Սևրի պայմանագիրըՍևրի հաշտության պայմանագիրը: Ստորագրվել է 1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ՝ միջև: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Ա. Ահարոնյանը և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրային հարաբերությունների վերաբերյալ: Միջագգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիրը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները: Պայմանագիրը բաղկացած էր 13 մասից ու 433 հոդվածներից, որոնք վերաբերում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային, գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիային մնում Էին Կ. Պոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում միջազգային կառավարման ներքո: Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից: Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը: Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայիԱզգերի լիգայի երկրորդ ասամբլեան Ժենև, 1921թ միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային: Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական և տնտեսական վերահսկման համար:

 Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես «ազատ ու անկախ պետություն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ (տե՛ս Վիլսոնի իրավարարական պայմանակարգ): Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում: Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխանակում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրում՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին: Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը: Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից. «Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում է իր և Օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար»: «Պատիժներ» մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր նաև հանձնել այդ մարդկանց, ինչպես և նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «...Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»: Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով: Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխի հովտով դեպի Բաթում «Հայկական միջանցքի» գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով: Եվ քանի որ դեռևս հայտնի չէր Տրապիգոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորվում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն:

 Վուդրո ՎիլսոնՄինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը նախագահ Վ. Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, աոևտրային ճանապարհները, ժողովրդագրական ու մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս: Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ նախագահն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին: Նրա որոշման համաձայն, Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը: Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 100 հզ. կմ2: Միավորվելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հզ. կմ2  տարածք դեպի սև ծով:

 Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ: Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը: Դա իր արտահայտությունը գտավ 1923-ի Լոզանի պայմանագրում (տե՛ս Լոզանի կոնֆերանս 1922-23 թթ.): Դաշնակիցները ճանաչեցին Մ. Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների նկատմամբ, որոնք անցել էին Հայաստանին Սևրի  հաշտության պայմանագրով: Ավելին, նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրքիայի լիակատար հաղթանակն էր: Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ՝ որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի: Սևրի հաշտության պայմանագիրը այսօր էլ մնում է որպես մի հուշագիր Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին:

Ռ. Հովհաննիսյան (ԱՄՆ)


Գրականություն

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.:

«Հայաստանը միջազային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», պրոֆ. Ջ. Ս. Կիրակոսյանի խմբ., Երևան, 1972, էջ 672-682: 

Treaty of Peace with Turkey Signed at Sevres, August 10.1920, Treaty Series N 11(1920), L, 1920.

Great Britain, British and Foreign State Papers, 1920, v. 113, L, 1923. 

Hebmreich PC., From Paris to Sevres, Columbus - Ohio, 1974. 

Mandelstam A., La Socie'te՝ des Nations et les Puissances devant le Ргоble'me Armenien, 2 e'me ed., Beyrut. 1970.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am