Սիմոնյան Կարապետ Սիմոնի: Ծնվել է 1918թ. հունիսի 6-ին Թբիլիսի քաղաքում: Զորակոչվել է զինված ուժեր 1938թ. Օրջոնիկիձեի քաղաքային զինկոմիսարիատի (ՌԴ) կողմից: Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին: 1939թ. դեկտեմբերի 13-ին աչքի է ընկել Կարելական պարանոցի Մուլանյարվի լճից (Գլուբոկոյե, Լենինգրադի մարզ) արևմուտք հակառակորդի պաշտպանության հետախուզման ժամանակ: Մարտական առաջադրանքի կատարման ժամանակ նրա տանկը խփվել է: Եթեր հաղորդելով վերջին ռադիոգրաման, ետ է մղել հակառակորդի գրոհը, ապա դուրս գալով մեքենայից` մարտի դաշտից դուրս է հանել 4 վիրավոր (2 իր, իսկ մյուս 2 այլ անձնակազմից): Այդ մարտում անձնակազմը ոչնչացրել է 2 դօտ, մեծ քանակի զինվորներ: Մարտական առաջադրանքի օրինակելի կատարման, արիության և հերոսության համար 1-ին Տանկային վաշտի «Տ-28» տանկի (91-րդ Տանկային գումարտակ, 20-րդ Տանկային բրիգադ, 7-րդ Բանակ, հյուսիս-արևմտյան ռազմաճակատ) ռադիստ Կարապետ Սիմոնյանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1940թ. հունվարի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Ապա Տանկային դասակի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Սիմոնյանը մարտերով հասել է ֆիննական Վիիպուրի քաղաք (Վիբորգ, Լենինգրադի մարզ): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. դեկտեմբերից: Մասնակցել է Հս. Կովկասի մարտերին: 1942թ. ավարտել է հրետանային ուսումնարան (Թբիլիսի), 1943թ.` Բարձրագույն սպայական դպրոց (Կոստրոմա): Վիրավորվելուց հետո զբաղվել է կրտսեր հրամկազմի կադրերի պատրաստմամբ: 1944թ. մայոր Սիմոնյանը պահեստազորում է: Ապրել է Թբիլիսիում: Աշխատել է Վրացական ԽՍՀ ՆԳՆ և ՊԱԿ մարմիններում, ապա «Լուքս» կոշիկի ֆաբրիկայում Թբիլիսի, № 1 ուսումնա-արտադրական կոմբինատի արտադրամասի պետ: Մահացել է 1998թ. դեկտեմբերի 12-ին: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am