Շուշիի շրջան: Վարչատարածքային միավոր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի հիմքի վրա: Գտնվում է ԼՂՀ հարավարևմտյան մասում՝ Ղարաբաղի լեռնաշղթայի կենտրոնական հատվածում՝ 1200-1600 մ բարձրության վրա: Ընդգրկում է պատմական Արցախի Վարանդա գավառի մի մասը: Հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ասկերանի, հարավ-արևելքից՝ Հադրութի, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Քաշաթաղի շրջաններին: Բնակչությունը՝ 5300 (2003): Ունի 7 համայնք, 9 գյուղական բնակավայր և 1 քաղաք: Շրջկենտրոնը՝ Շուշի:
Տարածքը՝ 289 կմ2: Գերակշռում են անտառները և արոտավայրերը: Հողային ֆոնդը 16287 հա է, որից վարելահող՝ 180, խոտհարք՝ 1730, արոտավայր՝ 14000, անտառ՝ 5525 հա և այլն: Շրջանի տարածքով են հոսում Կարկառ (Գարգառ) գետը և Վարարակն ու Բերդաձոր գետակները: Օդի միջին տարեկան ջերմաստիճանը 5,4°C է, միջին տարեկան հարաբերական խոնավությունը՝ մոտ 67 %: Գյուղատնտեսական շրջան է. տնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունը, հացահատիկային բույսերի մշակությունը, զարգանում է մեղվաբուծությունը: 2002-2003 ուսումնական տարում գործել են 7 միջնակարգ հանրակրթական, 1 երաժշտական, 1 գիշերօթիկ-երաժշտական դպրոցներ, 1 հումանիտար ուսումնարան, արտոնագրված ոչ պետական 1 համալսարան: 2003-ին գործել են 1 հիվանդանոց (կենտրոնական շրջանային) և բուժակա-մանկաբարձական 6 կետեր: 1995-ից վերաբացվել են Շուշիի պատկերասրահը, պատմաերկրագիտական թանգարանը և այլն: Շրջանը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով:
1988-1990-ին Շուշիի շրջանի և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերում կազմավորվել են կամավորական ջոկատներ, որոնց հիմքի վրա 1993-ին ստեղծվել են վաշտեր, ապա՝ գումարտակ և ներառվել Շուշիի գնդի կազմում. մասնակցել են ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Շուշիի շրջանից զոհվել է 90 ազատամարտիկ:
Վ. Կասյան, Ս. Բաղդասարյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am