Տողի ազատագրում 1991: Տող գյուղում տեղակայված ադրբեջանական ՄՀՆՋ-ի գումարտակը վնասազերծելու և Տողի հայկական մասի պաշարումը վերացնելու գործողություն: Տեղի է ունեցել 1991-ի հոկտեմբերի 30-ին:
Ադրբեջանի ղեկավարությունը Տողի ադրբեջանական մասում տեղակայել էր ՄՀՆՋ-ականների մի գումարտակ: 1991-ի հոկտեմբերի 17-ի գիշերը Տողում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո (ադրբեջանական ՄՀՆՋ-ի մարտիկները ներխուժել էին Դանիելյանների բնակարանը և գնդակահարել ընտանիքի բոլոր 5 անդամներին, այդ թվում՝ 4 տարեկան երեխայի): Օրախնդիր է դարձել ՄՀՆՋ-ի գումարտակի չեզոքացումը: Տողի ազատագրմանը (ղեկավարել է Ա. Տեր-Թադևոսյանը) մասնակցել են գյուղի ինքնապաշտպանական ջոկատը (հրամանատար՝ Վ. Գրիգորյան), նաև Ստեփանակերտի (հրամանատար՝ Վ. Բալայան), Հադրութի (հրամանատար՝ Ա. Աղաբեկյան) և ԼՂՀ մյուս շրջանների կամավորական ջոկատները: Հետախուզական աշխատանքից (գլխավորել է Ա. Խաչատրյանը) և հակառակորդի տվյալները ճշտելուց հետո, հոկտեմբերի 30-ի ժամը 17:30-ին, սկսվել է Տողի ազատագրումը: Հայ ազատամարտիկների կրակոցներից ավերվել է ՄՀՆՋ-ի զորանոցը և պայթելռազմամթերքի պահեստը: Անակնկալի եկած հակառակորդի զինվորներն առանց լուրջ դիմադրության լքել են դիրքերը և ադրբեջանցի բնակիչների հետ փախուստի դիմել: Թվաքանակով և սպառազինությամբ գերազանցող հակառակորդի նկատմամբ առանց զոհերի և վիրավորների տարած հաղթանակը ոգևորել է Հադրութի շրջանի հայ բնակչությանը, իսկ Տողից ոչ հեռու գտնվող ադրբեջանաբնակ Սալաեյաթին գյուղի բնակիչները, իմանալով ՄՀՆՋ-ի փախուստի մասին, ինքնակամ հեռացել են գյուղից: Տողի աազատագրումը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես Հադրութի շրջանում ազատագրական պայքարի հետագա ծավալման վրա և բարոյահոգեբանական բարենպաստ հող նախապատրաստել Սարինշենի ազատագրման համար:
Լ. Մելիք-Շահնազարյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am