Ռուսա 2-րդ: Վանի թագավորության վերջին ականավոր տիրակալը դարձավ Ռուսա II-ը (Ք.ա. մոտ 685-645 թթ.)` Արգիշտի II-ի որդին: Նա շարունակեց Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման մոդելին: Զարկ տրվեց քաղաքաշինությանը. հիմնվեցին ընդարձակ բնակելի թաղամասեր ունեցող բազմաթիվ նոր քաղաքներ: Անցկացվեցին նոր ջրանցքներ, հիմնվեցին այգիներ, զարգացան արհեստներն ու առևտուրը, ծաղկում ապրեց ամբողջ տնտեսությունը: Ռուսա II-ի արտաքին քաղաքականության մասին տեղեկանում ենք, որ իշխանության առաջին տարիներին նա արշավանքներ է կազմակերպում Եփրատից արևմուտք տարածվող մի շարք երկրների դեմ: Ք.ա. 660-ական թթ. սկզբին կրկին սրվում են հարաբերությունները Ուրարտուի և Ասորեստանի միջև: Այդ ժամանակաշրջանի ասորեստանյան մի քանի աղբյուրներ վկայում են Վանի տերությունից սպասվող սպառնալիքի մասին: Վանի տիրակալը հիշատակվում է կիմերների հետ Ասորեստանի հանդեպ թշնամական գործողություններ ծրագրելիս: Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում հաստատված կիմերները դեռևս Ք.ա. 715-714 թթ. թշնամական արշավանքներ էին ձեռնարկել Վանի տերության դեմ` դրանով նաև նպաստելով վերջինիս թշնամի Ասորեստանի հաջողությանը: Հատկանշական է, որ Ռուսա II-ը կիմերների դեմ ռազմական պայքար չի սկսում, այլ դիմում է դիվանագիտական հնարքի: Նրան հաջողվում է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն: Կիմերները հաստատվեցին Կապադովկիայի տարածքում, որը միջնադարյան հայկական աղբյուրներում նրանց անվամբ կոչվում է Գամիրք: Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսան կարողանում է կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ: Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողանում է կանխել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի դեմ, այլև կեսդարյա թշնամուն դարձնում է իրեն դաշնակից և ուղղում իր հին թշնամու` Ասորեստանի դեմ:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am