Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք

 Ախթալայի Ս. Աստվածածին վանք: ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ժայռապատ խոր ձորերով եզերված բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա: Վաղ միջնադարում բնակավայրը կոչվել է Ագարակ, XII–XIII դդ.՝Պղնձահանք, իսկ Ախթալա անվանումն ստացել է ուշ միջնադարում: Ախթալայի

 ԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔՍուրբ Աստվածածին վանքը եղել է Հս. Հայաստանի ամենախոշոր քաղկեդոնիկ վանքը, XII–XIII դդ. կատարել է հոգևոր, կրթական ու մշակութային զգալի դեր: Վանքի տարածքը շրջապատված է X դ. Կյուրիկյան Բագրատունիների օրոք կառուցված ամրոցի բրգավոր պարսպապատերով, որոնք ձգվում են հս-ից հվ., հրվանդանի ամբողջ պարագծով: Գլխավոր մուտքը հս-ից է: Այն թաղակապ ձգված սրահ է, որից արլ. բարձրանում է շրջանաձև հատակագծով եռահարկ բրգաձև աշտարակը: XIII դ. Իվանե Ա Զաքարյանը վանքը վերածել է քաղկեդոնիկ մենաստանի: Պղնձահանքը դարձել է Գուգարքի վրացադավան հայերի կրոնական կենտրոն, հայ-վրացական կրթարան: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում XIII դ. գործել է Սիմեոն Պղնձահանեցին: Վանքում հավասարապես ուսումնասիրվել է հայկական և վրացական մատենագրություն: Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի վկայությամբ, Իվանե Ա Զաքարյանն այստեղ է պահել իշխան Վասակ Պռոշյանի ընծայած՝ Օրբելյանների <<Աստվածընկալ Սուրբ Խաչը>>, որն էլ Իվանե Ա 1216-ին նվիրել է Նորավանքին: ՊատմիչներԱԽԹԱԼԱՅԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔՎարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, 1227-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքում՝ իր իսկ կառուցած եկեղեցու դիմաց է թաղվել Իվանե Ա-ն: 1250-ին վանքում, հոր կողքին է թաղվել նաև Իվանեի որդի Ավագ Զաքարյանը: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է ամրոցի կենտրոնում և ունի մեկ զույգ ութանիստ մույթերով գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու աղոթասրահն արլ-ում ավարտվում է Ավագ խորանով, որի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներն են: Գմբեթը (չի պահպանվել) բարձրացել է երկու մույթի և խորանի եզրապատի հետհամատեղված որմնամույթերի միջև գցված կամարների վրա: Եկեղեցու ճակատների հարդարանքում առանձնանում են զույգ պատուհանների միջից բարձրացող մեծադիր քանդակազարդ խաչերն ու շքամուտքերը: Արլ. Ճակատը մշակված է եռանկյունաձև խորշերով: Ս. Աստվածածին եկեղեցուն արլ-ից կցված են սրահ և փոքր, արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով թաղածածկ, ուղղանկյուն խորանով եկեղեցի (XIII դ.): Վանքի բակի հս-արմ. Կողմում կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցին (XIII դ.)՝ արլ. ճակատից դուրս եկող կիսաշրջանաձև խորանով: Վանքն ունեցել է բնակելի և տնտեսական շինություններ, որոնցից պահպանվել են արլ. պարսպապատին հարող կրկնահարկ կառույցի պատերը: 1976–78-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը մասնակի վերանորոգվել է: Ս. Աստվածածին եկեղեցու ներսն ամբողջությամբ (բացի հս-արմ. մասից) նկարազարդված է: Պատերը, մույթերը, կամարները, խորանը ծածկված են Հին ու Նոր կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ բարձրարվեստ որմնանկարներով (XIII դ.): Խորանի գմբեթարդին Աստվածածինն է՝ գահին նստած,նրանից ցած՝ <<Հաղորդություն>> տեսարանն է, ներքևում՝ երկու շարքով, ողջ հասակով սրբերը (Բարսեղ Մեծը, Հռոմի Սեղբեստրոս պապը, Հակոբ Մծբնացին, Գրիգոր Ա Լուսավորիչը,Եվսեբիոս Կեսարացին ևն): Հս. պատի վերին մասում Աստվածածնի պատկերագրության երեք դրվագներն են, եկեղեցու հվ-արմ. Կողմը նվիրված է ս. Հովհաննես Մկրտչին: Սյուներին, միջնապատերին, կամարներին տարբեր սրբերի դիմապատկերներն են, որոնց շարքում առավել տպավորիչ են սյունակյացները: Արտակարգ բազմազան են զարդանկարները: Տարբեր տոնայնությամբ ու հնչեղ գույները, կապույտ ֆոնի հետ զուգակցված, ուժեղացնում են որմնանկարների հանդիսավորությունը և ճոխությունը: Որմնանկարների ստորին շերտը, ավետարանական թեմաներով, անմիջական աղերսունի XI դ. հայկական մանրանկարչության, հատկապես <<Մողնու Ավետարան>>-ի պատկերազարդման հետ: Այդ նմանությունն արտահայտվում է ոչ միայն որմնանկարների պատկերագրության մեջ, այլև մանրամասներում (դեմքերում, հագուստում ևն): Իսկ որմնանկարների վերին շերտը ոճով մոտ է բյուզանդական արվեստին: Հայկական մանրանկարչության հետ ոճական ընդհանրությունները, վրացական և հունական արձանագրությունները վկայում են, որ  Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները կատարել են քաղկեդոնական  հայ նկարիչներ: 

 


                                                                  Ջալալյան Ա., Քոթանջյան Ն

 

 

  Աղբյուրը՝ <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 28-29:

   Տես նաև՝

 

  Կիրակոս  Գանձակեցի, Հայոց պատմություն,Ե., 1982:

 

  Ոսկյան Հ., Գուգարքի վանքերը, Վնն., 1960:

 

  Եղիազարյան Հ., Ախթալայի վանքը և նրա հետ կապված Ախթալա ավանի մյուս հուշարձանները, <<Էջմիածին>>, 1968, դ 7:

 

  Մուրադյան Պ., Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե., 1977:

 

  Շախկյան Գ., Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Ե., 1986:

 

   Lidov A., The Mural Painting of Akhtala, Moskow, 1991.

 

 


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am