Վանցյան Վաչագան ՀունանիՎանցյան Վաչագան Հունանի: Ծնվել է 1913թ. մայիսի 14-ին Ձակ գյուղում (Ախալքալաքի շրջան, Ջավախք): Հայրենական մեծ պատերազմի սկզբում կամավոր զորակոչվել է զինված ուժեր: 1942թ. մայիսից ակտիվ մասնակցել է Ռժևսկ-Սիչևյան, իսկ 1943թ. ապրիլից Բելոռուսական գործողությանը, ցուցաբերել խիզախություն և արիություն: Շումիլինո երկաթուղային կայարանի շրջանում Վանցյանը ոչնչացրել է հակառակորդի 3 գնդացրային կետ, ետ մղել 2 հակագրոհ: Հատկապես աչքի է ընկել Նեմանի գետանցման ժամանակ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 9 զինվոր: 1944թ. օգոստոսի 1-ին Վանցյանը գրավել է պլացդարմ և պահել այն մինչև հիմնական ուժերի գալը, ետ մղելով հակառակորդի 5 գրոհ, ծանր վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը, արյունաքամ լինելով` պահել է պլացդարմը: Մնալով մենակ՝ հավաքել է վերջին ուժերը և պայթեցրել հակառակորդի տանկը, իսկ ինքը զոհվել: Թաղված է Շիլան գյուղում (Բիրտայի շրջան, Լիտվա): Առաջինների թվում Նեմանի հաջող գետանցման, պլացդարմի պահման, արիության և հերոսության համար հաստոցային գնդացրի գնդացրային հաշվարկի (259-րդ Հրաձգային գունդ, 179-րդ Հրաձգային դիվիզիա, 43-րդ Բանակ, 1-ին Մերձբալթյան ռազմաճակատ) հրամանատար սերժանտ Վ. Հ. Վանցյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1945թ. մարտի 24-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով (ԽՍՀՄ ԳԽՆ վկայականը հանձնվել է կնոջը): Հայրենական մեծ պատերազմի մարտերում երեք անգամ վիրավորվել է: Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am