Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արվեստը ուշ միջնադարյան Հայաստանում

 Արվեստը ուշ միջնադարյան Հայաստանում: Այս ժամանակահատվածում աննպաստ քաղաքական ու տնտեսական հանգամանքներն իրենց բացասական ազդեցությունը թողեցին  հայ կերպարվեստի զարգացման ընթացքի վրա:

 Նախորդ դարերում ձևավորված հարուստ ավանդույթները մանրանկարչության ասպարեզում շարունակեցին Վասպուրականի և Տաթևի վանքի մանրանկարչական դպրոցների ներկայացուցիչները: XVII դ. ձեռագրերի հիմնական պատվիրատուներ են դառնում հարուստ վաճառականները, իսկ դրանց մանրանկարներն արտահայտում են քաղաքային բնակչության առևտրա-արհեստավորական շերտերի աշխարհընկալումը: Տպագիր գրքերի տարածումը ծանր հարված էր ձեռագրերի ընդօրինակման գործի և մանրանկարչական արվեստի համար: Ձեռագրերի նկարազարդումը գոյատևում է նաև XVIII դ. սկզբին, սակայն բարձրարվեստ նմուշներ այլևս չեն ստեղծվում: XV դ. ընդհատվեց խաչքարային արվեստի առաջընթացը: Խաչքարեր կանգնեցնելու ավանդույթը վերակենդանանում է XVI-XVII դդ., բայց այս ժամանակաշրջանի խաչքարերը գերազանցապես տապանաքարեր էին: Խաչքարերի պատկերաքանդակները կորցնում են թեմատիկ բազմազանությունը և ձեռք են բերում կենցաղային բովանդակություն: Այդպիսի խաչքարերի թիվը մեծ է Հայաստանի պատմական բոլոր գերեզմանոցներում, իսկ Նորադուզում և Հին Ջուղայում հասնում է հազարների: Ջուղայական խաչքարերով էլ իր ավարտին է hասնում հայ միջնադարյան արվեստի այդ նշանավոր բնագավառի պատմական զարգացման ընթացքը:

 Համընդհանուր տնտեսական ու քաղաքական ճգնաժամը սակավ չափով է անդրադառնում կիրառական արվեստի զանազան ճյուղերի զարգացման վրա: Հայտնի է, որ շատ երկրներ են վաճառահանվել հայկական գորգերը, որոնք անգամ պատկերվել են եվրոպական նկարիչների կտավներում: Հատկապես մեծ hամարում են ունեցել վիշապի ոճավորված պատկերով գորգերը՝ «վիշապագորգերը»: Հաջողությունների են հասել նաև ասեղնագործության, դաջման արվեստները:
 
 XV դ. անկում է ապրում բազմադարյան ավանդույթներով հարուստ հայկական ճարտարապետությունը, որր երկրի ընդհանուր ծանր վիճակի արտահայտությունն էր: XVI-XVII դդ. հայ ճարտարապետները և շինարար վարպետները գործունեություն են ծավալում գաղթավայրերում և Օսմանյան կայսրությունում: Կոստանդնուպոլսի կառուցապատմանը իրենց ծանրակշիռ ներդրումն ունեն նշանավոր ճարտարապետ Սինանը (1489-1578) և Պալյանների գերդաստանի ներկայացուցիչները, որոնք որպես արքունի ճարտարապետներ, արգասավոր գործունեությամբ աչքի ընկան երեք հարյուրամյակ՝ սկսած XVII դարից:
 
Աղբյուրը՝
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 192-193

 
                                                                                      Մարգարյան Հ.
 
 
Տես նաև՝
 
 
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am