիմ կղզու, Նոր Ջուղայի դպրոցները:

Աղբյուրը՝

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 188-189

                                                                                Մարգարյան Հ.



Տես նաև՝

Գիտությունը ուշ միջնադարյան Հայաստանում:

Գրականությունը ուշ միջնադարյան Հայաստանում:

Արվեստը ուշ միջնադարյան Հայաստանում:

Տպագրությունը ուշ միջնադարյան Հայաստանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am