Հովհաննես Իսակով (1894-1967, Խորհրդային Միության ծովակալ, Խորհրդային Միության հերոս (1965): Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ. Կարսի նահանգի Աջիքենդ գյուղում` արցախցու ընտանիքում։ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ է։
1913թ. Իսակովը ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, իսկ 1917-ին` Պետրոգրադի ծովային գարդեմարինների կուրսերը։ 1918-ից սկսած` նա ծառայել է Խորհրդային ռազմածովային նավատորմում (Բալթիական նավատորմի «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» և «Կորշուն» նավերում)։ 1918թ. հեղափոխական նավաստիների հետ միասին Բալթիկ ծովում մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղվող ծովային մարտերին, իրականացրել է ռուսական նավերի «սառցե» արշավանքը Հելսինգֆորսից դեպի Կրոնշտադտ։
1920թ. եղել է «Գործունյա» ականակրի հրամանատարը Վոլգ-Կասպյան նավատորմում: 1921-ին Բալթիական նավատորմում նշանակվել է «Իզյասլավ» ականակրի հրամանատար։ 1922-27թթ. ծառայել է Սևծովյան նավատորմում, ղեկավարել նավատորմի շտաբի օպերատիվ բաժինը։
1928թ. ավարտել է Լենինգրադի` Կ. Ե. Վորոշիլովի անունը կրող ռազմածովային ակադեմիան։ 1929-ին նշանակվել է ՌԿԿ գլխավոր շտաբի ծովային բաժանմունքի պետ, 1932-ին` ռազմածովային ակադեմիայի ռազմական արվեստի ամբիոնի դասախոս, իսկ 1937-ին` Բալթիական նավատորմի հրամանատար։ 1938-1946թթ. եղել է ռազմածովային ուժերի շտաբի պետ, ռազմածովային ժողկոմի տեղակալ, այնուհետև առաջին տեղակալ։
1939-1940թթ. Իսակովը կոորդինացրել է Բալթիական նավատորմի և Կարմիր բանակի գործողությունները ընդդեմ Ֆինլանդիայի։ Նույն տարում ստացել է ծովակալի աստիճան։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-ին նշանակվել է հյուսիս-արևմտյան, իսկ 1942-ին` հյուսիս-կովկասյան ռազմաճակատների գլխավոր հրամանատարի տեղակալ և ռազմական խորհրդի անդամ։
Իսակովը մեծ ներդրում ունի Բալթիական և Սևծովյան նավատորմների ռազմական գործողությունների նախագծերի մշակման մեջ, ցամաքային զորքերի էվակուացման և առափնյա գոտիների պաշտպանության գործում։
1942-ի հոկտեմբերին Տուապսեի շրջանում Իսակովը վիրավորվել է մարտում, հետո վիրահատվել է, սակայն մնացել է մարտական դիրքերում` զբաղեցնելով ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
1947-ին՝ «Ծովային ատլասի» (հ. 1-3) խմբագրական կոլեգիայի նախագահ։ 1-ին հատորի համար՝ ԽԱՀՄ Պետական մրցանակ (1951)։ Լենինյան և ԽԱՀՄ Պետական մրցանակների կոմիտեի երկրաբանության և աշխարհագրության հանձնաժողովի անդամ (1958-67), օվկիանոսագիտության պատվավոր անդամ (1967), ԽԱՀՄ գրողների միության (1955) անդամ։ Մեքսիկայի ռազմական հետազոտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1958)։ Գրել է ծովային կյանքին վերաբերող պատմվածքներ, ավելի քան 250 ուսումնասիրություններ Լ. Սերեբրյակովի և Ն. Ստեփաևյանի մասին։
ԽԱՀՄ ԳԽ պատգմավոր (1937-46)։ ՌՌ ՌԾՈՒ-ում Իսակովի անունով կոչվել է հածանավ, ՀՀ և ԼՂՀ քաղաքներում՝ փողոցներ։ Երևանի Իսակովի պողոտայում տեղադրվել է Իսակովի հուշարձանը։ Լենինի (6), Կարմիր դրոշի (3), Ուշակովի 1-ին աստիճանի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններ և բազմաթիվ մեդալներ։
Երկեր՝
ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական պատերազմում, Ե., 1946։ Ակնարկներ, Ե., 1970։ Պատմվածքներ նավատորմի մասին, 2 հոտ., Ե., 1984։
Գրականություն
Հարությունյան Ա., Սովետական Սիության նավատորմի ծովակալ Ի.Ս. Իսակով, Ե., 1975։
Ռուդնի Վ., Երկար, երկար նավարկություն, Ծ., 1987։
Վարդապետյան Ա., Հ.Ս. Իսակով (Կյանքը և ռազմածովային գործունեությունը), Ե., 1973։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am