Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարըՇուշիՔաղաք ԼՂՀ-ում՝ համանուն վարչական շրջանի կենտրոնով: Ստեփանակերտից 11 կմ հարավ՝ 1238-1533 մ բարձրության վրա՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջ կողմում: Բնակչությունը՝ 3500 (2003):

 Պատմական ակնարկ: Շուշիի տարածքում հայտնաբերված մ.թ.ա. XIV-XIII դդ. խեցեգործական ու քարե կենցաղային առարկները վկայում են, որ դեռևս վաղ անցյալում այստեղ եղել է ամրոց-բնակատեղի: Բնական անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից: Ուշ միջնադարյան աղբյուրները բերդը հիշատակում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, հաճախ նաև՝ Շոշի բերդ, Շոշի սղնախ (որովհետև թշնամու հարձակումների ժամանակ այնտեղ պատսպարվել է հարևան Շոշ ավանի և գավառի բնակչությունը): 1720-ական թթ. Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով: 1725-ին Շուշիի վրա հարձակված 40 հզ-անոց թուրքական զորքը 8-օրյա մարտերից հետո փախուստի է դիմել՝ տալով զգալի կորուստներ: XVIII դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, Վարանդայի մելիք Շահնազար Բ-ի օժանդակությամբ տիրացել է Շուշիի ամրոցին: 1752-ին հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել նախ թուրքական վաչկատուն ցեղերով, ապա՝ Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից և այլ վայրերից տեղահանված հայ շինականներով ու արհեստավորներով: Փանահ Ալի խանը 1750-ական թթ. կեսին Շուշին դարձրել է իր նստավայրը, Շահնազար Բ-ի օգնությամբ վերակառուցել բերդը, ինչը հիմք ընդունելով՝ ադրբեջանցի պատմաբանները Շուշիի բերդի հիմնադիր են համարում Փանահ Ալի խանին: 1790-ական թթ. Շուշին դարձել է ռազմական կարևոր գործողությունների թատերաբեմ: 1795-ի օգոստոսին պարսկական զորաբանակը, Աղա Մահմեդ խան Ղաջարի գլխավորությամբ, 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել կոտրել բերդի պաշտպանների դիմադրությունը, որոնց աջակցել են շրջակա գյուղերի հայ բնակիչները: 1797-ի գարնանն իր երկրորդ արշավանքի ժամանակ Աղա Մահմեդը գրավել է բերդը, թալանել այն և կոտորել բնակիչների մեծ մասին: Նույն թվականին նա սպանվել է Շուշիում՝ մահմեդականություն ընդունած իր հայ թիկնապահների ձեռքով, որից հետո պարսկական զորքըՇուշիի բերդ նահանջել է: XIX դ. սկզբին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների թատերաբեմ: 1805-ի մայիսին Կյուրակչայի պայմանագրով, երբ Ղարաբաղն անցել է Ռուսաստանին (պաշտոնապես հաստատվել է 1813-ի Գյուլիստանի պայմանագրով), Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը: 1826-ի հուլիսին սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ պարսկական 60-հզ-անոց բանակը, Աբբաս Միրզայի հրամանատարությամբ, պաշարել է Շուշին՝ նպատակ ունենալով այն գրավելուց հետո մտնել Թիֆլիս և վերստին նվաճել Անդրկովկասը: Բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները և 1500 հայ աշխարհազորայինները 48-օրյա հերոսական պաշտպանությամբ ձախողել են Պարսկաստանի նվաճողական ծրագրերը:

 XIX դ. սկզբից բարենպաստ պայմաններ են ստեղծվել Շուշիի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման համար: 1850-80-ական թթ. Շուշիում գործել են մետաքսագործական ֆաբրիկա, էլեկտրակայան, 4 կաշեգործական արհեստանոցներ, 3 ներկատուն, 4 տպարան, հիվանդանոց, 5 իջևանատուն-հյուրանոց, 185 խանութ: Շուշեցի արհեստավորների արտադրանքն արտահանվել է Ռուսաստան, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի երկրներ: XIX դ. կեսին Շուշին բնակչության թվով, առևտրատնտեսական և մշակութային նշանակությամբ Անդրկովկասի չորրորդ քաղաքն էր: 1885-ին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից 20584-ը՝ հայ: 1896-ին շուշեցի մեծահարուստ վաճառական Թ. Թամիրյանցը կառուցել է 18 կմ երկարության ջրատար և խմելու ջուր հասցրել քաղաք: 1905-ին Շուշիում տեղի են ունեցել թաթարահայկական ընդհարումներ: Ավերվել է Շուշիի լավագույն մասը՝ հայկական առևտրական թաղամասը: Շատ բնակիչներ (այդ թվում և թաթարներ) հեռացել են քաղաքից, ինչի հետևանքով բնակչության թիվը կրճատվել է՝ հասնելով 16500-ի: Սակայն, հետագա տարիներին բնակչությունը կտրուկ աճել է և 1916-ին հասել 43863 (հայեր՝  21926, թաթարներ՝ 18641, ռուսներ՝ 1249, այլք՝ 2053):

 1918-1920-ին Շուշին և շրջակա հայկական բնակավայրերը ենթարկվել են նոր ջարդերի ու կոտորածների: 1918-ի սեպտեմբերին թուրքական զորքերը ներխուժել են Շուշի, սակայն, Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից հետո, 1918-ի հոկտեմբերի 31-ին, հեռացել են: 1918-ի դեկտեմբերին քաղաք մտած անգլիացիները 1919-ի հունվարի 15-ին Ղարաբաղի գեներալ-նահանգապետ են նշանակել հայատյաց մուսավաթական Խոսրով բեկ Սուլթանովին, որը փետրվարի 10-ին հաստատվել է Շուշիում: Բաքվի տրամադրած միջոցներով և թուրքական հրահանգիչ սպաների օգնությամբ նա կազմակերպել է քրդական հատուկ ջոկատներ՝ «ջանբեզարներ» («կյանքից ձեռք քաշածներ»), որոնց, ինչպես և մուսավաթական այլ կայազորների, տեղավորել է Շուշիի հայկական մասի բռնագրավված զորանոցներում: 1919-ի վերջին և 1920-ի սկզբին մուսավաթական կառավարությունը Շուշի է ուղարկել 7 հզ-անոց մի զորամաս ևս: Քաղաքում գործել են մեծ թվով թուրք սպաներ (Խալիլ և Նուրի փաշաների գլխավորությամբ): Մինչ այդ, 1919-ի հունիսի 5-ին Շուշիում և շրջակա գյուղերում կազմակերպվել էր հայերի ջարդ: Շարունակելով գործադրել իրենց հայաջինջ քաղաքականությունը, մուսավաթական և իթթիհատական կուսակցությունների նախօրոք մշակած համաթուրքական ծրագրին համապատասխան, Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք-մուսավաթական հրոսակախմբերը 1920-ի մարտի 22-23-ի գիշերը բարբարոսաբար սպանել են Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել, ավերել և այրել քաղաքի հայկական մասը: Շուշիում տեղի ունեցած կոտորածների դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել Թիֆլիսում, Երևանում, Արմավիրում, Դոնի Ռոստովում, Ալեքսանդրապոլում, Տաշքենդում և այլուր: 1921-ի հուլիսի 5-ին Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին:

 ԼՂԻՄ-ի կազմավորումից (1923-ի հուլիս) հետո ադրբեջանական իշխանությունները երկրամասի կենտրոն են դարձրել Վարարակնը՝ Ստեփանակերտը: Խորհրդային իշխանության առաջին տասնամյակներին Շուշին զգալի անկում է ապրել: 1921-ին այստեղ բնակվել է 9223, 1923-ին՝ 6976, 1925-ին՝ 5000, 1920-ական թթ. վերջերին՝ 3000 մարդ (գերազանցապես ադրբեջանցիներ): 1960-ական թթ. սկզբին ադրբեջանական իշխանությունները հիմնականում հայկական թաղամասի ավերակների վրա ձեռնարկել են Շուշիի նոր կառուցապատումը՝ ոչնչացնելով դեռևս կանգուն մնացած հայկական և ռուսական (միակ) եկեղեցիները:

 1988-ի գարնանից Շուշին դարձել է Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկը: Շուշիի մոտ 2 հզ. հայերը բռնությամբ վտարվել են և տեղափոխվել հիմնականում Ստեփանակերտ: Ադրբեջանցիները պղծել, ապա ավերել են Շուշիում ծնված Խորհրդային Միության կրկնակի հերոս Ն. Ստեփանյանի (1913-1944), խորհրդային պետական գործիչ Ի. Թևոսյանի (1902-58) հուշարձանները, Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին վերածել զինապահեստի: Քաղաքում տեղակայված հեռահար հրետանին, «Ալազան» և «Գրադ» կայանքները պարբերաբար ռմբահարել են շրջակա հայկական բնակավայրերը և հատկապես Ստեփանակերտը: 1992-ի մայիսի 8-ին ԼՂՀ ԻՊՈՒ ազատագրել են Շուշին (տե´ս Շուշիի ազատագում): Դրանից հետո այնտեղ բնակություն են հաստատել Շուշիից և ԼՂՀ տարբեր վայրերից բռնագաղթած հայեր: Շուշիի մուտքի մոտ կանգնեցվել են քաղաքի ազատագրման մարտերում խփված տանկի («Տասկ-հուշադասը»), զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար, քաղաքում՝ Վ. Սարգսյանի հուշարձանը:

 Կրթական և մշակութային կյանքը: Շուշին եղել է հայ մշակույթիՇուշիի ռեալական ուսումնարանկարևորկենտրոն: 1827-37-ին Շուշիում գործել են Բազելի Ավետարանական քարոզչական ընկերության միսիոներական հայկական ուսումնարանը և տպարանը: 1880-ին Շուշիում բացվել է Մ. Հակոբյանի տպարանը: Տարբեր ժամանակներում Շուշիում լույս են տեսել երկու տասնյակ պարբերականներ՝ «Հայկական աշխարհ» (1864-71, 1874-79), «Քնար խոսնակ» (1881), «Գործ» (1882-84), «Ազգագրական հանդեսի» առաջին գիրքը (1895), «Ղարաբաղ» (1911-12), «Պայքար» (1914-17), «Փայլակ» (1915-17), «Ծիածան» (1916), «Ապառաժ» (1917-19), «Շուշի» (1994-ից) ևն: Շուշիում առաջին թատերական ներկայացումը տրվել է 1848-ին՝ եվրոպական համալսարաններում սովորող շուշեցի ուսանողների ուժերով: Թատերական կյանքն աշխուժացել է 1865-ից, երբ Գ. Չմշկյանի, Ս. Մանդինյանի, Մ. Ամրիկյանի մասնակցությամբ Շուշիի ինքնագործ թատերախմբի ուժերով բեմադրվել են «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Սամվել» և այլ պիեսներ: 1882-ի օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել Պ. Ադամյանը: 1891-ից քաղաքում գործել է Խանդամիրյանց թատրոնը, որտեղ կազմակերպվել են նաև կրկեսային ներկայացումներ: Թատրոնում և քաղաքի այլ ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Հ. Զարիֆյանը, Սաֆրազյան ամուսինները:

 Շուշիի ազատագրումից հետո քաղաքում գործում են 2 միջնակարգ, 1 երաժշտական (1992-ի նոյեմբերից) դպրոցներ, շրջանային կենտրոնական գրադարանը (1993-ի սեպտեմբերի 1-ից), պատմաերկրագիտական թանգարանը (1992-ից), պատկերասրահ (1995-ից), մանկապատանեկան թատերախումբ, «Վարանդա» երգչախումբը:

 Շուշիում են ծնվել հայ մշակույթի, ազատագրական շարժման, պետական, քաղաքական, ռազմական բազմաթիվ գործիչներ (Լեո, Մուրացան, Հ. Գյուրջյան, Վ. Վաղարշյան, Սպանդար Սպանդարյան, Ս. Աղաջանյան, Հ. Տեր-Աստվածատրյան, Ս. Կապան, Ս. Տեր-Գաբրիելյան, Ա. Բեկզադյան, Ի. Թևոսյան, Ն. Ստեփանյան և ուրիշներ):

 ճարտարապետությունը: Շուշին կառուցված է սարահարթի վրա և շրջապատված է 6-8 մ բարձրությամբ պարիսպներով: Առաջին բերդապարիսպները 1724-ին հիմնել է Ավան հարյուրապետը (վերակառուցել են Մելիք Շահնազար Բ. և Փանահ Ալի խանը 1750-ական թթ.), պահպանվել են հյուսիսային պարսպի մի մասը և աշտարակով դարպասը: Շուշիի հայաբնակ շրջանը տարածվում էր քաղաքի բարձրադիր մասում և բաղկացած էր մի քանի թաղերից՝ Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց և այլն: Առաջին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվորական ճարտարագետները 1820-ական թթ. (վերակազմվել է 1837, 1844 և 1855-ին): Կառուցապատվել են հայաբնակ թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնը և եկեղեցին: Կառուցվել են քաղաքատիպ բնակելի և հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ: Ուշագրավ է հայկական Խանդամիրյանց թատրոնի շենքը՝ 350- տեղանոց դահլիճով: Բնակելի տները 2-3-հարկանի էին, որոնք XIX դ. հայկական ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշներ են: Սրբատաշ կրաքարով կառուցված եկեղեցիները հինգն էին՝ Կուսանաց անապատի միանավ, թաղածածկ, եռահարկ զանգակատնով Ս. Աստվածածին (XIX դ., չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև-գմբեթավոր, արևմտյան կողմում՝ զանգակատնով Ս. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց, XIX դ.) եկեղեցիները, Ագուլեցոց Ս. Աստվածածին (XIX դ.), Մեղրեցոց Ս. Աստվածածին (XIX դ.) եռանավ բազիլիկները (չեն պահպանվել), Արցախի թեմի առաջնորդանիստ Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ մայր տաճարը (XIX դ.): Եկեղեցին գործել է մինչև 1930-ը, մասամբ նորոգվել 1981-1988-ին՝ մշեցի վերականգնող վարպետ Վ. Բաբայանի (ծ. 22.6.1937) ջանքերով: 1988-ին Շուշիի հայերին տեղահանելուց հետո ադրբեջանցիները ջարդել են զանգակատան հրեշտակների խորաքանդակները: 1998-ին ավարտվել է եկեղեցու զանգակատան նորոգումը և մեծ հանդիսությամբ օծվել հուլիսի 19-ին, որպես հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդանիստ՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ: Մահմեդական հուշարձաններից ուշագրավ է զույգ մինարեթով «Մեծ մզկիթը» (XIX դ.): Շուշին ներկայումս բարեկարգվում և կառուցապատվում է (ըստ 1952-ի և 1979-ի գլխավոր հատակագծերի): Նախատեսվում է քաղաքը բաժանել երեք գոտու՝ արգելանոցային, բնակելի և առողջարանային:

 

                                                                                                    Կարապետյան Բ.

 

 Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 հանրագիտարան,  Երևան, 2004

Нагорно-Карабахская Республика , Аветисян Г., Агаджанян М., Андриасян Л., и тд., «Институт политических иследованний» ГНКО, Ереван, 2009 г.

NAGORNO-KARABAGH, Legal aspects,  Avakian Sh., Tigran Mets edt., Yerevan, 2013

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am