Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Տրդատ 1-ինին հաջորդած գահակալները

  Տրդատ 1-ինին հաջորդած գահակալները: Տրդատ 1-ին հաջորդում է Սանատրուկ 2-րդը ( 88-110 թթ.): Նրա մասին հույն պատմիչ Արիանոսը գրել է. <<Հայոց թագավոր Սանատրուկն ուներ միջակ հասակ, բայց հակված էր դեպի ամեն մի մեծ բան և մանավանդ դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, նաև չափավոր ու ողջամիտ էր,ինչպես լավագույնները՝ հույների և հռոմայեցիների մեջ>>:

Մշո դաշտ  Սանատրուկն իր աթոռանիստն էր դարձրել նոր հիմնադրված Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին՝Մշո դաշտում: Այստեղով անցնում էր Տիգրանակերտից Արտաշատ գնացող առևտրական և ռազմական կարևոր նշանակության ճանապարհը: Մծուրք քաղաքը հետագայում կործանվել է երկրաշարժից: Սանատրուկը մահանում է 110 թ.: Նրա գերեզմանը Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդում էր: Երկու հարյուր հիսուն տարի անց, երբ պարսից արքա Շապուհ II-ի զորքերը ներխուժել էին Անի բերդը և թալանելու նպատակով ավերել էին Արշակունիների գերեզմանները, չէին կարողացել քանդել Սանատրուկի հսկայաշեն և ամրապինդ շիրիմը:

  Հռոմեա-պարթևական պայմանավորվածությամբ որոշվեց, որ պարթև Արշակունիները պետք է ստանային Հռոմի համաձայնությունը՝ իրենց տոհմից նոր թեկնածուին հայոց գահին նստեցնելու համար: Երկու տերությունների միջև հարաբերությունները խիստ սրվում էին, երբ որևէ կողմը,խախտելով Հռանդեայի դաշնագրի պայմանը, հայոց գահին էր դնում իր թեկնածուին: Այդպես եղավ, երբ Սանատրուկից հետո Հռոմի համաձայնությամբ գահակալած Աշխադարին պարթևական արքունիքը գահընկեց է անում և առանց Հռոմի համաձայնության գահ բարձրացնում պարթև արքայազն Պարթամասիրին: Դժգոհելով պարթևների ինքնակամ որոշումից՝ 114 թ.Տրայանոս կայսրը (98-117 թթ.) իր զորքով ներխուժում է Հայաստան և ճամբար դնում Եկեղյաց գավառում, որտեղ նրան ներկայանում է Պարթամասիրը: Բանակցություններից հետո Պարթամասիրն իրեն ուղեկցող պարթևների և հռոմեական պահակախմբի  միջև տեղի ունեցած բախման ժամանակ սպանվում է: Տրայանոսը փորձում է Հայաստանը հռչակել Հռոմեական կայսրության նահանգ, սակայն շուտով Հռոմի նոր կայսր Հադրիանոսը Հայաստանից դուրս է բերում կայսերական զորքերը՝ դրանով իսկ ճանաչելով Մեծ Հայքի թագավորության անկախությունը:
 
 Մայր աթոռ սուրբ Էջմիածին Վաղարշապատը (այսօր ավելի ճանաչելի է Էջմիածին անունով)Վաղարշ I. Վաղարշապատ մայրաքաղաքի հիմնադրումը: Հայոց նոր թագավոր հռչակված Վաղարշ I-ի (117-140 թթ.) օրոք Արարատյան դաշտում` Շրեշ բլրի վրա տարածվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը զարգանում և վերածվում է մի մեծ քաղաքի: Թագավորը քաղաքը շրջապատում է ամուր պարիսպներով և իր անունով կոչում Վաղարշապատ (կոչվում էր նաև<<Նոր քաղաք>>): Այն դառնում է Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը:
 Վաղարշ I-ից հետո Հայաստանի թագավոր է նշանակվում Հռոմի Ծերակույտի անդամ Սոհեմոսը՝ Արշակունյաց շառավղից: Նրա կյանքի որոշ դրվագներ նմանվում են Մովսես Խորենացու նկարագրած Տիգրան Վերջինի ժամանակաշրջանին, ուստի պատմագրության մեջ ընդունված է համարել, որ Սոհեմոսը հայտնի էր նաև Տիգրան անունով: Նա երկու անգամ է գահակալել Հայաստանում:
 Սոհեմոսի գահակալության սկզբնական շրջանում հայ ժողովուրդն ապստամբում է՝ Տրդատ իշխանի գլխավորությամբ: Սակայն հռոմեական պատժիչ ուժերը ճնշում են ապստամբությունը: Տրդատն աքսորվում է Բրիտանիա` կայսեր հրամանով:
 Հռոմի վարած այդպիսի քաղաքականությունը պարթևները համարում են Հռանդեայի պայմանագրի խախտում և կռիվներ են մղում կայսրության դեմ: Այդ իրավիճակում Սոհեմոսը դուրս է վտարվում Հայաստանից: 161 թ. հայոց գահին է բարձրանում Բակուր Արշակունին, որին,սակայն, հռոմեացիները գահընկեց են անում և տանում Հռոմ (163 թ.): Բակուրը Հռոմում ընդունվում է Ավրելյան ազգականության մեջ: Իր եղբոր` Միհրդատի համար կառուցված դամբարանի վրա հունարեն գրված արձանագրությունում նա հիշատակել է իր արքայական տիտղոսը. <<Ավրելիոս Պակորոս (Բակուր)՝ Մեծ Հայքի թագավոր>>: Հռոմեացիները հայոց գահին կրկին բարձրացնում են Սոհեմոս-Տիգրանին (164-185 թթ.), որի գահակալության տարիներինԱրտաշատում հռոմեական լեգեոններ կային: Այդ մասին են վկայում Վաղարշապատում տեղակայված հռոմեական երկու ջոկատի 175 թ. և 185 թ. լատիներեն արձանագրությունները`միջնաբերդում ամրությունների կառուցումը շարունակելու մասին:
 
 
 
 
Դանիելյան Է.
 
 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am