Սասունի 1894 թվականի ապստամբությունը։ Շուրջ 35 հազար հայ բնակչություն ունեցող և մեկ տասնյակ գյուղախմբեր ընդգրկող Սասունի գավառը, որն ուներ ազատագրական պայքարի հարուստ ավանդույթներ, դեռևս 1880-ական թվականներից պայքարի մեջ էր քրդական հրոսակների, կառավարական զորքերի և ոստիկանության կամայականությունների դեմ։ Ազատ կյանքին և զենք կրելուն սովոր լեռնական սասունցին, բնականաբար, իր վրա պետք է բևեռեր ազատագրական շարժումը գլխավորող կուսակցությունների ուշադրությունը։ Ազատատենչ Սասունը պարարտ հող էր ազատագրական գաղափարների քարոզման համար։ Հնչակյան գործիչներն առաջինն էին, որ գործնական աշխատանք տարան Սասունը կազմակերպելու ուղղությամբ։ 1891 թ. Միհրան Տամատյանը հաստատվեց Սասունում և լեռնականների մեջ քարոզեց Հայաստանի ազատագրության գաղափարը։ Թեև 1893 թ. մայիսին թուրքերին հաջողվեց իրենց ձեռքը գցել Տամատյանին, բայց նրան փոխարինելու եկած գործիչները, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չավուշը (Գևորգ Ադամյան), Շենիկի տանուտեր Գրգոն (Գրիգոր Մոսեյան) և ուրիշներ, իրենց վրա վերցրին Սասնո ազատամարտի հետագա կազմակերպումն ու ղեկավարումը։
Թուրքական իշխանությունները Սասունում սկսված խմորումներից անհանգստացած՝ 1891-1892 թթ. նրա դեմ հանեցին քրդական ցեղերին, Համիդիե հեծելազորային ջոկատներ ու ոստիկանական կանոնավոր ուժեր։ Հետ մղելով բոլոր հարձակումները՝ սասունցիները գործնականում հայտնվեցին օսմանյան պետության դեմ կիսապատերազմական վիճակում։ 1893 թ. ամռանը Բիթլիսի կուսակալ Թահսին փաշան սասունցիներին ներկայացրեց իր պայմանները. 1.հանձնել հեղափոխականներին, ղրսից եկած գործիչներին ու նրանց համակիրներին, 2. հանձնել զենքերը, 3. վճարել այդ տարվա և նախկինում չվճարած բոլոր տուրքերը, 4. ստորագրել հանրագրություն, համաձայն որի իրենք շատ գոհ են օսմանյան կառավարությունից և ըմբոստացել են Միհրան Տամատյանի թելադրանքով։
Առաջարկված պայմանները երկընտրանքի առջև կանգնեցրին սասունցիներին։ Դրանց ընդունումը հավասարազոր էր անձնատվության, մերժումը կընկալվեր որպես ապստամբություն։ Սասունն ընտրեց երկրորդ ուղին: Ժխտելով Սասունում հեղափոխականների ու դրսից եկած գործիչների առկայությունը, հրաժարվելով հանձնել զենքերը և վճարել տուրքերը՝ սասունցիները դրանով գործնականում ապստամբության դրոշ պարզեցին թուրքական բռնապետության դեմ։ Սասունը դարձավ Հայկական Հարցի լուծման համար մղվող պայքարի կարևոր ճակատ։ Սասունցին հույս ուներ ստանալ եթե ոչ քրիստոնյա ազգերի, ապա գոնե դրսի հայության, մասնավորապես կովկասահայության օժանդակությունը՝ դրամով, զենքով ու կռվող ուժերով։ 1893 թ. վերջերին Սասունի համար զենք ձեռք բերելու նպատակով Թիֆլիս ժամանեց Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), իսկ հաջորդ տարվա սկզբներին նույն նպատակով Կարս անցավ Հրայրը։ Բայց Սասունը չստացավ ակնկալված օգնությունը։
Շուտով Սասունը օղակի մեջ առնվեց. հայտարարվեց պատերազմական վիճակ։ 1894 թ. հունիսին կառավարությունը դիմեց վճռական միջոցների։ Սուլթանի հանձնարարությամբ Սասուն արշավող զորքերի ղեկավարությունը ստանձնեց Անատոլիական 4-րդ բանակի հրամանատար, ջարդարար Զեքի փաշան; Բացի նրա գլխավորած 12 հազարանոց զորամիավորումից, Սասունի վրա շարժվեցին նաև այլ զորամասեր՝ Դիարբեքիրից, Կաբինից, Երզնկայից, Մուշից, Վանից, անգամ Բաղդադից ու Հալեպից։ Դեպի Սասուն շարժվեցին նաև ոստիկանական ուժեր, համիդիեական զորախմբեր և տասնյակ հազարավոր անկանոն քուրդ բաշիբոզուկներ։ Այսպիսով, Սասունի դեմ դուրս բերվեց ժամանակի ռազմական տեխնիկայով զինված մի հսկա բանակ, որն իր թվաքանակով գերազանցում էր Սասունի հայությանը: Դա վկայում է այն մասին, թե սուլթանի համար որքան վտանգավոր էր ըմբոստ Սասունը: Օգոսաոսի սկզբներին թուրքական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Մուրադի և մյուս հրամանատարների գլխավորությամբ կայծքարե հրացաններով, դաշույններով, կացիններով զինված սասունցիները շուրջ մեկ շաբաթ շարունակ աներևակայելի խիզախությամբ ու անձնազոհությամբ կռվում էին թշնամու դեմ՝ մնալով իրենց դիրքերում։ Ի վերջո, սակայն, նրանք ստիպված էին մարտերով նահանջել անմատչելի լեռները։ Անհավասար գոտեմարտը շարունակվեց ևս 15 օր։ Ռազմամթերքը և պարենը համարյա սպառած սասունցիների ուժերը ջլատելու նպատակով թուրքական հրամանատարությունը դիմեց նենգության՝ ներման խոստումով նրանց անձնատուր լինելու առաջարկ արեց։ Սասունցիները մերժեցին առաջարկը։ Բայց նրանցից մոտ 200 դյուրահավատներ օգոստոսի 15-ին լքեցին դիրքերը և շարժվեցին դեպի թուրքական բանակատեղի։ Այստեղ նրանց շրջապատեցին ու սրի քաշեցին։ Հակառակորդն անցավ նոր հարձակման։ Անդոկի, Կեպինի և Տալվորիկի բարձունքներում Սասնո ապստամբները վերջին մարտերը տվեցին թշնամուն։ Շատերը զոհվեցին հերոսի մահով։ Նրանց կողքին ընկան նաև բացառիկ տոկունություն և անձնազոհություն ցուցաբերած սասունցի կանայք։ Խուսափելով թշնամու ձեռքն ընկնելուց՝ նրանցից շատերը գերադասեցին անդունդը նետվել։ Օգնություն չստանալով որևէ տեղից և մնալով միայնակ՝ օգոստոսի 24-ին Սասունն ընկավ։ Մուրադը, Գևորգ Ձավուշը և քարանձավներում ապաստանած մի խումբ մարտիկներ գերվեցին ու շղթայակապ տարվեցին Մուշ։ Սկսվեց խաղաղ բնակչության ջարդը: Ավերվեց ու հրի մատնվեց շուրջ 40 գյուղ, զոհվեց ավելի քան յոթ հազար հայ։ Սասունում սկսված ապստամբությունը Հայաստանում համընդհանուր ապստամբության վերաճելու հույսերը ի դերև ելան։
Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 401-403
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am