Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի (ծնվել է 4(16).03.1878, Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) - մահացել է 20.2.1936, Երևանում), ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիրը։ Ճարտարապետության ակադեմիա (1914): Գ.Ա. և Յու. Ա. Թամանյանների հայրը։ Ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանը (1904)։ 1917-ին եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ փոխնախագահի իրավունքներով։ Թամանյանի առաջին գործը Պետերբուրգի Ս. Կատարինե հայոց եկեղեցու (1779, ճարտ.՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-06)։ Հետևելով Ն. Մառի Անիի պեղումներին՝ նախագծել է Անիի թանգարանը (1908, չի իրականացվել)։ Թամանյանի նախագծերով 1907–1913-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (1911-12), Շչերբատովի տունը Մոսկվայում (1911-13, Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալ, 1914), Յարոսլավլի հոբելյանական ցուցահաեդեսի փայտաշեն համալիրը (1913), Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոզորովկայում (այժմ՝ Կրատովո, 1913-17), որոնցում կիրառված են դասական և XVIII-XIX դդ. սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը։ 1919-ին Թամանյանը տեղափոխվել է Երևան, 1921-ին՝ Իրան, 1923-ին հրավիրվել Հայաստան։ Եղել է ԺԿԽ գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923-ից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924-ից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ։ Թամանյանի ճարտարապետության առաջին գործը Հայաստանում խորհրդային քաղաքաշինությունը սկզբնավորող երևույթներից մեկը՝ Երևանի գլխավոր հատակագիծն էր (150 հզ. բնակչի համար, հաստատվել է 1924-ին), որի գաղափարները դարձել են ՀՀ մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը։ 1934-ին Թամանյանը սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բն. համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ։
1925-33-ին կազմել է Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (Գավառ), Ախտայի (Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծեր։ Նախագծել ու Երևանում կառուցել է բժշկական ինստիտուտի անատոմիկումը (1926-33), աստղադիտարանը (1930-33), ԵԱԱԻ, ԵՊԻ (1927-33), հանրային գրադարանի (1932-38) շենքերը և այլն, ու որպես ճարտարապետության խոշոր վարպետ ճանաչվել Երևանի գլխավոր հատակագծով, Երջրէկի (1923-26), ՀՀ Կառավարական տան (առաջին հերթը՝ Հողժողկոմատ,1926-29, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-41, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու), Օպերայի և բալետի թատրոնի և մեծ համերգասրահի (1926-53, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն) շենքերով։ Կառավարական տունը և Օպերային թատրոնի ու համերգասրահի շենքը կանխորոշել և պայմանավորել են Երևանի քաղաքաշինության կարևորագույն հանգույցների լուծումները, առաջինը՝ Հանրապետության հրապարակի անսամբլի (ՀԽՍՀ Պետ. մրց., 1970, հետմահու, հեղինակային խմբի հետ), երկրորդը՝ թատրոնի (նախագիծը՝ 1937–ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալ) շրջակա տարածության և հիմնական մայրուղիներից մեկի՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատումը։ Թամանյանի ստեղծագործություններում հայ ճարտարապետության ծավալատարածության և արխիտեկտոնիկ առանձնահատկությունները, մանրամասերի անկրկնելիության և բազմազանության սկզբունքը նոր մեկնաբանություն և որակ են ստացել։ Թամանյանի ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթները զարգացնելու և դրանց հիման վրա նորը ստեղծելու գործում՝ սկզբնավորելով ճարտարապետության թամանյանական դպրոցը։ Թամանյանի անունով են կոչվել Երևանում փողոց՝ հուշարձանով (1974), շինարարության տեխնիկումը (1953), ՀՃՄ տունը (1978), թանգարան-ինստիտուտը (2001)։ 2001-ին ՀՃՄ սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։
Գրականություն
- Ալեքսանդր Թամանյան. Հոդվածներ, փաստաթղթեր, ժամանակակիցները նրա մասին, կազմ. ծանոթագր. Լ. Զորյան, Ե.,1960։
- Զորյան Լ, Թամանյան, Ե., 1978։
- Ալեքսանդր Թամանյան (1878-1936). Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 2000։
- Ալեքսանդր Թամանյան (1878-1936). Կենսամատենագիտական ցանկ, Ե., 1978։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am