Սարդուրի 2-րդ: Չորս ծովերի տերությունը: Վանի թագավորության հզորությունը շարունակվում է Սարդուրի II-ի օրոք (Ք.ա. 764-735 թթ.): Նրա գործերի տարեգրությունը ևս հասել է մեզ, որն այսօրվա գիտության մեջ կոչվում է <<Սարդուրյան տարեգրություն>> : Այն պարունակում է արքայի կառավարման շուրջ տասներկու տարիների նկարագրությունը:
Գահակալության առաջին տարիներին Սարդուրին շարունակել է երկրում սկիզբ առած լայնածավալ քաղաքաշինությունը:
Նա առաջին խոշոր արշավանքն ուղղում է Մելիտեա պետության դեմ, որի արքան ստիպված էր ներկայանալ Սարդուրիին և պարտավորվել վճարել հարկեր:
Սարդուրիի իշխանության առաջին շրջանում Ասորեստանը արտաքին, հատկապես Արգիշտի I-ից ստացած հարվածների, ինչպես նաև ներքին ապստամբությունների հետևանքով ի վիճակի չէր տարածաշրջանային լուրջ դերակատարում ունենալու: Վիճակը փորձում է փոխել Աշուր-Նիրարի V թագավորը, որը գահ բարձրանալուն պես փորձում է պառակտումներ մտցնել Վանի տերության, նրա գերիշխանության տակ գտնվող և դաշնակից երկրների միջև:
Սարդուրին, որն այդ ընթացքում արշավել էր Սևանա լճի ավազան` Վելիքուխի երկրի դեմ, պատասխան քայլեր է ձեռնարկում: Զորաբանակներից մեկն արշավում է Արմե, որի մայրաքաղաքի մոտ ջախջախում է ասորեստանցիներին, ապա նաև ճնշում Ուրմե երկրում բարձրացած ելույթը:
Այնուհետև Սարդուրի II-ը նախ ճնշում է Մանա երկրի ապստամբությունը, ապա հաղթարշավը շարունակում դեպի հարավ: Սարդուրին կրկնեց հոր` Արգիշտի I-ի բացառիկ արշավանքը Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոնի երկիր: Հայաստանյան բանակը մտնում է Բաբելոն` նվաճելով և ավերելով երեք ամրոց և մոտ երկու տասնյակ քաղաք, տանելով գրեթե քառասուն հազար ռազմագերի և հարուստ ավար: Բաբելոնիայի վերանվաճումով հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասնում է Պարսից ծոց:
Ք.ա. մոտ 740-ական թթ. տեղի են ունենում Սարդուրի II-ի երկու արշավանքները դեպի հյուսիս` Իգանի երկրի դեմ (Հյուսիսային ծովակի ավազանում), և ապա Կուլխա` Ճորոխի ստորին հոսանքի շրջանում.դա կոլխերի երկիրն էր` հունական աղբյուրների Կոլխիդան, որը ձգվում էր մինչև Սև ծովի ափերը:
Հաջորդ տարի Սարդուրին հասնում է նոր հաջողության. նա, առաջինը Վանի թագավորներից, դուրս է գալիս Միջերկրական ծովի արևելյան ավազան: Այդ հանգամանքն ավելի էր մոտեցնում Ասորեստանի լիակատար ոչնչացման ծրագրին, որը մշակվել էր դեռևս Արգիշտի I-ի օրոք: Զագրոսյան լեռներով դեպի հարավ` մինչև Բաբելոն արշավանքները երեք կողմից շրջափակում էին Ասորեստանը, իսկ Ասորիքի տարածքով և Եփրատի ավազանով Բաբելոն հասնելով` կիրականանար Ասորեստանի լիակատար շրջափակումը:
Սարդուրի II-ի կառավարման շրջանում նկատվում է շատ կարևոր անցում տերության կառավարման ոլորտում. նա սկսում է վերացնել կախյալ (գուցե <<դաշնակից>> համարվող) թագավորությունները` դրանք վերածելով պետության վարչական միավորների, դրանով իսկ համադաշնային կառավարման համակարգից անցում կատարելով կենտրոնացված պետության:
Նրա օրոք համահայկական թագավորության հյուսիսարևելյան սահմանն անցնում էր Կուր գետով: Դեռևս Արգիշտի I-ի օրոք այդ սահմանն ընդգրկում էր Աղստևի հովիտը, իսկ Սարդուրի II-ի մեկ այլ արձանագրություն` թողնված Սևանա լճի հարավում գտնվող Ծովակ գյուղում, վկայում է, որ նրա տերության մեջ է մտել նաև Արցախը` Ուրտեխի երկիրը, հասել Կուր գետ և Կասպից ծով:
Նրա տերությունը հյուսիսում հասնում էր Սև ծով, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով Պարսից ծոց և Միջերկրական ծով:
Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը Առաջավոր Ասիայի հզորագույն ուժն էր, միանձնյա առաջատարը, ինչը տևեց ավելի քան կես հարյուրամյակ:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՔարտեզներՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ (2012 Թ.)
Դիտումներ - 4095
ՓաստաթղթերՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 1918-1920 թթ.(ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ) Փաստաթղթերի և նյութերի ժողովածու
Դիտումներ - 2470
ՀոդվածներԱրցախյան շարժման և ԼՂՀ պատմության կեղծարարությունն ու նենգափոխումը ադրբեջանական դասագրքերում
Դիտումներ - 811
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am