Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Տրապիզոնի բանակցությունները 1918 թ.
 Տրապիզոնի բանակցությունները 1918: Հաշտության բանակցություններ մի կողմից` Անդրկավկասյան սեյմի պատվիրակության (նախագահ` Ա. Չխենկելի, անդամներ Հ. Քաջազնունի, Ա. Խատիսյան, Կ. Աբաշիձե, Գվաչավա, Հաջինսկի, Հայդարով և ուրշներ), մյուս կողմից` Թուրքիայի պատվիարկության (նախագահ` Ռեուֆ բեյ) միջև: Տեղի են ունեցել մարտի 14-ին Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման (տես` Թուրքական արշավանք Անդրկովկաս 1918) պայմաններում:
 Պատրվակ բռնելով ռուսական զորքերի (իսկ 1918 թվականի սկզբների սկբներից նաև նրանց փոխարինած հայկական և վրացական զորամասերի) զբաղեցրած տարածքում իբրև թե մահմեդականների հալածանքները` թուրքական հրամանատարությունը, խախտելով 1917 թվականի Երզնկայի զինադադարը, 1918-ի փետրվարի 12-ին զորքերը  (մոտ 25 հազար մարդ) շարժվեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ: Նրանց դեմ կանգնած էին հայկական (մոտ 17 հազար մարդ) և վրացական (12 հազար մարդ) կորպուսները: Վրացական զորքերը նահանջում էին գրեթե առանց դիմադրության և հայկական զորամասերը, միայնակ կրելով կռվի ծանրությունը, չէին կարողանում կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը: Մինչև մարտի կեսը թուրքերը գրավեցին Երզնկան, Բայբուրդը, Տրապիզոնը, Դերջանը և Էրզրումը: Սպառնալիք ստեղծվեց Կարսի և Բաթումի համար:
 Այդ պայմաններում Անդրկովկասյան կոմիսարյատը, մերժելով մասնակցել Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին (տես` Բրեստի հաշտություն 1918), իսկ այնուհետև չնդունելով Անդրկովկասի վերաբերյալ այդ կետերը, որոշեց անջատ բանակցություններ սկսել Թուրքիայի հետ Տրապիզոնում: Տրապիզոնի բանակցություններում վճռական նշանակություն ունեցավ ուժերի իրական հարաբերակցությունը. հաղթող Թուրքերը Անդրկովկասյան պատվիրակությունից պահանջեցին ընդունել Բրեստի հաշտության պայմանները, որոնք նախատեսում էին ռուսական զորքերի դուրսբերումը Կարսի, Արդահանի և Բաթումի օկրուգներից, տեղական բնակչությունը ինքն էր որոշելու օկրուգների ապագա իրավակարգը` այն համաձայեցնելով հարևան պետությունների հետ: Մերժելով Բրեստի պայմանագիրը` անդրկովկասյան պատվիրակությունը հույս ուներ ավելի նպաստավոր պայմաններով կնքել հաշտությունը Թուրքիայի հետ` պահանջելով մինչև 1914 թվականը եղած պետական սահմանները Ռուսաստանի (իսկ այժմ` Անդրկովկասի) և Թուրքիայի միջև, ինչպես նաև՝ մասնավորապես ինքնավարություն Արևմտյան Հայաստանի համար` թուրքական պետականության շրջանակներում: Հաղթանակած թուրքերը լսել անգամ չէին ուզում  այդ մասին և առանց Բրեստի հաշտության պայմանագրի ընդունման հրաժարվեցին շարունակել բանակցությունները: Բրեստի պայմանագրի քննարկումները հատկապես պարզորոշ դրսևորեց Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած խոր հակասութունները: Վրաց մենշևիկները` Ա. Չխենկելու գլխավորությամբ, պատրաստ էին զիջել Կարսի, Կաղզվանի և Օլթիի օկրուգները: Դաշնակցականները գտնում էին, որ Թուրքիային առաջին հերթին պետք են անցնեն այն հողերը, որոնց բնակչության համար իրենց կազմով ու քաղքական կողմնորոշմամբ ավելի հեշտ ու անցավագին կլիներ անջատվել Անդրկովկասից, այսինքն` Արդվինի ու Արդահանի օկրուգները: Ապրիլի 5-ին, հաշվի առնելով թուրքերի շարունակվող հարձակումը և ռազմաճակատի ծանր վիճակը, սեյմից արտակարգ լիազորություններով օժտված Չխենկելին պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի զիջել Օլթիի օկրուգը, Արդահանի օկրուգի հարավը, Կարսի օկրուգի արևմտյան մասերը, ինչպես նաև առաջ քաշել Հայկական հարցի այնպիսի լուծում, որպեսզին հարմար կնկատեր թուրքական կողմը, և որը միաժամանակ հնարավորություն կտար թուրքահպատակ հայերին ու այլ ժողովուրդների փախստականներին վերադառնալ իրենց տեղերը և ստանալ ապահովության որոշ երաշխիկներ: Այսպիսով, Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգից դուրս էր գալիս և դառնում զուտ գաղթականական հարց` զուրկ որևէ գործնական արժեքից:
 Այնուհանդերձ, թուրքական պատվիրակությունը մերժեց բոլոր այդ առաջարարկները և 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելու և Անդրկովկասը անկախ հայտարարելու պահանջով: Անդրկովկասյան պատվրիրակույթունն այդ մասին տեղյակ պահեց իր կառավարությանը, որը, սակայն, համաձայնություն տվեց զիջել միայն Կարսի մարզը և Արդվինի օկրուգը` մերժելով զիջել Բաթումը: Հետևեց Թուրքիայի նոր վերջնագիրը` նույն պայմաններով, և քանի որ պատասխանը Թիֆլիսից ուշացավ, Չխենկելին, պատվիրակության անդամների ընհանուր համաձայնությամբ ամբողջությամբ ընդունեց Բրեստի հաշտության պայմանագիրը: Բայց դա արդեն չէր բավարարում թուրքերին, որոնք մտադիր էին խախտել նաև 1877-1878 թվականների ռուս-թուրքական սահմանը և ռազմական գործողությունները փոխադրել Անդրկովկասի խորքերը: Սեյմն ընդհատեց բանակցությունները և պատվիրակությանը հետ կանչեց Տրապիզոնից` պաշտոնապես պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի հետ, որը շուտով ավարտվելու էր Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետության (հռչակվել էր 1918-ի ապրիլի 22-ին) զորքերի պարտությամբ և ավելի ծանր հաշտության (տե´ս Բաթումի պայմանագիր 1918) ստորագրմամբ:
 
Ջ. Թորոսյան

Աղբյուրը`
 
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.
 
Տե´ս ավելին` 

Արզումանյան Մ. Վ., «Արհավիրքից վերածնունդ», Երևան, 1973: 

Борьян Б. А., “Армения, международная дипломация и СССР”, часть 2, М.-Л., 1929, страница 21-54: Занриев Д. С., “К новешей истории северо-восточных вилайетов Турции”, Тбилиси, 1947. 

Hovhannisian R. G., “Armenia on the Road to Independens”, 1918, L. A.-L., 1974, p 138-156.

 

 
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am