Քերոլայն Քոքս: Ծնվել է 1937թ. հուլիսի 6-ին, Լոնդոնում (Մեծ Բրիտանիա): Բա- րոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, իրավապաշտպան։ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր, Երեանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1994), Թագավորական դաշնության բուժքույրերի միության նախագահ, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ղեկավար մարմնի անդամ և Մեծ Բրիտանիայում նույնանուն կազմակերպության նախագահ։ Լինելով ակադեմիկոս Ա. Սախարովի զինակիցը՝ մշտապես հետևել է նրա մարդասիրական սկզբունքներին և հայտարարել. «Ես այնտեղ եմ, որտեղ ցավ կա»։ Քոքսն այցելել է բոլոր այն երկրները, որտեղ զանգվածաբար ոտնահարվել են մարդկանց և ժողովուրդների իրավունքները։ Հաճախակի եղել է նաև ԽՍՀՄ-ում, մասնակցել մարդու իրավունքների և որբ երեխաների խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովներին։ 1991-ի մայիսի 21-ին, Մոսկվայում Ա. Սախարովի 70-ամյակին նվիրված միջազգային կոնգրեսում որպես տարբեր երկրների իրավապաշտպանների խմբի ղեկավար, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Նորվեգիայի, Իտալիայի և այլ երկրների գիտնական, գրող, հասարակական գործիչներից կազմավորվել է (13 հոգուց բաղկացած) խումբ ե ուղևորվել Հայաստան։Գ-Գորիսի շրջանի Տեղ գյուղում խումբը հանդիպել է հայ փախստականների, արձանագրել նրանց նկատմամբ ադրբեջանցիների կողմից գործադրված բռնությունների փաստեր և ներկայացրել ԽՍՀՄ ԳԽ ու ՊՆ ղեկավարությանը։ Քոքսը ռազմական ուղղաթիռով շրջել և նկարահանել է ԼՂ հրդեհվող ու ավերված գյուղերը և դրանք ցուցադրել Եվրոպայի, Ամերիկայի հեռուստաալիքներով։ Քոքսն հանդիպել է ՀՀ ղեկավարների, սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ։ Քանիցս Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի տարբեր կողմերը։ 1992-ին Ստեփանակերտը ռմբահարած «Գրադ» կայանքի հրթիռների բեկորները ցույց է տվել Մոսկվայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններին, եվրոպական երկրների խորհրդարանների ղեկավարներին, ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդականին։ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Քոքսը նյութական ու բարոյական մեծ ու անգնահատելի օգնություն է ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։ Զինադադարից հետո Քոքսի ակտիվ աջակցությամբ և գերմանացի մասնագետների համագործակցությամբ՝ Ստեփանակերտում ստեղծվել է պրոթեզավորման մասնագիտացված կլինիկա, իսկ իր միջոցներով Ստեփանակերտում ողնաշարի վնասվածքներով հիվանդների համար հիմնադրել վերականգնողական կլինիկա։
Ղարաբաղյան պատերազմի բոլոր տարիներին և զինադադարից հետո Քոքսը ավելի քան 50 անգամ այցելել է ԼՂՀ, համագործակցել է Զ. Բալայանի հետ։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Քոքսի ծառայությունները հայ ժողովրդի հանդեպ գնահատել է՝ ասելով. «Դուք մի հրեշտակ եք իջած մեր ազգի համար»։
Քոքսի գիտական աշխատանքները վերաբերում են մարդու իրավունքների խախտումների հիմնահարցերին։ Ունի Ղարաբաղին վերաբերող երկու մենագրություն։
Պարգևատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով։
Գրականության ցանկ
Этническая чистка, Цюрих, 1993: (соавтор), Sudan, Karabagh:London, 1998:
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.a
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am