Սարգսյան Վազգեն Զավենի: Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում: Մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Երևանում: Թաղված է Եռաբլուրում: Եղել է պետական և ռազմական գործիչ, գրող, Ղարաբաղյան ազատագրական պայքարի առաջնորդներից։ 1999թ. արժանացել է Հայաստանի Ազգային  և Արցախի հերոսի կոչման։ Արամ Սարգսյանի եղբայրը։ 1983թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1986-1989-ին աշխատել է «Գարուն» ամսագրում։ Ակտիվորեն մասնակցել է հայկական ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, 1990-1992-ին եղել «Երկրապահ» կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատարը, 1993-ից՝ Երկրապահ կամավորականների միության հիմնադիր-նախագահ։ 1991-ին և 1995-1999-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1992-1993-ին, միաժամանակ՝ ՀՀ նախագահի՝ պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ, 1993-1995-ին՝ ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետնախարար։ Ղեկավարել է ՀՀ կանոնավոր բանակի կազմավորման ու բանակաշինության աշխատանքները։

 1999-ին ընտրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ապա՝ հանրապետական կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցությանյան համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կարեն Դեմիրճյանի հետ)։ 1999-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո, 1999-ի հունիսին Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։

 Որպես ռազմական և պետական գործիչ՝ ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի վերջին և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավոր, ջոկատներն ու մասնակցել Երասխավանի ինքնապաշտպանությանը։ 1992-ի օգոստոսին 15-ին հեռուստակոչով հավաքագրել է արծիվ-մահապարտների մի խումբ և էապես նպաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի առաջխաղացման կասեցմանը։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

 Լույս է տեսել Սարգսյանի «Հացի փորձություն» (1987), «Ոգու  փորձություն» (2000) ժողովածուները: «Հացի փորձություն» վիպակում արժևորել է  անհատի դերն ու պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի համար: Հրապարակախոսական հոդվածներում կարևորել է պետական անկախության  պետականաշինության, պաշտպանունակության բարձրացման և հզորաց:ման խնդիրները:

 Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1990-1992 թվականներին եղել է  պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: 1999-ին ստացել է «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ շքանշաններ»:

 Վազգեն Սարգսյանի անունով են կոչվել ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտը, Երևանի հանրապետական մարզադաշտը, մարզամշակութային կենտրոններ, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2003 թվականից Արարատում գործում է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն-թանգարանը:

 

Գրականության ցանկ

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր երկրորդ, Երևան, 2007 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am