Վարդանանց պատերազմը: Մարզպանական Հայաստանը արտոնյալ կարգավիճակով ինքնավար երկիր էր, որտեղ պահպանվում էին հայ նախարարների և բարձրադաս հոգևորականների ավանդական իրավունքներն ու արտոնություններր, պաշտոնակալությունները, հայկական զորաբանակը, հարկային համակարգը և այլն: Սասանյաններին տրվում էր միայն այնքան հարկ, որքան գանձվում էր վերջին հայ Արշակունիների օգտին: Հայ նախարարների քաղաքական միասնությունն արտահայտվում էր ընդհանուր զորաբանակով, որը գլխավորում էր հայոց սպարապետը, կառավարման միասնական համակարգով, հայոց կաթողիկոսի նախագահությամբ ըստ անհրաժեշտության գումարվող համազգային ժողովով: Պարսից թագավոր Հազկերտ 2-րդը 443 թ. հայոց մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443 - 451):
440-ական թթ. պարսից արքունիքը որդեգրեց մարզպանական Հայաստանի պետական ինքնավարությունը վերացնելու և այն պարսկական սովորական նահանգի վերածելու քաղաքականություն: Այդ ծրագիրը դյուրությամբ կենսագործելու համար 442թ. հայկական զորաբանակը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվեց Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերազմելու: 447 թ. «աշխարհադիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով պարսիկ պաշտոնյա Դենշապուհը ավելացրեց Հայաստանից գանձվող հարկերի չափերը, սահմանափակեց հոգևորականների իրավունքները, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտեց հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին զրկեց իրենց ժառանգական պաշտոններից և արտոնություններից՝ դրանք հանձնելով հայրենադավների կամ պարսիկների, խրախուսեց չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարեց հայ ժողովրդի ազգային և կրոնական զգացումները: Այս բոլորից հետո Հազկերտ 2-րդը 449 թ. հատուկ հրովարտակով պահանջեց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն, որով հայերը կզատվեին դաշնակից բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին: Նույն թվականին Արտաշատի ժողովում հայ մեծամեծ նախարարներն ու հոգևորականները միահամուռ մերժեցին Պարսից արքունիքի պահանջները: Մերժողական պատասխանը որակվեց հակապետական խռովություն: Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին կանչեցին Տիզբոն պատասխանատվության: Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմեցին առերես հավատափոխության և պատանդ թողնելով Գուգարաց բդեշխ Աշուշային, ինչպես նաև Վասակ Սյունու որդիներ Բաբկենին ու Ներսեսին՝ 449 թ. աշնանը պարսկական հսկիչ զորամասի և 700 մոգերի ուղեկցությամբ վերադարձան հայրենիք, որտեղ արդեն տարերայնորեն սկսվել էր պայքարր պարսկական բռնությունների դեմ:
Գլխավորելով ծավալվող ազգային ազատագրական պատերազմը` հայ նախարարները 449 թ. վերջին պարսկական տիրապետությունից լիովին ազատագրեցին երկիրը և տոնեցին իրենց առաձին հաղթանակը: Արտաշատում հաստատվեց ազգային իշխանության կազմը և խնդիր դրվեց վերականգնել թագավորությունը՝ գահի թեկնածուներ առաջադրելով Վասակ Սյունուն, Վարդան Մամիկոնյանին և Վահան (Ներշապուհ) Արծրունուն:
450 թ. ամռանը պարսկական զորաբանակը հազարապետ Միհրներսեհի գլխավորությամբ, Ատրպատականից ներխուժեց Փայտակարան և նախապատրաստվեց հարձակման: Պարսկական մի այլ զորաբանակ՝ Աղվանքի պարսիկ մարզպան Սեբուխտի հրամանատարությամբ, ճորա պահակից (Գարբանդի կիրճ) շարժվեց դեպի Հայաստանի սահմանագլուխ և ճամբարեց Կուր գետի ափին, Խաղխաղ բնակավայրի մոտ: Պարսից հրամանատարությունը ծրագրել էր վերոհիշյալ երկու ուղղություններով միաժամանակ ներխուժել հայոց Միջնաշխարհ, գրավել Արտաշատը և զենքով ճնշել հայերի ըմբոստությունը:
Հակառակորդի զորաշարժերից կռահելով նրա մտադրությունը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը հայկական զորքը բաժանեց երեք մասի. Միջնաշխարհի հսկողությունը հանձնարարվեց Վասակ Սյունու զորամասին, հարավ արևեյան կողմի հսկողությունը՝ Վահան Արծրունու զորամասին, իսկ իր գլխավորած այրուձին աճապարեց կանխել Սեբուխտի զորաբանակի առաջխաղացումը: Անցնելով Կուր գետը և հասնելով Խաղխաղում ճամբարած Սեբուխտի զորաբանակին՝ Վարդան Մամիկոնյանը հայկական ուժերը դասավորեց կենտրոնում և աջ ու ձախ զորաթևերում: Աջ զորաթևի հրամանատարությունը ստանձնեց Արշավիր Կամսարականը` օգնականությամբ Մուշ Դիմաքսյանի, ձախ զորաթևինը` Խորեն Խորխոռունին՝ օգնականությամբ Հմայակ Դիմաքսյանի, իսկ կենտրոնինը` Վարդան Մամիկոնյանը:
Ճակատամարտը սկսվեց հայկական զորամասերի շեշտակի գրոհով: Հակառակորդի զորքերը, տալով խոշոր կորուստներ, խուճապահար լքեցին մարտադաշտը և անկազմակերպ փախան դեպի մերձակա լեռներն ու անտառները, իսկ նրանց զգալի մասին հայ նետաձիգները Կուր և Լոպնաս գետերում ջրասույզ արեցին: Զարգացնելով պարսկական զորքերի դեմ շահած ռազմական նոր հաղթանակը՝ Վարդան Մամիկոնյանը հասավ մինչև Դարբանդի կապանը, ջախջախեց այնտեղ զետեղված պարսկական պահակազորը, դաշինք կնքեց հոների հետ, ապա Կապանի հսկողությունը հանձնելով Աղվանից իշխան Վահանին՝ 450 թ. աշնանը վերադարձավ Արտաշատ:
Սեբուխտի զորաբանակի և Դարբանդի Կապանի պահակազորի ջախջախումը, ինչպես նաև հոների հետ Վարդան Մամիկոնյանի կնքած փոխօգնության դաշինքը հակառակորդին հարկադրեցին մասնակիորեն փոխել իր մարտավարությունը: Հազկերտ 2-րդը հայտարարեց, որ հրաժարվում է Պարսից տերությանը ենթակա քրիստոնյաներին դավանափոխելու առաջարկից, «բայց միայն ի ծառայութենէ մերմէ մի' ելանէք»:
Բյուգանդական կայսրության կողմից հայերին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքի մերժումը, սեփական ուժերի նկատմամբ անվստահությունը և իր զավակների պատանդ լինելը Պարսից արքունիքում, ինչպես նաև Հազկերտ 2-րդի վերոհիշյալ հայտարարությունը մարզպան Վասակ Սյունուն նետեցին երկմտանքի և հոգեկան տառապանքների մեջ: Նրա վարանումն ու փառատենչությունը վարպետորեն օգտագործեց թշնամին: Պարսից փորձառու հազարապետ Միհրներսեհը շողոքորթ խոստումներով (դավանանքի ազատություն, հարկերի թեթևացում, ապստամբ նախարարների համաներում, մարզպանի թագադրություն և այլն) կարողացավ իր կողմը հրապուրել Վասակ Սյունուն և նրա համախոհ մի շարք նախարարների, որի հետևանքով ջլատվեց հայոց ազատագրական պայքարի միասնությունը: Դրանով իսկ երկրի ուժերը պառակտվեցին երկու հակամարտ կուսակցությունների՝ Վասակյանների և Վարդանանց միջև: Վասակյանները լքելով և ամայացնելով հայոց Միջնաշխարհի ձմեռոցներն ու զորակայանները՝ հեռացան նախ Սյունիք, ապա մեկնեցին Փայտակարան՝ պարսկական զորքերի ռազմաճամբար, որտեղ Միհրներսեհը նրանց արժանացրեց երեսպաշտ պատիվների ու կաշառքների:
Վասակյանների դավաճանությունը հայոց ազատագրական շարժմանը չհուսաբեկեց Վարդանանց: 450 թ. վերջին Արտաշատում կազմավորվեց նոր կառավարություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանն ընտրվեց նաև Հայոց տանուտեր, Վահան Ամատունին՝ հազարապետ, Խորեն Խորխոռունին՝ մաղխաղ, կաթողիկոս Հովսեփ Ա Հողոցմեցին (Վայոցձորցի)՝ Մեծ դատավոր և այլն: Նոր կառավարությունը իր շուրջը համախմբելով հայրենասեր և հավատարիմ ուժերին՝ վերահաստատեց ուխտապահ նախարարների և հոգևորականների ավանդական արտոնությունները, ամրացրեց երկրի քաղաքները, բերդերը, ամրոցները, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղիները և նախապատրաստվեց դիմագրավել թշնամուն:
Վարդանանք ծրագրել էին կասեցնել պարսկական զորքերի առաջխաղացումը դեպի Հայոց Միջնաշխարհ, վնասազերծել երկիրը թշնամու ասպատակություններից, ապահովել բնակչության խաղաղ կեցությունը: Մարտական այդ ծրագիրը կենսագործելու համար խնդիր դրվեց դեմ առ դեմ ճակատամարտում շոշափելի կորուստներ պատճառել թշնամուն, հնարավորության դեպքում խուճապի մատնել և հասնել հաղթանակի: Միաժամանակ ծրագրվել էր բաց ճակատամարտում վերջնական հաղթանակի չհասնելու պարագայում խուսափել խոշոր կորուստներից, խնայել սեփական ուժերը, պահպանել զինվորների մարտունակությունը, կանոնավոր շարքերով նահանջել երկրի խորքերը, դիրքավորվել բերդերում, ամրոցներում, լեռներում ու անտառներում, այնուհետև մանր կռիվներով ոչնչացնել իրենց հետապնդող հակառակորդի ցիրուցան զորամասերը: Այդ նպատակով 451 թ. ապրիլին հայկական 66 հազար հեծելազորային և հետևակային մարտիկներ, ինչպես նաև աշխարհազորայիններ (գյուղի շինականներ, քաղաքի ռամիկներ, հոգևորականներ) սպարապետի հրամանով հավաքվեցին Վասպուրականի Արտազ գավառում:
451թ. գարնանը Փայտակարանից և Ատրպատականից պարսկական զորագնդերը (շուրջ 80-90 հազար զինվոր, մարտական փղեր)՝ Մուշկան Նյուսալավուրտի զորավարությամբ, Հեր և Զարեվանդ գավառներով ներխուժեցին Արտազ գավառը և ճամբարեցին Տղմուտ գետի աջ ափին, Ավարայր գյուղի մոտ, ճահճուտներով շրջափակված դաշտում: Վարդան Մամիկոնյանի հանձնարարությամբ իշխան Առանձար Ամատունին հետախուզեց հակառակորդի տեղաշարժերը, զորքերի քանակը, կազմը և դիրքավորումը, ապա 2000 մարտիկով դարանակալեց և ոչնչացրեց շրջակա հայկական բնակավայրերն ասպատակող պարսկական զորամասը, իսկ մնացածներին հալածեց մինչև նրանց զորաճամբարը: Մայիսի 25-ին հայոց բանակն ընդհուպ մոտեցավ հակառակորդի զորաճամբարին և դիրքավորվեց Տղմուտի ձախ ափին:
Վճռական ճակատամարտից առաջ հակառակորդներն ընդունեցին մարտական դասավորություն: Մուշկան Նյուսալավուրտը հրամայեց առջևում շարել «փղերի երամակները. գունդ գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ երեք հազար սպառազեն մարդ դրեց»: Պարսից բանակի աջ զորաթևը հզորացվեց բազմաթիվ գնդերով: Եղիշեն և Ղազար Փարպեցին վկայում են, որ պարսից աջ զորաթևում Վարդանանց դեմ Ավարայրի ճակատամարտին մասնակցում էին նաև վասակյանները: Հակառակորդի պահեստազորը Մատյան (Անմահ) կոչվող 10 հազարանոց արքունի զորագունդն էր, որն ամրափակվել էր «իբրև մի աշտարակ կամ իբրև անմատույց մի բերդ»: Հակառակորդի կենտրոնի և Մատյան գնդի միջև զետեղվեցին ամենաընտիր և քաջ զինվորականները, որտեղից ճակատամարտը հսկում և հրամաններ էր արձակում Մուշկան Նյուսալավուրտը: Վարդան Մամիկոնյանը նույնպես իր զորաբանակը դասավորեց աջ և ձախ զորաթևերի, կենտրոնի և առանձնացրեց պահեստազորը: Կենտրոնական զորախմբի հրամանատարությունը հանձնարարվեց Ներշապուհ Արծրունուն` օգնականությամբ Մոկաց մեծ իշխան Արտակի, աջ զորաթևինը՝ Խորեն Խորխոռունուն` օգնականությամբ Արսեն Ընծայեցու և Ներսեհ Քաջբերունու, ձախ զորաթևինը՝ Թաթուլ Վանանդեցուն, օգնականությամբ՝ Տաճատ Գնթունու, պահեստազորը` Արշավիր Կամսարականին և Համազասպ Մամիկոնյանին: Վճռական գոտեմարտից առաջ հայոց կաթողիկոս Հովսեփ Հողորմեցին և Ղևոնդ Երեցը և ուրիշ հոգևորականներ հորդորիչ ճառերով խրախուսեցին հայ մարտիկներին: Վարդան Մամիկոնյանը նույնպես կոչ արեց «ոչնչացնել թշնամու զորությունը, որպեսզի հաղթանակի ճշմարտությունր»՝ պատվիրելով «միայն թե արիության և քաշության մեջ վախկոտություն չխառնեք», որովհետև «վախը թերահավատության նշան է»:
Ճակատամարտը` փոխադարձ հարձակմամբ սկսվեց մայիսի 26-ին, շաբաթ օրվա վաղ արշալույսին: Հայկական զորագնդերն անցան Տղմուտ գետը, բուռն գրոհով խրվեցին հակառակորդի մարտակարգի մեջ և ամբողջ ճակատով մարտի բռնվեցին նրա կենտրոնի և զորաթևերի դեմ: Հայկական զորքերի ճնշմամբ թշնամու զորաբանակի կենտրոնը և ձախ թևը տալով զգալի կորուստներ՝ սկսեցին դանդաղորեն նահանջել: Մինչդեռ պարսից առավել հզոր աջ զորաթևը կարողացավ ընկճել Թաթուլ Վանանդեցու գլխավորած ձախ զորաթևը և սպառնում էր խարխլել հայոց զորքերի ընդհանուր մարտակարգը: Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` Վարդան Մամիկոնյանը հայոց պահեստազորի մի մասը` Արշավիր Կամսարականի հրամանատարությամբ, նետեց կենտրոն` թշնամու վրա ճնշումը սաստկացնելու համար, իսկ պահեստազորի մնացած մասով օգնության շտապեց Թաթուլ Վանանդեցու ընկրկող ձախ զորաթևին: Վճռական հակահարվածով ետ շպրտելով թշնամու աջ զորաթևը և զարգացնելով գրոհը` Վարդան Մամիկոնյանը անցավ հակառակորդի թիկունքը և անսպասելի հարվածով խուճապի մատնեց Մատյան զորագունդը: Բայց շուտով Մուշկան Նյուսալավուրտը նահանջող աջ զորաթևին և Մատյան գնդին հրամայեց վերադասավորվել և շրջապատեց հայոց հիմնական զորաբանակից մեկուսացած Վարդան Մամիկոնյանի փոքրաթիվ հեծելազորը: Այստեղ անհավասար մարտում թեև հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը, սակայն նախանշված մարտական առաջադրանքի համաձայն ընդհանուր ճակատամարտը շարունակվեց մինչև օրվա վերջալույսը:
Հայկական զորքերը հիմնովին կատարելով վաղօրոք մշակված իրենց ռազմական առաջադրանքը՝ ուշ երեկոյան աղջամուղջին մարտական շարքերով անցան Տղմուտի ձախ ափը և նահանջեցին երկրի խորքերը` զինված պայքարը շարունակելու վճռականությամբ: Հայկական զորագնդերն ամրացան Տայքում, Պարխարի լեռներում, Խաղտիք «աշխարհի» բերդերում, Արցախում Մոկսում, Տմորիքում և այլուր:
Ավարայրի ճակատամարտում պարսկական զորաբանակը տվեց 3544 սպանված, իսկ Վարդանանց զորաբանակը` 1036 զոհ: Պարսից զորավար Մուշկանը սաստիկ մտահոգված էր իր զորքերի կորուստների համար, «մանավանդ, երբ տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածներր երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը, նրա ուժն ու զորությունը կոտրվեց, ընկավ... որովհետև պատերազմն այնպես չվերջացավ, ինչպես ինքը կարծում էր»:
Մարտական գործողությունները շարունակելու և հայկական զորքերի դիմադրությունն ընկճելու նպատակով պարսից հրամանատարությունը լրացուցիչ ուժեր խնդրեց Հազկերտ 2-րդից: Զգալի համալրում ստացած պարսկական զորքերը ներխուժեցին հայոց Միջնաշխարհ` փորձելով ընկճել Կապույտ լեռան ամրոցներում պաշտպանվող հայկական զորամասերին: Սակայն համառ մարտերում պարսկական զորքերը ջախջախվեցին, իսկ մնացորդները դիմեցին խուճապահար փախուստի: Վարդան Մամիկոնյանի կրտսեր եղբայր, իշխաններ Արտեն Գաբեղյանի և Վարազշապուհ Պալունու հրամանատարությամբ գործող զորամասերը, որ ամրացել էին Պարխարի լեռներում, Տայքի ու Խաղտիքի բերդերում, նույնպես ջախջախեցին իրենց հետապնդող պարսկական զորքերին: Այդ մարտերում քաջությամբ զոհվեց Հմայակ Մամիկոնյանը: Պարսկական պատժիչ զորքերը ծանր կորուստներ ունեցան նաև Արցախում, Տմորիքում և այլուր: Ավարայրի ճակատամարտում, այնուհետև 451թ. ամռանն ու աշնանը երկրի զանազան շրջաններում պարսկական զորքերի դեմ շահած հաղթանակներով Վարդանանք կանխորոշեցին ազատագրական պատերազմի ընդհանուր ելքը: Եղիշեն քանիցս հավաստում է, որ Վարդանանց հաղթանակները Սասանյան արքունիքին հարկադրեցին պարսկական զորքերը դուրս բերել Մարզպանական Հայաստանից և ճանաչել նրա նախկին ինքնավարությունը, հրաժարվել հայերին բռնությամբ դավանափոխելու քաղաքականությունից, մեկ տարով հայերից չգանձել, այնուհետև թեթևացնել հարկերը, հայոց այրուձին չօգտագործել պարսից նպատակների համար, ներում շնորհել նախարարներին և վերահաստատել իրենց կալվածքներում: Վարկաբեկված և դավաճանի անունով խարազանված Վասակ Սյունին հայերի վճռական պահանջով պաշտոնազրկվեց, ապա ենթարկվեց մահապատժի: 451թ. վերջին հայոց մարզպանի պաշտոնն ստանձնած Ատրորմիզդ Արշակունին Հազկերտ 2-րդի լիազորությամբ ազդարարեց, որ «ապստամբությունր ներված է, և կրկին իրավունք է շնորհված եկեղեցիները շինելու, և բոլոր կարգերը դարձյալ նորոգելու առաջվա սովորության համաձայն»:
Հետևաբար, անընդունելի են պատմագիտության մեջ տարածում ստացած այն տեսակետները, որոնց համաձայն Վարդանանց ազատագրական պատերազմի, մասնավորապես Ավարայրի բախտորոշ ճակատամարտի ելքը բնորոշում են ա) հայերի պարտությունը և պարսիկների լիակատար հաղթանակը, բ)հայերի բարոյական և պարսիկների ֆիզիկական հաղթանակը, գ)կողմերից ոչ մեկի հաղթանակը, ոչ էլ պարտությունը: Սույն եզրակացությունների հեղինակները սովորաբար վկայակոչում են «ոչ մի կողմը հաղթեց, և ոչ մի կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ զուրս գալով երկու կողմերն էլ պարտություն կրեցին» Եղիշեի այս պատկերավոր և այլաբանական նախադասությունը՝ փաստորեն անտեսելով նույն պատմիչի այլ արժանահավատ վկայությունները:
Մարզպանական Հայաստանում խաղաղություն հաստատվելուց հետո Հազկերտ 2-րդի հրամանով ձերբակալվեցին և Վրկանաց, ապա Ապար «աշխարհներ» աքսորվեցին Վարդանանց ազատագրական շարժման մասնակից մի շարք նախարարներ ու հոգևորականներ: Նյուշապուհ քաղաքի բերդում բանտարկված հոգևորականները, որ հայտնի են «Ղևոնդյան քահանայք» հավաքական անվանումով, 454 թ. սրատվեցին Հազկերտ 2-րդի հրամանով, իսկ նախարարները բանտարկվեցին Հրև (այժմ՝ Հերաթ) քաղաքի բերդում: 459 թ. Սասանյան նորահաստատ արքա Պերոզը ներում շնորհեց բանտարկված հայ նախարարներին, որոնք 463-466թթ. հայրենիք վերադարձան: Այնուհանդերձ, Վարդանանց պատերազմից դասեր քաղած Պարսից արքունիքը երկար տարիներ Մարզպանական Հայաստանի հանդեպ վարում էր սիրաշահող և խիստ զգուշավոր քաղաքականություն:
Վարդանանց պատերազմը պարսկական բռնապետության դեմ հայ ժողովրդի ազատագրական պայքարի, ազգային ինքնուրույնության և աննկուն կամքի դրսևորման ամենավառ և դյուցազնական էջերից է: Այդ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին V դարից ի վեր Հայոց եկեղեցին ճանաչեց «Հայրենիքի սուրբ նահատակներ» և նրանց հիշատակի օրը մտցրեց իր ամենամյա տոների մեջ: Վարդանանց տպավորիչ և չխամրող հաղթանակները դարեր շարունակ ոգեշնչել և ուղեկցել են հայ ժողովրդին՝ օտար նվաճողների դեմ նրա մղած ազատագրական պատերազմներում:
Գեղարվեստական գրականության մեջ Վարդանանց պատերազմը իր արտացոլումն է գտել նաև Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» ստեղծագործության մեջ:
Գրականության ցանկ
Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ.,
Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, «Հայաստան» հրատ., Երևան, 1994 թ.
Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք առաջին, <<Սովետական գրող>>, Երևան, 1977:
Դեմիրճյան Դ., Երկեր, Գիրք երկրորդ, <<Սովետական գրող>>, Երևան, 1977:
Դեմիրճյան Դ., Վարդանանք, Գիրք Ա, <<Հայաստան>> հրատ., Երևան, 1968:
Դեմիրճյան Դ., Վարդանանք , Գիրք Ա., <<Հայաստան>> հրատ., Երևան, 1968:
Գնունի Ա., Ավարայր, Էջմիածին, 2015 Բ.
Հարությունյան Բ., Սպարապետ Վարդան Մամիկոյնանը հայոց թագավոր, Մուղնի հրատ., Երևան, 2001 թ.:
Կատվալյան Մ.