Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Վանի 1896 թվականի ինքնապաշտպանությունը

 Վանի 1896 թվականի ինքնապաշտպանությունը։ Արևմտահայ ազատագրական շարժումը չշրջանցեց Վանի վիլայեթը և հատկապես վերջինիս կենտրոն Վան քաղաքը։ Ռուսական և պարսկական սահմաններին մոտ գտնվելը, Արևմտյան Հայաստանի այլ վիլայեթների համեմատ՝ մեծամասնություն կազմող հայ բնակչության առկայությունը բարենպաստ պայմաններ էին այստեղ ազատագրական պայքարի կազմակերպման համար։ Հատկապես պարարտ միջավայր էր ստեղծվել Վան քաղաքում։ Մկրտիչ Խրիմյանի և Մկրտիչ Փորթուգալյանի գործունեության հետևանքով ձևավորված, կրթված ու գաղափարապես հասուն երիտասարդների սերունդը կորիզ դարձավ Արմենական կուսակցության կազմավորման ու կազմակերպորեն ծավալման համար։ 1890-ականների սկզբներից Վանում իրենց կառույցները ստեղծեցին նաև Դաշնակցական և Հնչակյան կուսակցությունները։ Արմենականների ակնհայտ տիրապետող դիրքի պայմաններում նրանք տարեցտարի խտացրին իրենց համակիրների շարքերը։

 Օսմանյան իշխանություններն, իրենց հերթին, տեսադաշտից դուրս չէին թողել Վանը։ Այն, ինչպես Էրզրումը, Սասունն ու Զեյթունը, ընկալվում էր որպես հայկական հեղափոխության օջախ և վաղ թե ուշ իր վրա նույնպես պետք է ընդուներ թշնամու ծանր հարվածը։ Բաբ Ալիի ցույցին հաջորդած զանգվածային ջարդերի ալիքը հասավ նաև Վանի վիլայեթի սահմաններին։ 1895 թ. աշնանից այստեղ հաճախակի դարձան թալանի և սպանությունների դեպքերը։ Դրանց հետևանքով հայբնակ֊չությունը խմբերով լքում էր գավառներն ու գյուղերը՝ փորձելով ապաստան գտնել Վանում։

 Ջարդերի բոթը և գավառներից տեղահանված բնակչության մուտքը Վան անհանգստացրին վանեցիներին՝ հարկադրելով մտահոգվել ինքնապաշտպանության մասին։ Տեղի Արմենական, Դաշնակցական և Հնչակյան կառույցները եռանդուն քայլեր ձեռնարկեցին զենք ու զինամթերք ձեռք բերելու և բնակչությանը զինելու ուղղությամբ։ 1895 թ. աշնանը հայդուկային ու զինատար մի շարք խմբեր՝ Ներսեսի (Գ. Պեոզիկյան), Վազգենի (Տ. Տերոյան), Նիկոլ Դումանի (Ն. Տեր-Հովհաննիսյան)Նիկոլ դուման և այլոց գլխավորությամբ, հատեցին թուրք-պարսկական սահմանը և շտապեցին Վան։ Քաղաքում և մերձակա գավառներում մինչ այդ գործում էին նաև հիմնականում տեղացիներից կազմված մի քանի զինյալ խմբեր։ Նույն տարվա վերջին, երկարատև բացակայությունից հետո, Վան վերադարձավ և արմենական կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Մկրտիչ Ավետիսյանը։

Իրավիճակն ավելի սրվեց, երբ 1895 թ. վերջին արտակարգ լիազորություններով Վան ժամանեց սուլթանի թիկնապահ Սաադէղգին փաշան։ Առերևույթ նրա խնդիրը խաղաղության ապահովումը և բարենորոգումների իրագործումն էր։ Իրականում նա ուներ Վանի վիլայեթում զանգվածային ջարդեր կազմակերպելու հանձնարարություն։ Հասկանալով դա՝ երեք կազմակերպությունների ղեկավարները՝ Մ. Ավետիսյանը, դաշնակցական Պետոն (Ալ. Պետրոսյան) ու Հնչակյան Մարտիկը (Մ. Սարուխանյան), վճռեցին գործել համերաշխ, խուսափել բացահայտ ու հրահրիչ քայլերից և ջարդի առիթ տալուց։ Արտաքուստ հանգստության պայմաններում համախմբվում էին հայկական ուժերը։ Մ. Ավետիսյանի նախաձեռնությամբ բնակչությունից գումարներ էին հանգանակվում՝ Պարսկաստանում զենք ու զինամթերք ձեռք բերելու և Վան փոխադրելու համար։

 Զմեռն անցավ համեմատաբար խաղաղ։ Սաադէղգինն արդեն պատրաստվում էր հեռանալ, բայց արմենական խմբի ու թուրքական պահակախմբի միջև 1896 թ. մարտին տեղի ունեցած պատահական բախումից հետո փոխեց մտադրությունը։ Բարեկարգությունները հսկելու պատրվակով նա մեկնեց գավառներ։ Ջարդերի հրահանգներ տալով և կազմակերպելով քուրդ ցեղապետներին՝ Սաադէղգինը երկու ամիս անց վերադարձավ Վան։ Շուտով նա ջարդ սկսելու հարմար առիթ ստացավ։

 1896 թ. հունիսի 2-ին իշխանությունները խուզարկեցին դաշնակցական գործիչ Տիգրան Տերոյանի տունը և ձերբակալեցին վերջինիս քրոջը՝ Զարուհի Տերոյանին; Այդ դեպքը սրեց իրավիճակը Վանում։ Հունիսի լույս 3-ի գիշերը զինյալ բախում տեղի ունեցավ թուրքական պահակախմբի և Պարսկաստանից Վան աղ փոխադրող մաքսանենգ քրդերի միջև։ Եղան սպանվածներ ու վիրավորներ։ Այգեստանի զորահրամանատար Հալիմը շտապեց մեղքը բարդել հայերի վրա։ Խաչ փողոցի հրապարակում, թուրք խուժանին ի տես, ցուցադրվեցին սպանված և մահամերձ թուրք զինվորների մարմինները։ Վաղօրոք զենք ստացած խուժանը՝ ծպտյալ զինվորների ու ժանդարմների առաջնորդությամբ, հունիսի 3-ին համատարած գրոհ ձեռնարկեց հայաբնակ թաղամասերի վրա։ Շուտով, հրի մատնելով Նորդուզն ու Հայոց ձորը, իր հրոսակախմբով Վան ներխուժեց նաև բալաքցի քուրդ ավազակպետ Շաքիրը։

 Այգեստանի Հայկավանք, Նորշեն և Կլոր Դար թաղերի հայ բնակչությունը, որն ապրում էր թուրքերի հետ կողք-կողքի, սկզբում խուճապի մատնվեց և մեծ կորուստներ ունեցավ։ Բայց հունիսի 4-ի առավոտվանից հայկական ինքնապաշտպանությունը կանոնավոր մարտերի բնույթ ստացավ։ Այգեստանում հրավիրված արտակարգ ժողովում ստեղծվեց միացյալ պայքարի ճակատ՝ Մկրտիչ Ավետիսյանի, Պետոյի և Մարտիկի գլխավորությամբ։ Նրանց համատեղ ջանքերով կյանքի կոչվեց նախապես պատրաստված դիմադրության ծրագիրը։ Երեք կուսակցություններն իրենց տրամադրության տակ ունեին շուրջ հինգ հարյուր տարբեր տիպի հրացաններ ու ատրճանակներ։ Նախապես ցուցակագրված հինգ հարյուր երիտասարդներ, որոնց միջուկը կազմում էին արմենական զինյալները, դիրքավորվեցին թուրքական թաղամասերին սահմանակից երկհարկանի տների վերին հարկերում՝ ստեղծելով դիրքեր։ Եվս նույնքան հայ երիտասարդներ, ինչով հնարավոր է զինված, ամեն կերպ օժանդակում էին կռվողներին՝ պատրաստ ցանկացած պահին փոխարինելու զոհվածներին ու վիրավորներին։ Թշնամու հեծելազորի առաջխաղացումը կասեցնելու նպատակով կտրել և ցած էին գցել Այգեստանի փողոցնևրը եզերող հսկա ուռենիները, առուների հուները փակելով՝ ջրով ողողել էին թաղամիջյան ճանապարհները։

 Խաղաղ բնակչությունը քաղաքի վտանգված վայրերից հեռացավ դեպի ներքին հայաբնակ թաղերը կամ տեղավորվեց պարսկական, անգլիական ու ռուսական հյուպատոսարաններում և դրանց կից տներում: Հայ բնակչությունը պաշտպանություն գտավ նաև ֆրանսիացի և ամերիկացի միսիոներների մոտ։

 Մինչև հունիսի 6-ը հայկական դիրքերը մնացին աներեր զորքի, թուրք և քուրդ խուժանի կատաղի գրոհների հանդեպ։ Հայ մարտիկները, զուրկ զինամթերքի անհրաժեշտ պաշարներից և որևէ տեղից օժանդակության ակնկալիք չունենալով, շարունակում էին հերոսաբար մարտնչել։ Հայկական դիմադրությունն այնքան ազդեցիկ էր, որ Աաադէղդինը հյուպատոսների միջոցով առաջարկեց դադարեցնել պայքարը և անարգել անցնել Պարսկաստան։ Փոխարենը նա խոստանում էր հայ խաղաղ բնակչությանը տալ կյանքի ապահովություն։ Չվստահելով նրա անկեղծությանը՝ ինքնապաշտպանության առաջնորդները սկզբնապես մերժեցին առաջարկը։ Կռիվներն ավելի սաստկացան։ Հայ մարտիկներն առանձին դեպքերում անցնում էին հակահարձակման և նույնիսկ հունիսի 7-ին թշնամուց խլեցին երկու թնդանոթ։ Բայց թշնամին դիմում է ավելի կտրուկ քայլի։ Այգեստանին իշխող բարձունքի վրա տեղադրվում են թնդանոթներ։ Դիպուկ նշանառությամբ ավերվում են հայկական մի քանի դիրքեր։ Այդ հանգամանքը, նաև զինամթերքի սպառվելու վտանգը ինքնապաշտպանության ղեկավարներին հարկադրում են ընդունել թշնամու առաջարկր։ Վերջինս, իր հերթին, երաշխավորում էր հայ մարտիկների ապահով նահանջը մինչև պարսից սահման։

 Ինքնապաշտպանության ղեկավարները Թերլեմեզյանների ընդարձակ պարտեզում կազմակերպում են միջկուսակցական բազմահազարանոց հավաք և ներկաներին հայտնում, որ հանուն խաղաղության ու բնակչության անվտանգության իրենք կամովին հեռանում են երկրից։

 Հունիսի 8-ին Վանի կռվող ուժերը դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Վարագա լեռը։ Հակառակ ղեկավարների կամքին՝ նրանց միացան նաև հարյուրավոր անզեն երիտասարդներ։ Օգտվելով նրանց հեռանալուց և Սաադէղդինի թողտվությունից՝ մահմեդական խուժանը հարձակվեց հայկական անպաշտպան դիրքերի վրա, ավերեց և կողոպտեց տներն ու եկեղեցիները, սրի քաշեց այնտեղ մնացած անպաշտպան մարդկանց։ Միայն հունիսի 10-ին Սաադկղդինր ջարդերը դադարեցնելու հրաման տվեց։ Ընդհանուր առմամբ Վանի խաղաղ բնակչությունը տվեց շուրջ չորս հարյուր զոհ՝ գլխավորապես ինքնապաշտպանության առաջին ու վերջին օրերին։

 Դրան հակառակ, անողոք ճակատագիր էր վիճակված Վանից հեռացած մոտ 1500 զինված ու անզեն երիտասարդների մեծ մասին։ Մ. Ավետիսյանը, Պետոն ու Մարտիկն անիմաստ էին համարում անզեն երիտասարդների հեռանալը Վանից և նրանց համոզում էին հետ վերադառնալ։ Բայց, ի վերջո, Մ. Ավետիսյանը տեղի տվեց։ Նրա գլխավորած արմենականների զինյալ խումբը բաժանվում է մյուսներից և Բաչկալե-Աղբակ ուղղությամբ շարժվում դեպի պարսկական սահման։ Չունենալով հմուտ ուղեկցողներ, խումբը մոլորվում է, անձրևի ու կարկուտի տակ մնալով՝ կորցնում մարտունակությունը։ Արդյունքում՝ արմենական կուսակցության ծաղիկն ու մտավորականությունը կազմող 800 հոգիանոց այդ խումբը Ս. Բարդուղիմեոսի վանքի լեռնադաշտում շրջապատվում է Սաադէղդինի ուղարկած զորքի ու քրդերի կողմից և գլխովին ջախջախվում։ Զոհվում է նաև Վանի ինքնապաշտպանության ղեկավար Մ. Ավետիսյանը։ Փրկվում և Սալմաստ է հասնում ընդամենը 30 հոգի։

 Պետոյի և Մարտիկի շուրջը համախմբված խումբը արմենականների հեռանալուց հետո ևս մի քանի օր մնում է Վարագա լեռներում։ Խմբի ղեկավարներին հաջողվում է համոզելով, երբեմն էլ բռնությամբ իրենց 500-600 անզեն հետևորդներին փոքր խմբերով վերադարձնել Այգեստան։ Զինյալ խմբով Վան է վերադառնում նաև Տիգրան Տերոյանը։ Մնացածները, շուրջ 80 զինյալներ, Պետոյի և Մարտիկի գլխավորությամբ Աբաղայի գծով շարժվում են դեպի Պարսկաստան։ Բայց ուխտադրուժ թշնամին ակնդետ հետևում էր նաև այս խմբի քայլերին։ Գարահիսար լեռան լանջին խումբն ընկնում է շրջապատման մեջ և անհավասար ու կատաղի կռվում լիովին ոչնչանում։

 Վանի հերոսական ինքնապաշտպանությունը ձախողեց Վասպուրականի հայության զանգվածային ջարդ կազմակերպելու իշխանությունների ծրագիրը։ Դա հնարավոր եղավ կանխել քաղաքական երեք կուսակցությունների դրսևորած աննախադեպ միասնականության շնորհիվ և մեծ զոհողությունների գնով։ Ամենածանր կորուստը կրել էր արմենական կուսակցությունը, որի պատճառով նա խիստ թուլացավ և հայոց ազատամարտում մղվեց երկրորդական դիրքեր։ Բայց ինչպես Հնչակյանների թուլացումն ու պառակտումը, այնպես էլ արմենականների երկրորդ պլան մղվելը չկասեցրին պայքարի հետագա ընթացքը։ Օսմանյան բռնապետությունը ցնցող նոր հարվածներով զինյալ պայքարի ղեկը եկավ ստանձնելու դաշնակցությունը։

 

Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 412-417

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am