Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Շահումյանի պաշտպանական շրջան

 Շահումյանի պաշտպանական շրջան: Պաշտպանության բանակի ստորաբաժանում։ Կազմավորվել է ԼՂՀ Ինքնապաշտպանական կոմիտեի նախագահի հրամանագրով՝ 1993-ի մարտի 11-ին՝ դեռես 1992-ի հունիսի 20-ից հակառակորդի թիկունքում մարտնչող դիվերսիոն հետախուզական խմբերի (ընդհանուր հրամանատար՝ Ա. Գյուլումյան) հիմքի վրա։ Ունեցել է մոտոհրաձգային 2 գումարտակ (հրամանատարներ՝ Վ. Գզիրյան և Դ. Պետրոսյան)։ Հրադադարից հետո կազմավորվել է նաև 3-րդը (հրամանատար՝ Կ. Հարությունյան)։

 1993-1994-ին մասնակցել է Մարտակերտի (Գետինզոմեր, Տոնաշեն,Դաստագիր, Մադաղիս, Լյուլասազ, Լեոնարխ, Չայլուի պոմպակայան, Թալիշ, Հաթերք, Սարսանգի ջրամբար, Ումուդլու, Զագլիկ), Շահումյանի (Գյուլիստան, Վերինշեն, Խարխափուտ) շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Շ. Մեղրյանը, Ս. Չալյանը։

 Շահումյանի պաշտպանական շրջանից ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել է Ս. Չալյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանով՝ Ա. Գյուլումյանը, հետմահու՝ Ս. Նահապետյանը, Շ. Մեղրյանը, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանով՝ Դ. Պետրոսյանը, Կ. Հարությունյանը, Ա. Ղլեչյանը, Ս. Խալափյանը, Յու. Հախունցը, Ա. Հակոբյանը, Շ. Սայիլյանը, Յու. Ախյանը, հետմահու՝ Ֆ. Գզիրյանը, Վ. Գզիրյանը, Հ. Շելունցը, Վ. Բաղդասարյանը, Վ. Ջլավյանը։ Զոհվել է 20 ազատամարտիկ։

Մ. Հարությունյան

Գրականություն

Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Ե., 2003։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am