Սոսե Մայրիկ Սոսե Մայրիկ (Սոսե Վարդանյան) (1865-1952): Եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արևմտյան Հայաստան): 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ։ 1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք»:Այս ամբողջ ընթացքում Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։ Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։ Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը` Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։ Ազատվելուց  հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հյուսել։

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am