Բերձորի համայնապատկերըՔաշաթաղի շրջան: Վարչատարածքային միավոր ԼՂՀ-ում: Կազմվել է 1993-ին՝ ազատագրված Լաչինի շրջանի և նրանից հարավ ընկած տարածքներում: Գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավարևմտյան մասում, ընդգրկում է Հակարի գետի ավազանի մեծ մասը: Ամենաբարձր կետը Ծռասար (Դալիդաղ) լեռնագագաթն է (3616 մ): Բնակչությունը՝ 12,5 հզ. (2003): Ունի 71 համայնք (68 գյուղական, 3 քաղաքային)՝ վերաբնակեցված 110 բնակավայրով: Վարչական կենտրոնը՝ Բերձոր: Հյուսիսում սահմանն անցնում է Սյունիքի (կամ Ղարաբաղյան) բարձրավանդակի մաս կազմող Բևեռաթափի լեռնաշղթայով (որից հյուսիս գտնվում է ԼՂՀ Շահումյանի շրջանը), հյուսիս-արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթներով, արևելքում՝ Ղարաբաղյան լեռնաշղթայի գագաթներով կամ նրա արևմտյան լեռնաբազուկների լանջերով: Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ ԼՂՀ Ասկերանի, Շուշիի և Հադրութի շրջաններին: Տարածքը՝ 2500 կմ2:

 Շրջանն ունի ջրային մեծ պաշարներ: Տարածքով հոսում են Հակարի (Աղավնո, Հոչանց, Շալուա վտակներով), Որոտան և Ողջի գետերը, որոնց ջրերը օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով: Հանքային պաշարները գրեթե ուսումնասիրված չեն, արդյունահանվում են 2 քարհանք և ավազահանքեր: Անտառները տարածված են Հակարի գետի ձախակողմյան վտակների ավազանում, Ողջի, Ծավ և Բարդութաղ գետերի հովիտներում: Քաշաթաղի շրջանի ցածրադիր վայրերին բնորոշ է չոր մերձարևադարձային, բարձրադիր վայրերին՝ սառը կլիմա: Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 12° C է, բարձրադիրում՝ -4° C: Տեղումների միջին տարեկան քանակը՝ 500 մմ, լեռների գագաթամերձ գոտում՝ 850 մմ: Տարածքի պատմաճարտարապետական հուշարձաններից հնագույներն են Կայծքարասարի, Շրվականի, Միրիկի, Արտաշավիի, Հայթաղի բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարանաբլուրները: Բերձորից 20 կմ հարավ, Հակարի գետի ձորալանջի քարանձավի պատին, հայտնաբերվել է բիաինական շրջանի սեպագիր արձանագրության վերջին հատվածը (Արցախի տարածքում՝ առայժմ միակը): Քրիստոնեական հուշարձաններից ամենանշանավորը Ծիծեռնավանքի Ս. Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին է (IV-VI դդ.): Տարբեր աստիճանի պահպանվածությամբ մեզ են հասել նաև Վարազագոմի գմբեթավոր երկխորան եկեղեցին (VII դ.), Սթունիսի (IX դ.), Կատոսավանքի (X դ.), Արախիշի (XIII դ.), Աղբաթխերտի Ս. Աստվածածին (XVI դ.), Վակունիսի (XVI դ.), Միրիկի Ս. Աստվածածին (XVII դ.), Հակի Ս. Մինաս (XVII դ.), Շալուայի Ս. Պողոս-Պետրոս (XVII դ.), Հարարի Ս. Հռիփսիմե (XVII դ.), Հոչանցի Ս. Ստեփանոս (XVII դ.) և այլ բազիլիկ եկեղեցիները, ինչպես նաև Հոչանցի (Հոչանցի անապատ), Տանձուտի և Ծաղկաբերդի (Քրոնքի վանք) քարանձավային եկեղեցիները: Մելիքաշեն գյուղում պահպանվել են XVI դ. մելիքական ապարանքի ավերակները: Մկնատամի խաչ, Հովատուս, Աrտաշավի, Փարաջանց վանքերը հայտնի են որպես հայ գրչության կենտրոններ:

 Հիմնականում գյուղատնտեսական շրջան է. տնտեսության ճյուղերն են այգեպտղաբուծությունը, անասնապահությունը և երկրագործությունը: Բերձորում գործում են մի շարք արտադրական ձեռնարկություններ, փայտամշակման և մետաղամշակման արտադրամասեր և այլն: 2002-2003 ուսումնական տարում գործել են 51 հանրակրթական (43 միջնակարգ, 6 ութամյա, 2 տարրական) դպրոցներ, 2003-ին՝ 1 շրջանային կենտրոնական, 1 տեղամասային հիվանդանոցներ, 3 բուժկետ:

 Քաշաթաղի շրջանի տարածքը պատմական անցյալում եղել է Մեծ Հայքի ԱրցախՔաշաթաղի շրջան, ԼՂՀ (Հարավ) և Սյունիք նահանգների կազմի մեջ (երկու աշխարհների սահմանն անցնում էր Հակարի գետով, Հոչանց վտակով և Գորանիխ օժանդակով): Ըստ «Աշխարհացոյցի» («Աշխարհացույց»)՝ վաղ միջնադարում Հակարի գետի ձախ ափին տեղակայված են եղել Արցախ նահանգի Վայկունիք, Բերձոր գավառները և Սիսականի-Կոտակ գավառը: Ուշ միջնադարում Արցախյան հատվածում արձանագրված են Մաղավուզ, Բերդաձոր (Զառիստ) և Հակարի գավառակները, վաղ միջնադարում՝ Հակարի գետի աջ ափին տեղակայված են եղել Սյունիք կամ Սիսական նահանգի Աղահեճք, Հաբանդ և Բաղք գավառները, իսկ Ողջիի հովտում՝ Կովսական գավառը: Զարգացած միջնադարում Աղահեճք գավառի տարածքը կոչվել է Քաշաթաղ, ուշ միջնադարում՝ Քըշթաղ (գյուղերից մեկի և նրա իշխանական ամրոցի անունով, այստեղից էլ՝ նորաստեղծ շրջանի անվանումը): Զարգացած միջնադարում Սյունիքի Հաբանդ գավառը կոչվել է Զագեձոր (ուշ միջնադարում՝ Զանգեզուր), Բաղքի արևելյան հատվածը՝ Քաշունիք (ուշ միջնադարում՝ Բարգուշատ), Կովսականը՝ Գրհամ (ուշ միջնադարում՝ Չավնդուր): Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո Հակարի գետի աջափնյա տարածքները Սասանյան Իրանի Հայք մարզպանության մասն են կազմել, իսկ ձախափնյակն ամբողջությամբ, Արցախի հետ միասին, մտել է Աղվանք (Առան) մարզպանության մեջ: Արաբական լծի թոթափումից հետո, IX դ. վերջին, տարածքը մտել է Բագրատունիների թագավորության մեջ: Հետագայում աջափնյակն ընդգրկվել է Սյունիքի իշխանության (ապա թագավորության՝ մինչև 1170-ը), իսկ ձախափնյակը՝ Դիզակի իշխանության մեջ: Ուշ միջնադարում՝ Սեֆյան Իրանի կազմում՝ Քաշաթաղի մելիքներ են եղել Մելիք-Հայկազյան իշխանական տան ներկայացուցիչները: XVIII դ. վերջին քրդական և թաթարական ցեղերը զանգվածաբար մուտք են գործել Հակարի գետի հովիտ, և արդյունքում հայ բնակչությունն ստիպված է եղել հեռանալ բարձրադիր շրջաններ, մասամբ ենթարկվել է ազգային-կրոնական ուծացման: XIX դ. սկզբին, երբ Արևելյան Անդրկովկասը միացել է Ռուսաստանին, հայերը ապրել են միայն Մինքէնդ (Հակ), Զեյվա, Ալղուլի (Ղազարապատ) և Հարար գյուղերում: XX դ. սկզբին, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ, այդ գյուղերի հայությունը, ծանր կորուստներ կրելով, բռնագաղթել է: Մինքենդի և Զեյվայի հայերը հանգրվանել են Բայանդուր, Խոզնավար և Խնածախ գյուղերում, ալղուլեցիները՝ Վարարակնում (Ստեփանակերտ), հարարցիները՝ Շուշիի շրջանի գյուղերում:

 Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդյունքում շրջանն ամբողջությամբ ազատագրվել է և 1994-ից վերաբնակեցվում է: Շուշիի ազատագբումից 10 օր անց, 1992-ի մայիսի 18-ին ԼՂ ԻՊՈՒ ազատագրել են ՀՀ-ն ԼՂՀ-ին կապող միջանցքը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացում): 1992-1993-ին հակառակորդը լայնածավալ գրոհներ է ձեռնարկել միջանցքի ուղղությամբ. Հոչանցի և Թղիկի ռազմաճակատներում (հյուսիսում) և «Կոբրայի» դիրքերում (հարավում, կենտրոնը՝ Մեղվաձոր-Մղիդարա) ԻՊՈՒ-ի կամավորական ջոկատները կատաղի մարտեր են մղել ու պահպանել «Մարդասիրական միջանցքը»: Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստ: Հայկական կողմից զոհվել է շուրջ 400 ազատամարտիկ: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին ԻՊՈՒ ազատագրել են Քաշաթաղի հյուսիսային տարածքը և ամբողջ Քելբաջարի շրջանը, հոկտեմբերին՝ Քաշաթաղի հարավային հատվածը:

Քաշաթաղի շրջանի բնակչությունը մայիսի 18-ը նշում է որպես շրջանի ազատագրման ՕՐ:

Ա. Հակոբյան

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am