Շահումյանի շրջան: Վարչական միավոր ԼՂՀ-ում՝ 1991-ի սեպտեմերի 2-ից (մինչև 1930-ը՝ Գյուլիստանի շրջան, 1930-1991-ին՝ Շահումյանի շրջան Ադրբեջանական ԽՍՀ կազմում)։ Տարածքը՝ 600 կմ2։ Բնակչությունը՝ 21 հզ. (1989, որից՝ 17,5 հզ. հայեր, 3,5 հզ. ռուսներ և ադրբեջանցիներ)։ Կենտրոնը՝ քաղաք Շահումյան։ Շրջանը ԼՂՀ հյուսիսային դարպասն է, արեմուտքում և հյուսիսում սահմանակից է Դաշքեսանի, Խանլարի, արևելքում՝ Գերանբոյի (Կասում-Իսմայիլի), հարավում՝ ԼՂՀ Մարտակերտի շրջաններին։ Տարածքի հարավային սահմանագծի երկարությամբ ձգվում է Մռավի լեռնաշղթան (ամենաբարձր գագաթը Գյամիշ լեռն է՝ 3724 մ)։ Հարա- վարևելյան սահմանի երկարությամբ (Մարտակերտի սահմանագծով) հոսում է Ինջա (Բարակ) գետը։ Շրջանի հողային ֆոնդը 60 հզ. հա է, որից վարելահող՝ 6 հզ., պտղատու այգի՝ 2,2 հզ., խոտհարք՝ 3,1 հզ., արոտավայր՝ 15 հզ. հա են։ Շրջանի Գյուլիստան գյուղի մոտ է գտնվում Ս. Ամենափրկիչ (Նապատ) վանքը, գյուղից 3 կմ հեռու՝ Գյուլիստանի կիսավեր բերդը (XVIII դ.), որը եղել է Գյուլիստանի մելիքների նստավայրը, պահպանվել էին դղյակների, բնակելի շենքերի և եկեղեցու ավերակներ։ Շահումյան քաղաքում էր գտնվում Ս. Աստվածածին եկեղեցին (XVII դ.), քաղաքից հարավ՝ Երեք մանկունք կիսավեր վանքը (XVII դ.), Բուզլուխում՝ եկեղեցի (XVIII դ.), մոտակայքում՝ Ս. Մինաս ուխտատեղին, Հայ Պարիսում՝ ավերակ եկեղեցի և Նահատակ մատուռը, Վերինշենում՝ եկեղեցի (XVIII դ.) և այլն (1991)։
Տարածքն անցյալում կազմել է Մեծ Հայքի Արցախ նահանգի մասը։ Մ.թ.ա. I հազարամյակից մտել է Արարատյան (Բիայնիլի), մ.թ.ա. VI-II դդ.՝ Երվանդունիների, մ.թ.ա.II–մ.թ.Iդդ.՝ Արտաշեսյանների, I-V դդ.՝ Արշակունիների հայոց թագավորությունների, V դ. վերջից արցախյան Առանշահիկ նախարարական տոհմից Վաչագան Բարեպաշտի ստեղծած թագավորության կազմի մեջ։ VII-IX դդ. գտնվել է արաբական տիրապետության տակ։ X դարից մտել է հզորացող Խաչենի իշխանության կազմի մեջ Պարսկաստանի տիրապետության (XVI դ. կեսից) շրջանում: XVII դ. վերջին և XVIII դ. սկզբին ձևավորված Խամսայի (արաբերեն՝ խամսա-հինգ) մելիքություններից մեկի՝ Գյուլիստանի մելիքության մեջ, որն ընկած էր Կուրակ (Քյուրակ) և Թարթառ գետերի միջև։ Իշխող տունը Մելիք-Բեգլարյաններն էին, որոնք գործուն մասնակցություն են ունեցել XVII-XVIII դդ. հայ ազատագրական կռիվներին։ Գյուլիստանի հաշտության պայմանագրով (ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1813-ի հոկտեմբերի 24-ին, Գյուլիստան գյուղում՝ 1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո) Արցախը, այդ թվում Գյուլիստանի մելիքությունը և հարավային Կովկասի տարածքների մեծ մասն անցել են Ռուսաստանին։ XIX դ. Գյուլիստանը ներառված էր Ելիզավետպոլի նահանգի Ջվանշիրի գավառի կազմում։ 1918-20-ին Գյուլիստանը Լեռնային Ղարաբաղի այլ շրջանների թվում փաստորեն ինքնուրույն էր և կառավարվում էր տեղի Հայոց Ազգային խորհրդի կողմից։ 1920-ի մարտ-ապրիլին Գյուլիստանն Արցախի այլ շրջանների հետ ենթարկվել է օսմանյան թուրքերի և մուսավաթականների հարձակումներին. ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, զոհվել խաղաղ բնակիչներ։ 1920-ի մայիսի 1-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ բանակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությունից պահանջել է դադարեցնել մարտական գործողությունները և հայկական զորքերը դուրս բերել տարածաշրջանից։ 1920-ի նոյեմբերին Ադրբեջանի ղեկավարությունը երկրամասը, ինչպես նաև Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հայտարարել է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը։ Սակայն, երեք ամիս հետո Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը վերանայել է իր դիրքորոշումը և հասել այն բանին, որ 1921-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Ղարաբաղը միացվել է Խորհրդային Ադրբեջանին՝ ինքնավարության իրավունքով։ 1923-ի հուլիսին կազմավորված ԼՂԻՄ-ի կազմում, սակայն, չեն ներառվել Գյուլիստանը և Հյուսիսային Արցախի շրջանները։ Ադրբեջանի իշխանությունները Գյուլիստանի շրջանում վարել են ժողովրդագրական միատարրությունը խախտելու ակնհայտ քաղաքականություն՝ 1940-ին շրջանին միացրել են 4 ադրբեջանաբնակ գյուղ (Զեյվա, Շեֆեկ, Գյուրզալար և Թոդան)։
Հայրենական մեծ պատերազմի (1941-45) տարիներին ռազմաճակատ է մեկնել 2647 շահումյանցի (այդ թվում՝ 10 կին), զոհվել է 1200-ը, իսկ Գարեգին Բալայանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության պայմաններում անգամ 1950-60-ական թթ. շրջանում նկատվել է ազգային ինքնագիտակցության զարթոնք։ Նման տեղաշարժերն արգելակելու, հայկական շրջանները լուծարելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են արտադրական-տարածքային նոր խոշոր միավորներ։ Խանլարի շրջանը, որը գերակշռող հայ բնակչություն ուներ և հայ ղեկավարություն, միավորվել է ադրբեջանաբնակ Սաֆարալիեի շրջանի հետ։ Իսկ Շահումյանի շրջանը որոշվել է միացնել հարևան ադրբեջանաբնակ Կասում-Իսմայլովի շրջանի հետ։ Այդ որոշման դեմ բազմաթիվ բողոք-հեռագրեր, հանրագրեր, հատուկ պատվիրակություններ են ուղարկվել Մոսկվա և շահումյանցիների դիմադրության շնորհիվ շրջանը պահպանել է իր կարգավիճակը։ Շահումյանի շրջանի բնակչության քաղաքական ակտիվությունն ու ազգային ինքնագիտակցությունն ավելի են զարգացել կապված Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը նշելու, այնուհետև հատկապես ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ միավորելու շարժման նոր վերելքի հետ։ Ադրբեջանի իշխանությունները տարբեր միջոցներով խոչընդոտել են նման զարգացումները։ Հայկական դպրոցների կողքին բացվել են ռուսական միջնակարգ դպրոցներ և առանձին դասարաններ, դպրոցներում հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության փոխարեն ծրագրերում ներառվել է ադրբեջանականը։ Քայքայման է հասցվել շրջանի տնտեսությունը՝ ծանր հարկեր պարտատելով հայկական գյուղերի տնտեսություններին։ 1987-ից սկսած՝ բացահայտ է դարձել հայերին բռնի տեղահանելու՝ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը։ Առաջին փորձը նրանք կատարել են Հյուսիսային Արցախի Չարդախլու գյուղի բնակիչների նկատմամբ։ Այս և սրան հաջորդած այլ իրադարձություններ, հատկապես Սամգայիթի ցեղասպանությունը և Բաքվի ու Կենտրոնի հակահայկական վերաբերմունքը զգաստացրել են շահումյանցիներին։ Պահածոների գործարանում և այլ տեղերում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք տեղի հայ մի լիցիոներների հետ սկսել են հսկել շրջանի սահմանները։ 1988-ի մարտից սկսած՝ շահումյանցիների պատվիրակները (Ա. Սառաջյան, Շ. Մեղրյան, Վ. Բաղյան և ուրիշներ) գաղտնի հանդիպումներ են ունեցել ԼՂԻՄ-ի ղեկավարության, ապա՝ Ա. Վոլսկու հետ։ Կազմակերպվել է ստորագրահավաք՝ շրջանը ինքնավար մարզի հետ միավորելու պահանջով։ Այդ դեպքերից հետո ԽՍՀՄ դատախազության անունից՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների աշխատակիցները ներխուժել են Շահումյանի պահածոների գործարան, ահաբեկել աշխատողներին և բռնագրավել փաստաթղթերը։ Միայն գործարանի բանվորների հարկադրանքով են վերադարձվել դրանք ու ադրբեջանցիները հեռացվել։
1988-ի աշնանը Ադրբեջանի հայաշատ վայրերում ծայր առած ջարդերին ու բռնություններին հաջորդել են բռնագաղթը և զանգվածային փախուստը։ Դատարկվել են Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի և այլ շրջանների հայկական գյուղերը։ Վտանգվել է Գետաշենի ենթաշրջանի գոյությունը։ Շրջանի հայրենասիրական ուժերը ձեռնամուխ են եղել ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Կարգի է բերվել Կարաչինար-Թալիշ տանող ճանապարհը, ստեղծվել ռադիոկապ Շահումյանի, Գետաշենի և Երևանի միջև։ 1989-ի հուլիսի 26-ին շրջանային խորհուրդը ԼՂԻՄ-ի հետ միավորվելու որոշում է ընդունել։ Մինչդեռ Բաքվում հրավիրված մտավորականների հավաքում կոչ է արվել հաշվեհարդար տեսնել հայերի հետ։ Շրջափակել են շրջանի հիմնական ճանապարհները, դադարեցրել բոլոր կարգի մատակարարումները, խափանել կապի բոլոր միջոցները։ 1989-ի սեպտեմբերին շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական նոր ջոկատներ։ Լիակատար շրջափակման պայմաններում անփոխարինելի դեր են ունեցել հայ օդաչուները՝ ապահովելով Երևան-Շահումյան-Գետաշեն ուղղաթիռային կապը. մարդասիրական օգնություն հայթայթելու գործում աջակցություն են ցույց տվել «Ամարաս» և «Բերդ» բարեգործական ընկերությունները, «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունը։ Այս ամենին զուգահեռ, հարցի քաղաքական լուծման համար, պատվիրակություններ են մեկնել Մոսկվա, Ստեփանակերտ և Երևան։ Ազգային-ազատագրական պայքարը գլխավորելու, շրջանի ներքին գործերը կառավարելու համար ձևավորվել է Ազգային խորհուրդը։ 1989-ի դեկտեմբերի սկզբին Ազգային խորհուրդներ են ստեղծվել նաև Հյուսիսային Արցախի բոլոր հայկական բնակավայրերում, որոնք դարձել են ինքնապաշտպանության կարևոր մարմիններ։ Շահումյանի շրջանի Ազգային խորհրդի նախագահ է ընտրվել Վ. Բաղյանը։ Ստեղծվել են ինքնապաշտպանության շտաբ, մարտական կայուն ջոկատներ և աշխարհազոր։ Շրջանն ապահովվել է ռադիոկապով, ձեռք բերվել շարժական էլեկտրակայան, կարևորագույն տեղամասերում սահմանվել շուրջօրյա հերթապահություն և այլն։ Ինքնապաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվել Շ. Մեղրյանը, ռազմական գծով տեղակալ՝ Հ. Խիդիրյանը, տնտեսական գծով տեղակալ՝ Շ. Հովասափյանը, ռազմական շտաբի պետ՝ Ս. Չալյանը, հրետանու պետ՝ Դ. Բաղդասարյանը։ Զենքի ու ռազմական տեխնիկայի նորոգումը հիմնականում ապահովել է Բ. Բաբաջանյանը։ Միայն 1992-ի գարնանը խնքնապաշտպանական ուժերը ձեռք են բերել 6 ՀՄՄ-1 և ՀՄՄ-2 մարտական մեքենաներ, մեկ տանկ, հակառակորդից խլված 2 ծանրաքարշ, 1 «Գրադ» կայանք։ Գյուղերի մարտական կամավորական ջոկատներից բացի, շրջանում գործել են «Արաբո» ջոկատը (ընդհանուր հրամանատար՝ Մ. Եղիազարյան), «Մեծն Տիտան» աշխարհազորային գնդի մի ջոկատ (հրամանատար՝ Ա. Արմենակյան) և բազմաթիվ այլ կամավորական ջոկատներ։
1990-ի հունվարին հակառակորդը զանգվածային հարձակման է անցել Ազատ և Կամո գյուղերի վրա։ Գետաշենի ենթաշրջանն առնվել է կրակե օղակի մեջ և կտրվել Շահումյանից։ 1990-ի հունվար-մարտին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի օժանդակությամբ հակառակորդը տեղահանել է Գետաշենի ենթաշրջանի Ազատ և Կամո գյուղերի բնակիչներին։ 1990-91-ին շրջանում մտցվել է արտակարգ դրություն. պարետատան աջակցությամբ հանրապետական Կազմկոմիտեն փորձել է լուծարել Շահումյանի շրջանի տեղական իշխանության ընտրովի մարմինները և փոխարենը ստեղծել շրջանային Կազմկոմիտե, որը հայ բնակչության և ներքին զորքերի միջև բախումների պատճառ է դարձել։ 1991-ի հունվարի 15-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ նախագահությունը որոշում է ընդունել Շահումյանի շրջանը լուծարելու և Կասում-Իսմայլովի (Գերանբոյի) շրջանին միացնելու մասին։ Որոշումն ապօրինի է ճանաչվել Շահումյանի շրջանի տեղական իշխանությունների կողմից և չի իրագործվել։ 1991-ի ապրիլին իրականացվել է «Օղակ» գործողությունը, և ապրիլ-օգոստոսին տեղահանվել է Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի շրջանների 24 գյուղ։ 1991-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Շահումյանում արտակարգ դրությունը վերացնելու մասին։ Սկսվել է ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանումների դուրսբերումը շրջանից, և այդ նույն օրն էլ ադրբեջանական ՄՀՆՋ-ն հարձակվել է Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի վրա։ Ինքնապաշտպանական ջոկատները հակառակորդին հետ են շպրտել։ Հուլիսին տեղի են ունեցել նոր հարձակումներ, տեղահանվել են Էրքեջ, Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի բնակիչները։ Ինքնապաշտպանական ջոկատները զինված դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։
1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի միացյալ տարածքում։ 1991-ի սեպտեմբերին Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության ուժերը հակահարձակման են անցել և ազատագրել Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերը։ 1992-ի հունվարի 13-ին առաջին անգամ ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ կիրառվել է զանգվածային բնաջնջման զենք. հակառակորդը ՄՄ-21 «Գրադ» հրթիռային համակարգից հրետակոծել է շրջկենտրոնը։ 1992-ի հունվար-հունիսին շրջանի սահմանների երկայնքով շարունակվել են դիրքային կռիվները։ 1992-ի մայիս-հունիսին Ադրբեջանին է հանձնվել ԽՍՀՄ ԶՈՒ Անդրկովկասի զինվորական օկրուգի 4-րդ բանակի զորամասերի ու ստորաբաժանումների տեխնիկան և սպառազինությունը։ Օգտագործելով այդ սպառազինությունը և զինվորական հատուկ ստորաբաժանումների մեծաթիվ վարձկաններին՝ հակառակորդը 1992-ի հունիսի 13-ին անսպասելի հարձակվել է Շահումյանի շրջանի վրա, հունիսի 14-ին զավթել ողջ շրջանը։ Շահումյանի շրջանում անհայտ կորել և զոհվել է 324 խաղաղ բնակիչ, 75 աշխարհազորային և ազատամարտիկ։ Ողջ մնացածների մեծ մասը ապաստանել է ԼՂՀ-ում, ՀՀ-ում, ՌԴ տարբեր մարզերում և այլուր։ 1992-ի հուլիսի վերջից շրջանի ինքնապաշտպանության ուժերի հիմքի վրա ստեղծվել է պարտիզանական ջոկատ (հրամանատար՝ Շ. Մեղրյան), որը (գործել է մինչև 1994-ի մայիսը) զգալի կորուստներ է պատճառել հակառակորդին։ 1994-ի հունիսին ստեղծվել է Շահումյանի շրջանի վարչակազմ. սկսվել է շահումյանցիների վերաբնակեցումը ԼՂՀ-ում։
2001-ին ԼՂՀ կազմում ստեղծվել է Շահումյանի շրջանի՝ վարչական նոր սահմաններով։ 2003-ին գործել է 50 համայնք, 59 բնակավայր, որից 23-ը ժամանակավորապես գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ, 2-ը ժամանակավորապես ներառված են վարչատարածքի մեջ, մնացած բնակավայրերը ռազմական գործողություններից հետո աստիճանաբար բնակեցվում են։
Գրականություն
Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am