Սողոմոն ԹեհլերյանԹեհլերյան Սողոմոն Խաչատուրի [ծնվել է 1896, գ. Ներքին Բագառիճում (էրզրումի նահանգի Դարանաղ գավառում)- մահացել է 1960-ին Սան Ֆրանցիսկոյում], ազգային-ազատագրական շարժման գործիչ, ժողովրդական վրիժառու: 1912-ին ավարտել է Երզնկայի Կեդրոնական վարժարանը: Ուսումը շարունակելու նպատակով 1913-ին մեկնել է Եվրոպա, սակայն առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո վերադարձել է Հայաստան: Մտել է գործող բանակ, կռվել Անդրանիկի գնդում: 1918-ին, մարտում վիրավորվելով, տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ Հյուսիսային Կովկաս: 1919-ին մեկնել Է Ստամբուլ: Զինվորագրվել է «Նեմեսիս» գործողությանիրականացմանը: 1919-20-ին երիտթուրքերի դատավարությունն ավարտվել է հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներին, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Թալեաթին հեռակա մահվան դատապարտելու վճռով: Պատիժը իրագործելու նպատակով Թեհլերյանը, անպատիժ մնացած Թալեաթին հետևելով, անցել է մի շարք երկրներ և, վերջապես, 1921-ի մարտի 15-ին Բեռլինում սպանել նրան: Եվրոպայի առաջադեմ հասարակայնության ճնշմամբ Բեռլինի դատարանը արդարացրել է Թեհլերյանին, իսկ գերմանական մամուլը պահանջել դատ հարուցել Թուրքիայում գերմանացի  դեսպան Հ. Վանգենհայմի դեմ՝ հայկական կոտորածներում նրա ունեցած հանցանքի համար:

 

Գրականություն

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

 

Տե՛ս ավելին՝

Վերհիշումներ (Թալեաթի ահաբեկումը), Կահիրե. 1956.

Դատավարության Թալեաթ փաշայի: Սղագրական զեկուցում, Վնն., 1921:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am