Թալիշ: Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 28 կմ հյուսիս՝ 600 մ բարձրության վրա: Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը: Տարածքը՝ 6400 հա: Բնակչությունը՝ 560 (2003): Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, բուժմանկաբարձական կետ:
Գյուղում է Ս. Աստվածածին եկեղեցին (XIX դ.), շրջակայքում են Շիրախան գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռեկա վանքի (V դ.) և Հոռեկ գյուղի ավերակները:
1988-1993-ին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային (հրամանատար՝ Ա. Խալափյան), 2 պարտիզանական (հրամանատարներ՝ Ս. Իսկանդարյան, Ա. Սարգսյան), «Արծիվ-1» մահապարտների կազմում «Թալիշ» կամավորական (հրամանատար՝ Վ. Օհանյան) ջոկատները: Ջոկատներն առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Թալիշից զոհվել է 21 ազատամարտիկ:
Հիմնադրվել է մ.թ. 401 թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաբլուր ամրոցի Թարիջ իշխան կողմից։ Թալիշը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը։ Թարիջ իշխանը իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Պարտավի թագավորների ամառանոցն էր։ Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել։ Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի։ Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր ու այդ անունը պահպանվում է առ այսօր։ Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից։ Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին։ Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք։ Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը։ Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավիրված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք։ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը։
1988-1993-ին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային խմբեր, որոնք գործում էին գյուղի ղեկավարության ներքո։ Հետագայում, երբ գյուղի տղաներից և հայաստանաբնակ թալիշցիներից կազմավորվում են մարտական խմբեր՝ ստեղծվում է Ինքնապաշտպանական ջոկատ(հրամանատար՝ Արարատ Սարգսյան) և ռազմական շտաբ (շտաբի պետ՝ Վոլոդյա Սիմոնյան)։ Շտաբի ենթակայության տակ էին աշխարհազորը (հրամանատար՝ Ա. Խալափյան),և մարտական երկու ջոկատները (հրամանատար՝ Վանիկ Վլադիմիրի Օհանյան)։ Բնակավայրի անկումից հետո Թալիշի ազատամարտիկները շարունակեցին պայքարը՝ ընդգրկվելով Մահապարտների ջոկատում՝ <Արծիվ-1> գումարտակ, 3-րդ դասակ՝ (հրամանատար՝ Վանիկ Օհանյան)։ Շահումյանի պարտիզանական ջոկատում՝ Թալիշի վաշտ (հրամանատար Սլավիկ Իսկանդարյան, տեղակալ Անդրանիկ Սարգսյան)։ ՀՀ ՊՆ «Թալիշ» կամավորական վաշտում (հրամանատար Վանիկ Օհանյան)։ Ջոկատները առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրման մարտերին։ Արցախյան պատերազմում Թալիշից զոհվել են 44 հոգի, որից 3-ը աշխատանքի վայրում՝ գրադից և թշնամու գնդակից, 2-ը զինծառայության ժամանակ՝ թշնամու դիպուկահարից, 39 ազատամարտիկ՝ պատերազմի դաշտում։
2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցիները գնդադակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին
Գրականություն
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am